HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում քաղաքապետի ընտրությունը ժամկետից շուտ տեղի կունենա

Հունիսի 7-ին, սահմանված ժամկետից 3 ամիս շուտ Ալավերդիում տեղի կունենա  քաղաքապետի հերթական ընտրություններ: Համայնքի ավագանու  ընտրությունները  Ալավերդիում կանցկացվեն 2016թ·-ին: Ընտրության նախապատրաստման եւ անցկացման քաղաքապետարանի միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝  ընտրական տեղամասերը Ալավերդիում կկազմավորվեն մինչեւ ապրիլի 23-ը:  Թեկնածուների գրանցման փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում կընդունվեն մայիսի 3-8-ը` մինչեւ ժամը 18:00-ն:  Թեկնածուների գրանցումը  կատարվելու է մայիս 8-13-ը` մինչեւ ժամ 18:00-ն: Ժամանակացույցով  նախընտրական քարոզչական աշխատանքների ժամանակահատվածը սահմանվել  է մայիսի 20-ից մինչեւ հունիսի 5-ը: Ժամանակացույցով նախատեսված են նաեւ նախընտրական  այլ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ Ալավերդու գործող քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի   պաշտոնավարման ժամկետը  լրանում է սեպտեմբերի 13-ին: «Իմ լիազորությունները դադարեցվելու են սեպտեմբերի 17-ին,  եթե  քաղաքապետի  ընտրությունը նշանակեին սեպտեմբերի 13-ին, ընտրություններին հաջորդող 4 օրերը բավարար չէին  լինում ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփման համար: Այս դեպքում նախընտրել են Ալավերդիում 3 ամիս շուտ անցկացնել համայնքապետի ընտրությունները»,- բացատրեց Ա. Վարոսյանը: Վերջինիս ասելով՝ ընտրված քաղաքապետը կպաշտոնավարի սեպտեմբերի 17-ից:

Քաղաքապետի սպասվող ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին մեր հարցին Արտավազդ Վարոսյանը խուսափեց պատասխանել: «Թեկնածուների առաջադրման նախօրեին կհայտարարեմ»,- ասաց նա: Այսուհանդերձ, Ալավերդիում արդեն շրջանառվում են քաղաքապետի երկու թեկնածուների`  Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ Կարեն Փարեմուզյանի եւ ալավերդցի Արթուր Աբգարյանի անունները:

Կարեն Փարեմուզյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմներից է, նրան առաջադրելու է «Հանրապետական» կուսակցությունը: 

Քաղաքապետի մյուս թեկնածուն` Արթուր Աբգարյանն, իր աշխատանքային կենսագրությամբ առանձնապես հայտնի չէ ալավերդցիներին: Նա Ալավերդիում  հայտի գործարար, Լալվարի քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանի եղբայրն է:

Թեկնածուներն արդեն սկսել են ընտրարշավը· մարտի 8-ի տոնի առթիվ քաղաքի բոլոր վարսավիրանոցներում ալավերդցի կանանց մազերը հարդարել են Արթուր Աբգարյանի հաշվին: Ըստ Ալավերդիում շրջանառվող լուրերի՝ Կարեն Փարեմուզյանն էլ տոնի առթիվ ծաղիկներ է բաժանել կին ընտրողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter