HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռոսնեֆտ»-ն ու «Յուկոս»-ը հաշտվել են. ի՞նչ է սպասվում «Յուկոս»-ի հայաստանյան խմբին

Ռուսաստանյան նավթային «Ռոսնեֆտ» ընկերությունը հայտարարել է, որ կարգավորել է «Յուկոս» խմբի ընկերությունների հետ ունեցած վեճը: 

Մարտի 27-ին «Ռոսնեֆտի» տնօրենների խորհուրդը հավանություն է տվել «Յուկոսի» հետ համաձայնագրի փաստաթղթին: «Համաձայնագրի պայմանների համապատասխան կողմերը հրաժարվում են բոլոր տեսակի փոխադարձ պահանջներից  և դադարեցնում են դատական բոլոր պրոցեսները, ինչպես նաև պարտավորվում են ապագայում ևս միմյանց նկատմամբ պահանջներ չներկայացնել՝ կապված «Յուկոսի» սնանկացման և լիկվիդացման հետ»,-այս մասին իր պաշտոնական կայքում հայտարարել է «Ռոսնեֆտը»:

Մարտի 31-ին կողմերն ավարտել են գործարքը և ստորագրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք առնչվում են աշխարհի տարբեր դատարաններում՝ Նիդեռլանդներում, Անգլիայում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում և այլուր քննվող գործերին: Համաձայնագիրը չի նախատեսում դրամական կամ այլ տիպի փոխհատուցում «Ռոսնեֆտի» կամ դրա դուստր ընկերությունների կողմից:

Նավթային «Յուկոս» ընկերության մի դուստր էլ՝ «Յուկոս» ՍՆԳ ինվեստմենթը գրանցված էր Հայաստանում: Հայաստանյան դուստրը բրիտանական Վիրջինյան կղզիներում հիմնադրել է Yukos Hydrocarbons Investment մեկ այլ դուստր ձեռնարկություն: Իր հերթին Hydrocarbons-ը այլ դուստր ընկերություններ է հիմնադրել Վիրջինյան կղզիներում` Fair Oaks Trade and Invest Limited և Glendale Group Limited խմբերը: Սակայն ակտիվներն առավելապես կենտրոնացված են եղել Yukos Hydrocarbons Investment-ում: Այս ճանապարհով «բազմացել է» հայաստանյան ընկերությունների խումբը, որի ակտիվները կազմել են շուրջ 4 մլրդ դոլար: Հայաստանյան դատական համակարգի բոլոր ատյաններով անցել է նաև «Ռոսնեֆտ» և «Յուկոս» վեճը: Ընկերությունների պայքարը հասել էր Նիդեռլանդների դատարան, որտեղ էլ այն, փաստորեն, դադարեցվեց: 

Հայաստանում «Յուկոս» ՍՆԳ-ի տնօրեն Արմեն Միքայելյանի նկատմամբ 2009թ.-ին քրեական գործ էր հարուցվել ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը: Արմեն Միքայելյանին մեղադրել են այն բանի համար, որ նա «ինքնագլուխ, անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է ներկայացնել ընկերության գրանցման վկայականը և կնիքը»: Քննությունը մինչ օրս շարունակվում է: Թե ինչ է լինելու այս քրեական գործի ճակատագիրը, դեռևս հայտնի չէ: Հիշեցնենք, Արմեն Միքայելյանը ցայսօր գտնվում է ԱՄՆ-ում:

Իսկ մինչ այս ամենը, «Յուկոս»-ի ղեկավար Մ.Խոդորկովսկին ամրապնդում է իր դիրքերը: Ռուսական «Ֆորբս»-ը գրել է, որ Խոդորկովսկին շարունակել է ներդրումներ անել տարբեր երկրներում և հավակնում է հայտնվել ՌԴ հարուստների ցուցակի առաջատար դիրքերում: Նա անշարժ գույքի շուկայում ներդրում արել է նաև Վրաստանում. մայրաքաղաք Թբիլիսիում 4 հա-ի վրա նախատեսել են կառուցել Tbilisi Gardens բնակելի համալիր, որի արժեքը, ըստ հաշվարկների, 30 մլն դոլար է: Թբիլիսիում առևտրաժամանցային Eastpoint Shopping Center անվամբ մի համալիր էլ կառուցվելու է 90 մլն դոլար արժողությամբ: 

Լուսանկարում՝ ձախից Մ.Խոդորկովսկին և Արմեն Միքայելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter