HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոտայքի նորանշանակ մարզպետի անձնական և բիզնես կապերը վարչապետի ընտանիքի հետ

Այսօր կառավարության որոշմամբ Կոտայքի մարզպետ է նշանակվել Աբովյանի գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: Վերջինս ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է և պատգամավոր Գագիկ Ծառուկյանի փեսան: Կ. Գուլոյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2012թ-ից:

Թե Կարապետ Գուլոյանը որ արժանիքների համար է նշանակվել մարզպետի պաշտոնում՝ անհայտ է: Պարզ է միայն, որ Կ. Գուլոյանի ու վարչապետի որդու` Արգամ Աբրահամյանի կանայք քույրեր են:

Նշենք, որ Կարապետ Գուլոյանը Հայաստանի մեծահարուստ քաղաքապետերից է: Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ 2014թ. վերջին նրա հաշվին եղել է 1 միլիարդ 352 մլն դրամ, ինչպես նաև 94.000 դոլար: Նույն տարվա սկզբին Կարապետ Գուլոյանի դրամական միջոցներն ավելին են եղել՝ 1 մլրդ 382 մլն դրամ և 124.000 դոլար:

Նա որպես եկամուտ հայտարարագրել է միայն տարեկան աշխատավարձը՝ 2 մլն 620 հազար դրամ:

Կարապետ Գուլոյանի կինը՝ Ռոզա Ծառուկյանը, 2014թ. որևէ եկամուտ չի հայտարարագրել, սակայն նրա հաշվին եղել է 17 մլն դրամ և 44.000 դոլար:

Մուրադ Գուլոյանի բիզնես գործընկերները

Նշենք, որ Գուլոյանները զբաղվում են բիզնեսով, որոնցից մի մասը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ: «Հետքն» արդեն գրել է, որ 2010թ. հիմնադրված «Աբովյան Սիթի»-ն Աբովյանում հայտնի է` որպես Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի սուպերմարկետ: Ըստ պետռեգիստրի տվյալների՝ այս սուպերմարկետը 50/50 պատկանում է նորանշանակ մարզպետի մորը՝ Նոյեմզար Քալաջյանին և Արգամ Աբրահամյանին: Ընկերության տնօրենը Գուլոյանների ազգականն է՝ 26-ամյա Տիգրան Գուլոյանը:

Կարապետ Գուլոյանի հայրն ու մայրն էլ զգալի կարողության տեր են, սակայն իրենց հայտարարագրերում ոչ բոլորն են նշել: Ըստ հայտարարագրի՝ 2013թ. Մուրադ Գուլոյանը ընկերություններից մեկում 287.595.000 դրամով ձեռք է բերել բաժնեմաս: Իսկ իր հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 270 միլիոն դրամ և 1 մլն 250 հազար դոլար:

Նոյեմզար Քալաջյանը, թեև ընկերություններում բաժնետեր է, սակայն չնչին եկամուտ է հայտարարագրել: 2013թ. նրա միակ եկամուտը եղել է 260 հազար դրամ կենսաթոշակը, իսկ իր հաշվին առկա դրամական միջոցները կազմել են ընդամենը 4.500 դոլար:

2012թ. փետրվարից Մուրադ Գուլոյանին է պատկանում «Շիրակ» թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ-ի 100% բաժնեմասը:

Մ. Գուլոյանը 50/50 բիզնես ունի մեկ այլ պատգամավորի՝ Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) հետ: Նրանց է պատկանում 2012թ. վերջին հիմնադրված «ՍԱՐՊԵՏ» ՍՊԸ-ն: Այս ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 153.190.000 դրամ: Ըստ հարկային մարմնի՝ «ՍԱՐՊԵՏ» ՍՊԸ-ն զբաղվում է կառուցապատման նախապատրաստական աշխատանքներով: Ընկերության տնօրենը Մուրադ Գուլոյանի եղբայր Վահագն Գուլոյանն  է:

Պատգամավոր Գուլոյանը 2014թ. հիմնադրել է «Էկո Ագրո» ՍՊԸ-ն, որի 100% բաժնետերն է: Այս ընկերության տնօրենը ևս պատգամավորի ազգականն է՝ Տիգրան Գուլոյանի եղբայրը՝ Արամ Գուլոյանը:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այս կլանա-խնամիա-օլիգարխային պաշտոնների թալա՛նը կերավ-կրծեց Հայաստանը: 7-րդ դասարանի կրթության մակարդակ ու քյուչի «հեղինակության» արժեհամակարգ ունեցողից ի՞նչ պիտի սպասել: Բացարձակ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ այլևս, թե ինչու՞ գոնե մարզպետները ժողովրդի կողմից չեն ընտրվում: Եվ ինչ ՏԽՄԱՐ ու հակադեմոկրական կառուցվածք ունի ՀՀ ՈՂՋ մարզային կառուցվածքը: Իսկ ի՞նչ եղավ «քաջ» Գագիկ Ծառուկյանի «հարկային ստուգումները»: Հիմա այս օլիգարխը հարկերը ճշտորեն վճարե՞լ է,թե ոչ:
Մարտիկ
Վարազ Սյունի, իսկ ի՞նչը ՏԽՄԱՐ ու հակադեմոկրական կառուցվածք չունի ՀՀ ՈՂՋ տարածքում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter