HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում որևէ ուսումնասիրություն չի կատարվել

Անցած շաբաթ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ելույթ էր ունեցել Ազգային ժողովում, որից հետո, ըստ որոշ լրատվամիջոցների, հայտարարել էր նաև, որ ուսումնասիրություններ են կատարվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում:

«Մենք ամեն դեպքում չենք ստացել չարաշահումների որևէ փաստ: Ուսումասիրություններ կատարվել է, խախատումներ չի հայտանաբերվել»,- ըստ aysor.am-ի` հայտարարել էր Արտակ Շաբոյանը: Իսկ լրագրողի այն հարցին, թե արդյոք ընկերության` ոլորտում ունեցած մենաշնորհը չի կարող վնասել տնտեսությանը, պատասխանել էր. «Մրցակցությամբ օրենսդրությամբ մենաշնորհների կամ խոշոր ընկերությունների գործունեությունը չի արգելվում: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում, մենաշնորհներ և խոշոր ընկերություններ կարող են գործունեություն իրականացնել: Խնդիրը վերաբերվում է չարաշահումներին, եթե կան չարաշահումներ, փաստեր ներկայացրեք և մենք կուսումնասիրենք դրանք»:

ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանին խնդրել էինք տեղեկացնել, թե ինչ ուսումնասիրություն է կատարվել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում: Այսօր «Հետքի» հետ զրույցում նա ասաց, որ հանձնաժողովը «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում որևէ ուսումնասիրություն չի կատարել: Լրագրողները զուգահեռաբար մի քանի հարց են տվել, և Արտակ Շաբոյանի խոսքը, ըստ Գայանե Սահակյանի, վերաբերել է ոչ թե «Սեքյուրիթի Դրիմ», այլ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը, որի վերաբերյալ ստացել են դիմում-դժգոհություն:

Դիմում-բողոքը վերաբերել է ընկերության կողմից սպասարկվող ավտոկանգառների վահանակներին, որտեղ նշված է եղել կատարված վճարման դիմաց մատուցվող ծառայության ժամկետը: Քաղաքացիները դժգոհել են, որ այդ վահանակները մոլորության մեջ են գցում. ընկերությունը հայտարարում է, որ մեկ տարվա համար վճարումը կազմում է 12 հազար դրամ, սակայն նշված չի եղել, որ այդ մեկ տարին վերաբերում էր օրացույցային տարվան:

«Այսինքն` մարդիկ վճարում են, ենթադրենք, հուլիսի 1-ին, և տեղեկացված չեն, որ տարին ավարտվում է դեկտեմբերի 31-ին և ոչ թե հաջորդ տարվա հուլիսին: Հանձնաժողովն իրականացրել է այդ ոլորտում ուսումնասիրություն, որից հետո խնդիրը կարգավորվել է, գովազդային վահանակները ավտոկանգառներում փոփոխության են ենթարկվել, և այնտեղ արդեն հստակորեն տեղեկատվությունը նշված է քաղաքացիների համար, թե քաղաքացիները վճարում կատարելով` ինչքան ժամանակի համար կարող են ստանալ ծառայությունը»,- նշեց Գայանե Սահակյանը:

Այն հարցին` արդյոք ՏՄՊՊՀ-ն պատրաստվում է կատարել ուսումնասիրություն «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում, Գայանե Սահակյանը պատասխանեց. ««Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ կապված հանձնաժողովը որևէ դժգոհություն, որևէ գրավոր դիմում-բողոք երբևիցե չի ստացել, երբևիցե չի եղել մրցակցային օրենսդրության հետ կապված որևէ խնդիր, ինչը հիմք կտար հանձնաժողովին` ուսումնասիրելու այդ ընկերության գործունեությունը»,- ասաց Գ. Սահակյանը:

Ճշտող հարցին միայն դիմում-բողոքների հիման վրա է կատարվում ուսումնասիրությունը, Գ. Սահակյանը ավեացրեց. «Ոչ, հնարավոր է` չլինի դիմում-բողոք, հանձնաժողովն իր նախաձեռնությամբ ևս իրականացնում է բազմաթիվ ուսումնասիրություններ, և կարող եմ ասել հիմնական ուսումնասիրությունները կատարում ենք հենց մեր նախաձեռնությամբ, սակայն դրա համար ևս պետք է լինեն համապատասխան հիմքեր, պետք է լինեն ռիսկային ոլորտներ, ռիսկային ընկերություններ»:

ՏՄՊՊՀ-ի` տարվա ընթացում ծրագրով նախատեսված առաջնահերթությունների մեջ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը չի մտնում: Այս տարի, Գ.Սահակյանի խոսքով, ՏՄՊՊՀ-ի առաջնահերթությունների մեջ է պետգնումների գործընթացը շինարարության ոլորտում:

«Ամեն դեպքում բացի առաջնահերթություններից ուսումնասիրվում են նաև այն շուկաները, որտեղ կան խնդիրներ, օրինակ` ստացանք դիմում-բողոք կամ եղավ մամուլի հրապարակում: Եթե ոչ, մենք ունենք ծրագրով նախատեսված առաջանհերթությունները: Համենայն դեպս, «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը գործունեության օրվանից մինչև հիմա մեր տեսադաշտում չի հայտնել, որևէ հիմք, որևէ փաստ, որ ընկերությունը թույլ է տվել որոշակի խախտումներ, որ կդառնա հանձնաժողովի համար ուսումնասիրության հիմք, չկա»,- ասաց Գայանե Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter