ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Հայաստանի զարգացման միակ ճանապարհն անցնում է ժողովրդավարության միջով»



Հարցազրույց իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանի հետ

- Հայաստանում իրական բազմակուսակցական համակարգ ձեւավորվե՞լ է: Ո՞րն է գործող քաղաքական կուսակցությունների հիմնական տարբերությունը, նրանց ազդեցության աստիճանը: Պայմաններ ստեղծվե՞լ են նրանց գործունեության համար:

- Եթե ընդունենք հարցի ձեւական կողմը՝ կա՞, արդյոք, Հայաստանում բազմակուսակցական համակարգ, ապա պիտի ասենք, որ մեզ մոտ բազմակուսակցական համակարգն իր բումն է ապրում: Մի հումոր եմ ուզում հիշել. հայերին հարցնում են` որքա՞ն է ձեր բնակչությունը, ասում են՝ չինացիների հետ մի միլիարդից ավել ենք, չինացիներին հարցնում են` քանի՞ կուսակցություն ունեք, ասում են` հայերի հետ 100-ից ավելի:

Հայաստանում այսօր կուսակցությունների թիվը 100-ից ավելի չէ, գրանցվածներն ընդամենը 74-ն են, բայց երբեմն կատակով կարող ենք նկատել, որ այդ կուսակցությունների մասին դրանց նախագահների ընտանիքների անդամներն էլ չգիտեն: Եթե բազմակուսակցությունն ընդունում ենք այդպիսին՝ թղթի վրա եղած կուսակցությունների գոյություն, ապա դրանք բավականին քիչ են: Քանի որ մեր խորհրդարանում, որպես կանոն, ներկայացվում են 6-7 կուսակցություն, մնացածի գոյության խնդիրը կարծես թե կ ասկածի տակ է դրվում:

Իրական բազմակուսակցական համակարգի ձեւավորմանը խոչընդոտող հիմնական գործոններից մեկը ընտրություններն են, որովհետեւ կուսակցությունները ձեւավորվում, կայանում են ընտրությունների միջոցով: Եթե կուսակցությունը, որը, ըստ էության, հասարակության որոշակի շրջանի քաղաքական ուժերը համախմբող, քաղաքական համակարգը ներկայացնող միավորում է, պահանջարկ չունի, ապա շատ արագ պետք է քաղաքական թատերաբեմից դուրս գա:

Ուշագրավ է, որ քաղաքական թատերաբեմում եղած կուսակցությունները բավականին քիչ են միմյանցից տարբերվում: Ծայրահեղ դրսեւորումներ, կարծես թե, չկան, եւ ասպարեզում երեւում են ավելի հավասարակշռված կուսակցությունները: Բայց մենք ունենք մարքսիստական, ազգայնական, մինչեւ իսկ աջ լիբերալ կուսակցություններ, որոնց մասին շատ քչերը գիտեն:

Հայաստանում ընտրապայքարը դեռեւս չի ընթանում գաղափարների, ծրագրերի շուրջ եւ, ցավոք, կուսակցությունների մեծամասնությունն առավելապես անձի շուրջ ձեւավորված քաղաքական ուժեր են, կարող եք անգամ թատերաբեմում եղած կուսակցությունների առաջին կամ երկրորդ դեմքերին հանել եւ հարց է՝ այդ կուսակցությունը կմնա՞, թե՞ ոչ: Սա, անշուշտ, ցավալի է, որովհետեւ միայն ընտրությունների միջոցով կարող են ձեւավորվել կայուն քաղաքական ուժեր, որոնք հետագայում կարող են դերակատարություն ունենալ:

Կրկնում եմ, կուսակցությունների լավագույն սելեկցիան ընտրություններն են, եւ ընտրությունների միջոցով է միայն, որ հնարավոր է այդ բնական ընտրությունը կատարել եւ հասնել ինչ-որ նպատակի: Հայաստանում նորաստեղծ կուսակցությունները շատ արագ կարող են առաջիկա ընտրություններին մասնակցել եւ ձայներ ստանալ, եւ դա կարծես թե նորույթ չէ:

1995թ. դա «Շամիրամն» էր, 1999թ. «Օրինաց երկիրն» էր, 2003թ. «Միավորված աշխատանքային կուսակցությունն» էր, հիմա էլ` «Բարգավաճ Հայաստանը»: Ես որեւէ վատ բան չունեմ նրանց մասին ասելու, բայց սա նշանակում է, որ կուսակցական համակարգը կայացած չէ: Աշխարհում չի կարող նման բան լինել, որ կայացած կուսակցական, քաղաքական համակարգ ունեցող պետության ներսում մի քանի ամիս կամ մեկ տարի առաջ ստեղծված քաղաքական ուժը միանգամից քաղաքական խաղաքարտի մեծ հավակնություն ունենա, բայց մեզ մոտ դա դեռեւս կա, եւ խնդրի լուծումը պետք է փնտրել հենց այդտեղ:

Ընտրություններից առաջ երկու դաշտում էլ պետք է ընթանա որոշակի համախմբում: Այսինքն` կան միեւնույն մտածելակերպի, միեւնույն քաղաքական հայացքների, քաղաքական այս կամ այն ուղղվածությանը դավանող քաղաքական ուժեր եւ կուսակցություններ, որոնց չմիավորվելը որեւէ բանով չի հիմնավորվում: Միայն ուժեղ, կայացած քաղաքական կուսակցությունների ներկայությունը կարող է պետության ներսում երաշխավորել տեղական, կայուն, կանխատեսելի զարգացում: Ողջ աշխարհում կայուն քաղաքական համակարգ ունեն այն երկրները, որտեղ կան խոշոր կուսակցություններ, իսկ այդ կուսակցությունները ձեւավորվում կամ խոշորանում են ընտրությունների միջոցով:

Կուսակցության գործունեության առաջին պայմանը քաղաքական իրավունքների առկայությունն է՝ խոսքի, հանրահավաքների, քաղաքական միավորումների ազատություն: Սրանք Հայաստանում կա՞ն, թե՞ չկան: Մեծ վերապահումով եմ մոտենում, գնահատական տալը բավական դժվար է, մանավանդ խոսքի ազատության առումով: Նույնիսկ եթե կան կուսակցություններ, որոնք կարող են տեղ գտնել հասարակության մեջ, գնահատվել, ապա կա մյուս խնդիրը՝ արդյոք ազատ, հրապարակային բանավեճերն ու քննարկումներն առկա՞ են ասելիքը տեղ հասցնելու համար: Հայաստանում քաղաքական կյանքը, եւ ընդհանրապես ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում:

Քաղաքական քննարկումներն այս կամ այն մամուլի ակումբից այն կողմ չեն անցնում: Հետեւաբար, այնքան էլ հիմնազուրկ չեն քաղաքական որոշ կուսակցությունների պնդումները, թե զրկված են իրենց ասելիքը տեղ հասցնելու հնարավորությունից: Բայց սա հարցի ընդամենը մի կողմն է, կուսակցությունների գործունեության համար պետք է ապահովված լինեն ազատ, արդար ընտրություններ անցկացնելու բավարար պայմաններ: Մեզանում դա, կարծես թե, չկա կամ կայացման փուլում է:

Հաջորդը տեղական ինքնակառավարման մարմինների համակարգն է: Մեզ մոտ քաղաքական կուսակցություններն իրենց պատվից վեր են համարում այդ ընտրություններին մասնակցելը, իսկ երկրորդ աստիճանը այդ մարմիններից հետո արդեն խորհրդարանական ընտրություններն են եւ հանրապետության նախագահինը: Այսինքն` որոշակի միջին օղակ, որտեղ կարող են քաղաքական կուսակցությունները մասնակցել, իրենց աշխատանքով դրսեւորվել, ստանալ հասարակության վստահությունը, հավակնել ավելի բարձր պաշտոնների, կարծես մեզանում բացակայում է: Խնդիրը նաեւ այն է, որ մեզ մոտ տեղական ընտրությունները միաժամանակ չեն կատարվում:

Եվրոպական երկրներում տեղական ընտրությունների նշանակությունը համապետականից պակաս չէ, եւ ամբողջ քաղաքական համակարգը ուշադիր հետեւում է, թե տեղական ընտրությունների ժամանակ որ կուսակցությունը հաղթանակ տարավ: Մեզ մոտ այլ գործընթաց է՝ ով ուզում է, թող հաղթանակ տանի, հետո նա կանդամագրվի իշխող քաղաքական կուսակցությանը: Բնականաբար, սա բարենպաստ պայման չէ կուսակցությունների կայացման համար, այսինքն` հինգ տարվա ընթացքում քաղաքական կուսակցությունը, կարծես թե, անելիք չունի, նա պետք է սպասի մինչեւ հերթական ընտրությունը, որ նորից մասնակցի: Այդ ընթացքում դրսեւորվելու, ուժերը չափելու այլ հնարավորություն չունի, հատկապես, եթե խորհրդարանում էլ ներկայացված չէ:

- Իրականում ի՞նչ նշանակություն ունեն ընտրությունները քաղաքական կուսակցությունների եւ հասարակության համար:

- Ընտրությունների դերը մեր քաղաքական համակարգում բավական մեծ է: Ի տարբերություն այլ երկրների, որտեղ ընտրություններն այդքան մեծ նշանակություն չունեն, որովհետեւ կա կայացած քաղաքական համակարգ, եւ այս կամ այն քաղաքական ուժի իշխանության գալը տվյալ երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքում շատ քիչ բան է փոխում:

Մարդն այդպիսի երկրներում ունի իր սեփականությունը, որը պաշտպանված է, կա անկախ դատական իշխանություն, ունի իրավունքների որոշակի ծավալ, որոնք երաշխավորված են սահմանադրությամբ, եւ ով ուզում է, թող գա իշխանության: Լավագույն դեպքում նոր իշխանությունները կարող են հարկերը մի փոքր ավելացնել կամ պակասեցնել, կամ տնտեսության մի ճյուղին ավելի մեծ ուշադրություն դարձնել, քան մյուսին: Եվրոպական երկրներում մեծ թվով քաղաքացիների ընտրություններին չմասնակցելու երեւույթը պատճառաբանվում է հենց դրանով:

Հայաստանում ընտրություններն այն առաջնային, հիմնական աղբյուրն են, որից կարող են սկիզբ առնել մյուս բոլոր դրական գործընթացները: Եվ դա այդպես է, քանի որ մյուս ինստիտուտները գտնվում են ձեւավորման փուլում, մենք ունենք խորհրդային տարիների պատմական անցյալը, երբ ընտրությունները որեւէ դեր չեն ունեցել, եւ մարդ-պետություն փոխհարաբերություններում միշտ ճիշտը եղել է պետությունը, մարդն իր բոլոր իրավունքները ստացել է պետությունից, եւ այն, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, թղթի վրա է եղել:

Ամենակայացած երկրում ամենավատ ընտրություններով ընտրված նախագահն ավելի լավն է, քան չընտրվածը, որովհետեւ ընտրությունը որոշակի վստահություն է ներշնչում այդ մարդու նկատմամբ, հասարակությունը անհրաժեշտության դեպքում պատրաստ է հանդուրժելու կամ կրելու զրկանքներ հանուն պետության: Հակառակ պարագայում հասարակությունը չի հանդուրժելու, եւ նախագահի պաշտոնավարումն ընկնելու է հարցականի տակ: Հայաստանում ընտրությունների դերը շատ ու շատ ավելի մեծ է, եթե չկան այդ ընտրությունները, ապա մնացած բոլոր խնդիրները երկրորդական պլան են մղվում:

Հայաստանում ընտրությունների դերակատարությունը մեծանում է նաեւ նրանով, որ այստեղ, ինչպես մյուս նորանկախ պետություններում, դեռեւս ընթանում է սեփականության վերաբաշխման գործընթացը: Ընտրությունների միջոցով իշխանություն ունենալը շարունակում է մնալ այդ սեփականության վերաբաշխմանը մասնակցելու ամենամեծ հնարավորությունը: Քանի դեռ չկան ինստիտուցիոնալ այլ երաշխիքներ, որոնք քեզ հնարավորություն կտան պաշտպանելու քո սեփականությունը, միակ միջոցը իշխանություն ունենալն է:

Մեր պարագայում ընտրությունների գինը շատ ու շատ ավելի մեծ է: Ուստի, քաղաքական հավակնություն են ցուցաբերում մարդիկ, ովքեր քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն: Հռետորական հարց հնչեցնեմ՝ ինչո՞ւ Քրքորյանը կամ Սորոսը, կամ Բիլ Գեյթսը չեն հավակնում սենատոր դառնալուն, պարզապես նրանք դա իրենց գործը չեն համարում: Որպեսզի մեզ մոտ ամեն ինչ իր տեղն ընկնի, պետք է արագացվի սեփականության վերաբաշխման գ ործընթացը:

Մի հետաքրքիր վերլուծություն կա. վերջին 30 տարում զարգացել են ոչ թե այն երկրները, որոնք նավթ, գազ ունեն կամ լավ աշխարհագրական դիրք, այլ այն երկրները, որոնք ճիշտ օրենքներ են ընդունել: Այսօր խորհրդարանում ներկայացված մարդկանց նայելիս մտահոգություն ես ունենում՝ ինչպիսի՞ օրենքներ են ընդհանրապես ընդունվելու: Ընտրությունները քաղաքական կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու միջոց են: Ամբողջ աշխարհում քաղաքական հակասություններն արդար ընտրությունների ճանապարհով են լուծվում, եւ մրցակից կուսակցությունները միմյանց ձեռք են մեկնում, ինչը նշանակում է՝ հանդուրժում է, որ ինքը քաղաքական փոքրամասնություն է եւ պետք է պայքարի, որ դառնա մեծամասնություն: Այսինքն` կոնֆլիկտ կար, եւ կոնֆլիկտն իր հանգուցալուծումը ստացավ ընտրությունների միջոցով: Մեզ մոտ հակառակ երեւույթն է՝ կոնֆլիկտ կար, եւ այն առավել սրվում է յուրաքանչյուր քաղաքական ընտրությունից հետո:

Ընտրությունների միջոցով է, որ պետք է հաստատվի քաղաքացու այս երկրին տեր լինելու ինստիտուտը: Կեղծված ընտրությունները դրա հնարավորությունը չեն կարող տալ: Քանի դեռ հայ մարդը այս երկրի տերը կարող է համարել իշխանավորներին եւ մտածել, որ ոչինչ կախված չէ իրենից, տեր չի զգա իր հողում եւ ընտրություններից հետո կարող է ընտրել արտագաղթի ճանապարհը, ինչն ամենադյուրինն է: Ուստի, ընտրությունները ժողովրդին իշխանության տեր դարձնելու առաքելություն ունեն:

- Որքանո՞վ են քաղաքացիներն ակտիվ ընտրությունների ժամանակ, ինչպե՞ս են օգտագործում իրենց ձայնի իրավունքը:

- Մարդու ձայնի իրավունքը 70-ից ավելի տարի եղել է ապրիորի, նրա ձայնից ոչինչ կախված չի եղել: Հիմա իներցիայով դա շարունակվում է, նա իր ձայնի արժեքը չի հասկանում, քաղաքական, իրավական կուլտուրայի որոշակի ցածր աստիճանի պատճառով չի կարողանում ամբողջությամբ գնահատել եւ տեսնել իր ձայնի եւ իր կյանքում փոփոխությունների միջեւ եղած կապը: Երբ չի տեսնում ( այսինքն` երբ մտածում է, որ իր ձայնով ոչինչ էլ չի փոխվելու ) , նա որեւէ ակտիվություն չի կարող ցուցաբերել:

Նկատի ունենանք նաեւ մեկ այլ հանգամանք՝ ընտանիքի ֆետիշացումը. հայ մարդն իր ձայնը վաճառելով եւ դրա դիմաց որոշակի գումար ստանալով ուզում է նպաստել իր ընտանիքի բարեկեցությանը: Սա էլ է նվազեցնում նրա ակտիվությունը: Այս առումով ակտիվության մասին վերապահումով պետք է խոսել: Հայ ժողովուրդը, իմ կարծիքով, ակտիվ չէ, նա պատրաստ է քաղաքական ընտրությունների ժամանակ, դեմ լինելով այս կամ այն իշխանությանը, կողմ քվեարկել ընդդիմությանը, բայց դրանից հետո նա ակտիվություն չի ցուցաբերում իր իրավունքներին տեր կանգնելու առումով: Միգուցե այստեղ էլ պատճառները տարբեր են՝ հոգնել է ամեն ինչից, պայքարի ունակ չէ կամ տեսել է այդ պայքարը ճնշելու եղանակներ եւ չի ուզում գլուխը ցավի մեջ գցել:

Նաթան իմաստունն ասում էր, որ վատ քաղաքական գործիչներն ընտրվում են ընտրություններին չմասնակցող լավ քաղաքացիների կողմից: Սա կարող է կոչ լինել բոլոր ընտրողներին, որպեսզի ցանկացած դեպքում մասնակցեն ընտրություններին, իրականացնեն իրենց երկրին տեր լինելու իրավունքը: Կա որոշակի քաղաքական ակտիվ մասսա, որն ընդգրկված է քաղաքական կուսակցություններում, բայց ընդհանուր առմամբ քաղաքական ակտիվությունը փոքր է Հայաստանի համար:

Ֆրանսիացին ասում է՝ «Je ne fais pas de politique» (Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ) , որովհետեւ նրա համար միեւնույն է, թե ով կգա իշխանության, մեզ համար, կարծես թե, միեւնույնը չէ: Այս ակտիվությունը պետք է մեծացնել, եւ այստեղ դերակատարություն ունեն քաղաքական ուժերը, որպեսզի կարողանան իրենց հետեւից որոշակի խումբ մարդկանց տանել:

- Ընտրությունները ժողովրդավարակա՞ն են, ի՞նչ դեր են խաղում արտաքին ուժերը ընտրությունների ժամանակ:

- Ըստ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների Հայաստանի ընտրությունների վերաբերյալ դիտարկումների` դրանք, ցավոք, դեռեւս ժողովրդավարական չեն գնահատվում: Հայաստանում կամքի արտահայտումը կամ ժողովրդի ձայնով ձեւավորված իշխանության ինստիտուտը դեռեւս ամբողջությամբ չի կայացել: Ժողովրդավարական ընտրությունների մի քանի չափանիշներ կան, որոնց մի մասով, կարծես թե, Հայաստանը համապատասխանում է պահանջներին, օրինակ՝ մեզ մոտ ընտրապայքարից թեկնածուներին դուրս հանելու երեւույթը չկա, բայց դեռեւս կան նաեւ այլ քողարկված երեւույթներ, որոնք չեն ապահովում ընտրությունների ազատությունն ու հավասարությունը:

Ժողովրդավարությունը վաղուց է դադարել միայն այդ երկրների ներպետական խնդիրը լինելուց, որովհետեւ մենք ապրում ենք այլ պետությունների «հարեւանությամբ», որտեղ ժողովրդավարական ընտրություններն ավանդույթ են դարձել եւ պարզապես չեն հանդուրժում իրենց կողքին գտնվող այն երկրներին, որտեղ ժողովրդավարությունը թղթի վրա է: Այդ պետությունները խնդիրներ են առաջացնում իրենց համար, եւ սա է պատճառը, որ միջազգային հանրությունը ժողովրդավարությունը դարձրել է իր գլխավոր առաքելություններից մեկը: Խոսքը, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մասին է, որոնք հետեւում են Հայաստանի ընտրություններին:

Սպասել, որ դրսից գալու են եւ այստեղ ժողովրդավարական ընտրություններ են անցկացնելու, անհեթեթ է, բայց այդ կազմակերպությունների դերն ընդհանրապես թերագնահատել չի կարելի, որովհետեւ դրանք կողքից դիտող աչք են, եւ դրան կարող են հաջորդել որոշակի սանկցիաներ:

Այս անգամ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու խաղադրույքը շատ ու շատ ավելի մեծ է, քան մյուս դեպքերում: Առաջիկա ընտրությունների ժողովրդավարության աստիճանից են կախված երկու մեծ ֆինանսական ծրագրերի ճակատագրերը` «Նոր հարեւաններ» եւ «Հազարամյակի մարտահրավերներ»: Այս երկու ծրագրերն իրենց տնտեսական ու քաղաքական բնույթով մի հարցի են պատասխանում՝ մեր հարեւան երկրներում չպետք է լինեն ավտորիտար պետություններ, չպետք է արտագաղթ լինի դեպի մեր երկրներ: Այդ երկրներում պետք է լինի այնպիսի տնտեսական շուկա, որտեղ մեր ներդնողները կարող են ազատորեն գալ եւ ներդնել, իսկ դրան կարող են հասնել միայն ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Ամենագլխավորը երկրի ներսում առկա քաղաքական ուժերի ցանկությունն է՝ անցկացնել ժողովրդավարական ընտրություններ:

- Ինչպե՞ս են մեր երկրում վերաբերվում ընտրություններին միջազգային դիտորդների տված գնահատականներին: Ընդհանրապես, Հայաստանի ընտրություններում ի՞նչ դեր է խաղում միջազգային դիտորդների ինստիտուտը:

- 1995թ. ընտրություններից սկսած` այդ գնահատականները բավականին ցավալի են եղել: Այդ գնահատականները նաեւ վերջին ընտրություններին էին վերաբերում: Դրա հետեւանքները կարող են քաղաքական եւ տնտեսական լինել այն ատյանների կողմից, որոնք դիտարկում են այդ ընտրությունները: Ընդհանրապես, երկու ճանապարհ կա, որով կարող են պետությունները զարգանալ. պետությունը կամ պետք է լինի ժողովրդավարական, կամ ավտորիտար, տոտալիտար, բայց այդ դեպքում նա պետք է հարուստ լինի բնական մեծ պաշարներով, որոնք կարող են լինել ժողովրդավարության այլընտրանքը: Հայաստանը նման շքեղություն չի կարող թույլ տալ իրեն, Հայաստանի զարգացման միակ ճանապարհն անցնում է ժողովրդավարության միջով: Մեր պարագայում սա շատ ավելի է կարեւորվում, քան այն պետություններում, որոնք կարող են բնական պաշարներ ունենալ, երկնիշ տնտեսական աճ:

Անշուշտ, դիտորդների ներկայությունը որոշակի զսպաշապիկ է, որոշակի զգոնություն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր մտածում են ընտրակեղծիքների մասին, բայց դիտորդների ներկայությունն ամբողջությամբ չի կարող լուծել ընտրակեղծիքների հարցը, դիտորդական ինստիտուտն ընդամենը գործիքներից մեկն է, որը կոչված է նպաստելու ընտրակեղծիքների լուծման խնդրին: Միշտ ասում եմ՝ կա ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը նպաստող երեք գործոն՝ իշխանությունների կամքը, հասարակության մեջ առկա որոշակի քաղաքական, իրավական կուլտուրան, ընտրական օրենսդրությունը: Սրանցից ցանկացածի բացակայությունը ժողովրդավարական ընտրություններ չեն ապահովելու այս երկրում: Միջազգային դիտորդների դերակատարությունը այդ երեք կարեւոր գործոնների մեջ չի մտնում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ