HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կադրային կաստայականություն

Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, նշանակվեց Կոտայքի մարզպետ: Նախկին մարզպետը՝ նախօրեին այդ պաշտոնից հրաժարական տված Արամ Հարությունյանը, հայտարարեց, թե աշխատանքի մեջ ճանաչելով Գուլոյանին` գիտի, որ նա կլուծի Կոտայքի մարզի խնդիրները: Եթե նախկին մարզպետն այդքան վստահ էր Գուլոյանի այս սուպերընդունակությունների մեջ, ապա տրամաբանական կլիներ, որ նա հրաժարական տար ոչ թե հիմա, այլ այն պահին, երբ այդ ընդունակությունները հայտնաբերեց Գագիկ Ծառուկյանի փեսայի մոտ: Համաձայնենք՝ ոչ միայն դժվար, այլև նույնիսկ անհնար է մեր օրերում գտնել այնպիսի «վունդերքինդ», որը կարող է լուծել մի ամբողջ մարզի խնդիրները: Այնպես որ, Արամ Հարությունյանի տրամաբանությամբ իշխանությունները, ի դեմս Գուլոյանի, իսկապես հայտնագործություն են կատարել:

Թերևս, այս հանգամանքը շեշտելու համար էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Կառավարությունում Գուլոյանի նշանակման որոշումը ներկայացնելիս որպես հիմնական առաքինություն և առավելություն մատնանշում նրա... կենսագրությունը. ԵՊՀ-ն ավարտելուց հետո, 23 տարեկանում սկսել է աշխատել որպես դատախազության քննիչ, 28 տարեկանում արդեն դատախազ էր, իսկ 29-ում՝ Աբովյանի քաղաքապետ: Այս տեմպերով շարունակելու դեպքում մի 10-12 տարուց Գուլոյանը պատրաստի վարչապետացու կլինի, մանավանդ եթե նկատի ունենանք, որ 2012թ. հանրային ծառայության համար համաժողովրդական քվեարկության արդյունքում նա ճանաչվել է լավագույնը և արժանացել «Տարվա լավագույն մարզային քաղաքապետ» հատուկ անվանակոչմանը:

Իսկ եթե լուրջ՝ ո՞րն է, այնուամենայնիվ, Գուլոյանին մարզպետ նշանակելու պատճառը: Որպեսզի Գուլոյանն իսկապես «հարցեր լուծող» լինի, նախ պետք է լիներ հարցեր լուծող քաղաքապետ: Բայց այն ընթացքում, երբ Գուլոյանը եղել է Աբովյանի քաղաքապետը, իրական հարցեր լուծողը եղել է նրա ամենազոր աները: Ընդ որում՝ ոչ միայն Աբովյանում, այլև Կոտայքի մարզի մեծ մասում: Եվ որևէ մեկը չգիտի՝ ինչ է իրենից ներկայացնում նոր մարզպետը հիմա, երբ ամենազոր աներն այլևս «ձիու վրա» չէ: Քաղաքապետ աշխատելու ողջ ընթացքում Գուլոյանը ոչ թե ինքնահաստատվել է որպես լավ մենեջեր և ղեկավար, այլ մնացել է որպես լավ, հավատարիմ փեսա, ինչը, մարդկային առումով, վատ բան չէ: Բայց ակնհայտ է, որ հենց այս «ռեսուրսով» է նա դառնում մարզպետ:

Երբ Ծառուկյանին պարտադրեցին դուրս գալ քաղաքականությունից և հրաժարվել ԲՀԿ-ից, Կարապետ Գուլոյանը հայտարարեց կուսակցական գործունեությունը դադարեցնելու մասին: Ըստ էության, մարզպետի պաշտոնում նրա նշանակման հիմքում ընկած է ոչ միայն ԲՀԿ-ն թողնելու, այլև Ծառուկյանի հանդեպ հավատարմությունը չկորցնելու որակը: Իսկ սա այն եզակի որակն է, որը ներկայիս իշխանությունը գնահատում է անվերապահորեն: Մի կողմից սա, իհարկե, Ծառուկյանին, առանց ավելորդ բարդություններ ստեղծելու՝ քաղաքականությունից հեռանալու և ԲՀԿ-ն կազմալուծելու դիմաց որոշակի վարձատրության կամ շնորհակալության դրսևորում էր: Մյուս կողմից՝ նաև Ծառուկյանին նույն այս նշանակմամբ բարոյաէթիկական դաշտում կապանքների տակ պահելու, պարտավորեցնելու յուրահատուկ միջոց է: Ծառուկյանը հիմա իշխանության մեջ ինքնաիրացվելու է արդեն Գուլոյանի, ինչ-որ չափով նաև՝ խնամի Հովիկ Աբրահամյանի միջոցով, ով սիրահոժար ստանձնել է ԲՀԿ-ի «կուրատորի» դերը: Այս ամենը նշանակում է, որ իշխանությունն իրականում ոչ միայն Ծառուկյանից վերջնականապես չի հրաժարվել ու չի առաջնորդվում նրան վերջնականապես քաղաքականությունից «մաքրելու» տրամաբանությամբ, այլև փորձում է, նրան պահելով իր տեսադաշտում, իր հսկողության տակ, պահպանել որպես ռեզերվային տարբերակ՝ անհրաժեշտ պահին կրկին խաղարկելու, ասպարեզ իջեցնելու համար: Իսկ եթե այս ամենին զուգահեռ նաև այս թեկնածությունն առաջադրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ապա, ամենայն հավանականությամբ, այս նշանակմամբ նա փորձում է «քավել» մեղքերն իր խնամու առջև՝ Ծառուկյանի համար ամենավճռական պահին նրան, ինչպես ասում են՝ մինչև աքաղաղի կանչելը, երեք անգամ դավաճանելու համար:

Այս ամենը, սակայն, պետական արդյունավետ կառավարման փիլիսոփայությունից բխող կադրային քաղաքականության հետ որևէ կապ չունի: Սա նշանակում էր տիպիկ հայկական տարբերակով, որտեղ գործում են բոլորովին այլ` անձնական, կենցաղային, ինտրիգային, գործարքային, բայց ոչ երբեք` պրոֆեսիոնալիզմի վրա հիմնված խաղի կանոններ: Սա ինչ-որ իմաստով տեղավորվում է նոմենկլատուրային սերնդափոխության կաստայական տրամաբանության մեջ. համակարգը պարզապես առաջ է բրդում իր զավակներին, որոնք են ապագայում լինելու իշխանության ողջ գենետիկ հիշողության, ավանդույթների, «արժեքների» և ամենակարևորը՝ շահերի պաշտպանները:

2013թ. համակարգը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ցույց տվեց, որ այս խնդրին մոտենում է չափազանց լրջորեն, կարելի է ասել՝ ինստիտուցիոնալ մակարդակով: Ինչպես հայտնի է՝ այն ժամանակ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում տեղ էին զբաղեցրել բազմաթիվ նախարարների ու պատգամավորների որդիներ: Ոմանց զավակներին էլ գործուղեցին տարբեր պետական գերատեսչություններում հայեցողական պաշտոններ զբաղեցնելու: Եվ արդեն 2013-ի վերջերից սկսվեցին նրանց ակտիվ կարիերային առաջխաղացումներն ու տեղաշարժերը: Օրինակ՝ 2013-ի դեկտեմբերին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի որդուն՝  Արման Բաբլոյանին, նշանակեց առողջապահության նախարարի տեղակալ, ով մեկ տարի անց հրաժարական ներկայացրեց: Առողջապահության մյուս նախկին նախարարի՝ Դերենիկ Դումանյանի որդին՝ Գուրգեն Դումանյանը, նախ աշխատանքի անցավ ԱԺ-ում` որպես աշխատակազի ղեկավար, ապա տեղափոխվեց կառավարություն՝ զբաղեցնելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի  որդին՝ Դավիթ Սեդրակյանը, 2014-ին նշանակվեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ:

Այս շարքն, իհարկե, կարելի է շարունակել: Բայց հարցը անձերի մեջ չէ: Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ այսպես կոչված «նոմենկլատուրայի զավակների» մի մասը բավականին լավ կրթություն է ստացել և պետական համակարգում իրացվելու բավականին լուրջ և օբյեկտիվորեն արդարացված նախադրյալներ ունի: Խնդիրը նրանց առաջխաղացման իրավունքը չէ, որը ոչ ոք նրանցից վերցնել չի կարող: Այլ այն մեկնարկային պայմանները, որոնք «զավակները» ստանում են արտոնյալ և դրանից օգտվում են արտոնյալ, երբեմն` կայծակնային արագությամբ՝ ի սկզբանե բոլոր առումներով անհավասար վիճակում հայտնվելով նման հնարավորությունները չունեցող հարյուրավորների համեմատ: Ինչպես ասում են՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը:

Այս առումով Կարապետ Գուլոյանը բացառություն չէ: Մարզպետի պաշտոնում նրա նշանակումն ընդամենը հաստատում է այս տխուր օրինաչափությունը: Եվ այդ օրինաչափությունը հուշում է, որ հեռու չէ այն օրը, երբ Էջմիածնի ներկայիս քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվելի որդին, կնշանակվի Արմավիրի մարզպետ: Համենայնդեպս, Գոլոյանի նշանակումը Կարեն Գրիգորյանին տալիս է իր հորից ևս նմանօրինակ «նվեր» պահանջելու յուրօրինակ բարոյական իրավունք:

Հ.Գ. Ներկայիս քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, փորձելով ընդգծել Հայաստանի տարբերությունը Ադրբեջանից, անընդհատ շեշտում են Իլհամ Ալիևի կողմից իշխանությունը հորից ժառանգելու և սեփականացնելու իրողությունը: Փաստորեն, մեր տարբերությունն ընդամենը այն է, որ մեզ մոտ իշխանության ժառանգորդությունը դեռ տեղի չի ունեցել երկրի ղեկավարի մակարդակով և որևէ առանձին պաշտոնում՝ հորից զավակին սկզբունքով: Բայց արդյոք դրանից իրականությունը փոխվո՞ւմ է: Եթե հասկանում ենք, որ՝ ոչ, ուրեմն զբաղված ենք ընդամենը երեսպաշտությամբ:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter