HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավապաշտպան. «Արդարադատություն ասվածը վերածվել է, գեներալ Մանվելի ասած, չագուչի»

ՀՀ կառավարությունը երեք ամիս անց՝ հունիսին, պետք է արձագանքի ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ժամանակ Հայաստանին ուղղված շուրջ 180 հանաձնարարականներին: Դրանք վերաբերում են մարդու իրավունքների գրեթե բոլոր ոլորտներին. արդարադատություն, ընտրական իրավունք, կանանց ու երեխաների իրավունքներ, խոսքի ազատության իրավունք և այլն:

«Հետքի» զրույցը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ այդ հանձնարարականներից արդարադատությանը, դատական իշխանության անկախությանը վերաբերող հարցերի շուրջ է:

-Արդյո՞ք քաղաքական իշխանության համար օրախնդիր հարց է, որ դատական համակարգը իսկապես անկախ գործի:

- Մեր Սահմանադրությամբ ամրագրված է իշխանությունների տարանջատման սկզբունքը: «Անկախ դատավոր» հասկացություն ունենալու խնդիրը անհրաժեշտություն չունի լրացուցիչ հիմնավորման: Ուղղակի ՄԱԿ-ի անդամ շատ պետությունների արձանագրածը մեկ անգամ ևս բարձրաձայնելու միջոց է, որ դատական իշխանության անկախության խնդիրը Հայաստանում խրոնիկ բնույթ ունի: Համընդհանուր պարբերական զեկույցը պարզապես ևս մեկ գործիք է մարդու իրավունքների բնագավառում պետությունների ունեցած խնդիրները արձանագրելու համար: Օրինակ՝ շատ ուղղակի է նշվել Գերմանիայի կողմից, որ դատավորները չպիտի նշանակվեն հանրապետության նախագահի կողմից: ԱՄՆ-ն նշել է, որ դատական համակարգի ձևավորման գործում երկրի նախագահն առհասարակ պիտի ունենա միայն հայեցողական դեր: ԵԽ փորձագիտական խումբն էլ էր նույնի մասին բարձրաձայնել դեռ 2011 թ-ին:

- Օրինակ, նույն Գերմանիան ինչպե՞ս  է ձևավորում դատական համակարգը:

- Եվրոպական զարգացած շատ երկրներ, երբ դատական իշխանություն են ձևավորել, չեն ունեցել, օրինակ, ՄԱԿ-ի պես կառույց: Իրենք ինքնուրույն են գտել այդ լուծումները: Հիշում եմ մի դեպք. Բեռլինի հողային սահմանադրական դատարանի (ընդ որում, այնտեղ դատավորները անվճար են աշխատում) նախագահի հետ զրույցում ասացի՝ պատկերացրեք, որ Դուք հակասահմանադրական ճանաչեք մի նորմ, բայց Ձեր հողային պառլամենտը դրանից հետո օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություն չկատարի: ՍԴ նախագահը չէր հասկանում իմ ասածը: Ես 2-3 անգամ կրկնեցի, բայց գերմանացի պաշտոնյան չէր էլ կարողանում պատկերացնել, որ հնարավոր է ՍԴ-ն մի բան որոշի, բայց պառլամենտը, օրինակ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, չկատարի ՍԴ որոշումը: Այսինքն՝ իրավունքի գերակայության սկզբունքն իրենց մոտ աքսիոմատիկ սկզբունք է, դա իրենց մշակույթի մի մասն է: Եվ կապ չունի, թե ով է պառլամենտի նախագահը, որ կուսակցությունից է: Ընդհակառակը՝ շատ վատ տոն կհամարվի, եթե իրավունքի գերակայության սկզբունքը չհարգվի որևէ պաշտոնյայի կամ քաղաքացու կողմից: Օրենքներն էլ այդ երկրում գրվում են ու կատարվում հենց այդ իրավական մշակույթից ելնելով:

- Իսկ մեզ մոտ, օրինակ, կա՞ հասարակության մեջ ձևավորված արդար դատաքննության պահանջ:

- Իրապես, մեր հասարակության մեջ իրավական մշակույթի նկատմամբ կենսական պահանջարկ գոյություն չունի: Հայաստանում նոր-նոր փորձեր ենք անում: Դեռ 25 տարվա դեգերումներ են տեղի ունենում, մենք դեռ, այսպես ասած, մեր յուղի մեջ ենք տապակվում: Մինչ այդ ունեցել ենք Խորհրդային համակարգը, որտեղ ապացույցների թագուհին համարվում էր ինքնախոստովանական ցուցմունքը: Դատարանը պիտի լինի ոչ թե վերջին, այլ միակ միջոցը: Ոչ թե պիտի ծանոթով, «դաբրոյով» լուծվեն խնդիրները, այլ օրենքով: Հաճախ կարելի է լսել «կխոսեմ դատավորի հետ, դատախազի հետ» արտահայտությունը: Հենց այստեղ իրավական մշակույթ ասվածը այլասերվում է, ու ամեն ինչ տեղափոխվում է «հարց լուծողների» դաշտ: Բայց նույն քաղաքացիները, երբ միգրացիայի հետևանքով հայտնվում են եվրոպական երկրներում, դառնում են շատ օրինապահ: Այսինքն՝ խնդիրը համակարգերի մեջ է, որը պիտի աշխատի բոլորի համար հավասար:    

- Ընտրովի արդարադատության դեմ ինչպե՞ս պայքարել, երբ մարդկանց կարելի է դատապարտել, ըստ քաղաքական կամ այլ նպատակահարմարության: Ինչպե՞ս անել, որ քրեական օրենսգիրքը չդառնա վրեժխնդրության գործիք:

- Մուսոլինիի օրենքն էր. մեր ընկերներին ու բարեկամներին թույլատրվում է ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են: Արդարադատությունը կամ կա կամ չկա: Երբ ընտրովի ենք մոտենում հարցին, նշանակում է, արդարադատություն չկա: Նման օրինակներ Հայաստանում շատ են: ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանն, օրինակ, դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով ծանր հանցանքի մեջ, բայց մեկ տարի անց դիմեց նախագահին ու ներում ստացավ: Սա այն դեպքում, երբ շատ այլ քաղաքացիներ կարող են հազար անգամ դիմել, բայց չստանալ ներում կամ պայմանական ազատում նույնիսկ: Արդարադատություն ասվածը վերածվել է, գեներալ Մանվելի ասած, չագուչի: Մի օր մեկի գլխին կտան, մի օր՝ մյուսի, ում ուզենան: Սա տիպիկ եվրասիական մշակույթ է, որի կրողներն են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Իսկ իրավական մշակույթի եվրոպական մեխանիզմները մեզ համար շանսեր են, որ Հայաստանը չընկղմվի հակաքաղաքակրթական տիրույթի մեջ, ու ստիպված չլինենք անընդհատ կրկնել նույն պատմական ցիկլերը՝ ցարական, սովետական, հիմա էլ եվրասիական:

Մեր կենսական շահերից է բխում արդարադատության համակարգ ունենալը, այլապես ընտրովի արդարադատություն կիրառողները քաջ պիտի գիտակցեն, որ եթե գերական իրավունքը չէ, միգուցե մի օր էլ իրենց դեմ կարող է գործել նույն ընտրովի արդարադատությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter