Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Երվանդ Զախարյանի թռիչքը Մոսկվա արժեցել է 1 մլն դրամ



ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակիցները, նախարարի գլխավորությամբ, սովորական հարկատուներիս հաշվին գործուղման են մեկնում տարբեր երկրներ հիմնականում բիզնես կարգի թանկարժեք տոմսերով:

2014թ. հունիսի 6-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ավիատոմսերի ծառայությունների գնման պայմանագիր է կնքել «Լինկ Տուր» ՍՊԸ-ի հետ: Գնել է Երևան-Մոսկվա-Երևան չվերթի բիզնես կարգի 1 ավիատոմս: Դրա արժեքը կազմել է  990 900 դրամ: Այս չվերթով Մոսկվա է մեկնել նախարար Երվանդ Զախարյանը: Նա մասնակցել է «Ատոմէքսպո» 6-րդ միջազգային ֆորումին, որը տեղի է ունեցել 2014թ. հունիսի 8-11-ը:

ՌԴ մեկ այլ գործուղման համար ՀՀ պետբյուջեից Երվանդ Զախարյանի և արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոն­յանի համար վճարվել է 915 հազար դրամ, յուրաքանչյուրի համար՝ 457 հազար դրամ: Այս անգամ էլ պաշտոնյաները մասնակցել են 2014 թվականի հոկտեմբերի 23-25-ը Սոչիում տեղի ունեցած ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 46-րդ նիստին:   

Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 30-31-ը Էներգետիկայի բնագավառում ՌԴ հետ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով նախարար Երվանդ Զախարյանի և նրա տեղակալ Արեգ Գալստյանի Մոսկվա մեկ այլ գործուղման ավիատոմսերի արժեքը կազմել է 1 մլն 313 հազար դրամ: 

550 հազար դրամ էլ արժեցել է Երվան Զախարյանի օգնական Արգիշտի Մեխակյանի հոկտեմբերի ամսին կատարած Երևան-Փարիզ-Երևան ուղևորությունը: Նշենք, որ Երևան-Փարիզ-Երևան չվերթի էկոնոմ կարգի տոմսերը, օրինակ, առաջիկա ուրբաթ օրվա համար արժեն 520 եվրո՝ շուրջ 270 հազար դրամ: 

Հիշատակված վերջին երեք պայմանագրերը նախարարությունը կնքել է «Արմենիա Թրավել +Մ» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերությունն է հիմնականում սպասարկում ինչպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, այնպես էլ պետական այլ գերատեսչությունների ավիատոմսերը: 

«Արմենիա Թրավել +Մ» ընկերության բաժնետերերը եղբայրներ Հայկ և Արմեն Աշոտի Գրիգորյաններն են՝ Հայաստանի տուրօպերատորների ասիոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանի որդիները: Ընկերության հիմնադիրներից եղել է ինչպես ինքը՝ Մարինե Կպրյանը, այնպես էլ ամուսինը՝ Աշոտ Գրիգորյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ