HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաղթանակած երկրում մարդիկ մնացին խաղից դուրս»

Երկար պատշգամբի անկյունում թափանցիկ ապակիներով ցուցափեղկն է: Այդտեղ դրված են 88-ի շարժման ժամանակ, պատերազմի տարիներին արված լուսանկարներ: Դրանց շարքում աչքդ միանգամից ընկնում է մեծ տրամաչափի փամփուշտին: Հետո նկատում ես ցուցափեղկի վերնամասում դրված լուսանկարը. թավ բեղ-մորուքով, փամփուշտների ժապավանները խաչաձև փաթաթած կրծքին` խստահայաց նայում է քեզ: Լուսանկարի կողքին Նոր կտակարանն է դրված:

Սա ազատամարտիկ Սամսոն Աթոյանի հիշողությունների անկյունն է: Կանգնել ենք այդ ցուցափեղկի առաջ, միասին դիտում ենք նկարները: Ասում է` իր մտահղացմամբ է ստեղծել ցուցափեղկը. «Էդպես բոլոր ընկերներս միշտ կողքիս են` և´ զոհվածները, և´ ողջերը»:


Տարիների հեռավորությունը զգացվում է Սամսոնի արդեն ճերմակած մազերից ու հոնքերից: Տարեթվերը, վայրերի անվանումները երբեմն չի հիշում, բայց հանգամանալից կարող է ներկայացնել մարտական գործողությունը:

Երթուղայինի վարորդից դեպի պատերազմի դաշտ

1988-ին Սամսոնն աշխատում էր երթուղայինների պարկում որպես վարորդ: Մի քանի անգամ կողքից էր հետևել օպերայի բակում հավաքված ցուցարարներին, հետո որոշեց ինքն էլ մասնակցել ցույցերին: Աշխատանքը թողեց ու միացավ միտինգավորներին: Այդ ժամանակ նա 48 տարեկան էր: «Էդ մարդկանց համար սկզբանական շրջանում մարոժնի, պերաշկի էի տանում»,- ժպտում է: Այնուհետ նշում է, որ հաջորդեցին հացադուլները, տղաների հետ 88-ի հոկտեմբերին Գերագույն խորհրդի շենքի դիմաց 14 օր հացադուլ արեցին: «Մենք էլ իր հետ էինք հացադուլ անում»,- խոհանոցից պատշգամբ մտնելով` ասում է նրա կինը: Ծիծաղում ենք, իսկ Սամսոնը շարունակում է պատմությունը:

«Օպերայի բակում տղերքն արդեն քննարկում էին ջոկատներին միանալու հարցը, մենք էլ որոշեցինք գնալ Կոռնիձոր: Էդտեղ 2 ամիս մնալուց հետո մոտ 30 տղաներով տեղափոխվել ենք Մեղրի` Շվանիձոր: Մի շարք անգամ հարձակումներ ենք կատարել Նյուվադիի վրա (այժմ` Նռնաձոր, նախկին ադրբեջանաբնակ գյուղ Մեղրու շրջանում- հեղ.): Այդ ժամանակաշրջանում 2 զոհ ունեցանք` աֆղանցինների Կարենն ու Վարդան Հովակիմյանը: Վարդանը մեր ջոկատից էր, իսկ Կարենը` Սմբատ Հակոբյանի խմբից: Նրանց տեղափոխեցին Երևան, հուղարկավորությունն այստեղ էր, էդ ժամանակ դեռ Եռաբլուրը չկար: Կարենն ու Վարդանն առաջին զոհերից էին մարտական դաշտում»,- պատմում է ազատամարտիկը:

Իրենց ջոկատը անվանեցին ի հիշատակ զոհված ընկերոջ` Վարդան Հովակիմյանի: Ջոկատը մոտ 9 ամիս մնաց Շվանիձորում:

Սամսոնը պատմում է, որ իր «ՌԱՖ» մեքենայով էին զինամթերքը տեղափոխում: Այնուհետ գնացին Սիսիանի գյուղերը: Այդտեղ էլ երկու ադրբեջանցու էին գերեվարել:

«Տարա Երևան` ՀՀՇ, որ տեղավորեին, որովհետև մտածում էինք, որ հետագայում կարող է գերիների փոխանակության հարց լինել»,- նկատում է զրուցակիցս:

Թվարկում է` մի քանի անգամ եղել են Գորիսում, Լաչինում, որտեղ և´ կրակոցներ եղան, և´ հարձակում, Նոյեմբերյանի Ոսկեպար, Շամշադինի Մովսես, Պառավաքար գյուղերում:

«Էդտեղից գնացինք Շահումյան, որտեղ մի շարք անգամ եղել ենք Վերինշենում, Կարաչինարում, Հայ Պարիսում: Էդտեղ էլ ծանոթացել ենք Մեղրյան Շահենի հետ, Չալյան Սերգեյի, Մոնթեի հետ, Գզողլյան Ֆելիքսի հետ…

Մարտական գործողություններ են եղել մի շարք, էնպես է եղել, որ հարձակվել ենք Շահումյանի հեռուստաաշտարակի վրա... Մենք չունեինք հեռահար զենք, երկու կարաբին էր, մեկն ինձ մոտ էր: Երկու կարաբինով աշխատել ենք, մինչև ճանապարհ է բացվել: Էդտեղ մեծ քանակությամբ զենք-զինամթերք ենք վերցրել»,- ասում է նա:

Ես չեմ ընդհատում նրան, երբեմն ինչ-որ դրվագներ պատմելիս դեմքը միանգամից կնճռոտվում է, ասում` պատմեմ, հետո ոնց կուզեք` շարադրեք: 

Պատմում է նաև, որ ադրբեջանցիների հարձակման ժամանակ Վերինշենում մոտ 300 հոգով շրջապատման մեջ էին ընկել: Հարձակումը թե´ օդից էր, թե´ ցամաքից` հրետանու ուժգին հարվածներով: «Էնպիսի հարձակում էր, որ պառկել էինք հողին, մոտ երկու ժամ չէինք կարողանում նույնիսկ կողք նայել, տեսնել կողքինը կենդանի է, թե չէ: Էդտեղ ոտքից վիրավորվեցի, բերեցին Երևան, բուժվեցի ու նորից վերադարձա խումբ»,- նշում է ազատամարտիկը:

Վազգեն Սարգսյանի հրամանով ջոկատը միացվել էր նախարարությանը, ու ստացել էին  հրահանգ` զենք-զինամթերք, սնունդ, վառելիք տեղափոխել ճակատ: Այդ ամենը տանում էին ուղղաթիռներով և ինքնաթիռներով: Սամսոնն ասում է, որ ուղղաթիռների լուսամուտներին գնդացիրներ էին հարմարեցրել, որոնցով ապահովում էին թռիչքի անվտանգությունը գետնից կամ օդից հավանական հարձակումների դեպքում:

Շուշիի ազատագրման մասին Ստեփանակերտում էին իմացել: Լաչինի ազատագրումից հետո էլ 27 մեքենա բենզին ու դիզվառելիք էին տեղափոխել Արցախի շրջանների համար: «Ստեփանակերտում բաժանում եղավ, թե քանի մեքենա որ հատվածը պիտի գնար` Մարտակերտ, Մարտունի, Շահումյան… 4 մեքենա վերցրել եմ երրորդմասցի Ալիկի հետ, Շահումյան գնացել: Այն ժամանակ ադրբեջանական կողմից խփում էին Թալիշից Շահումյան գնացող ճանապարհի վրա: Այդ 4 մեքենան հասցրել ենք Վերինշեն, էնտեղ էին փոքր Շահենը, Զինևիչը, տարել-հանձնել ենք էդ ամենը` վառելիքով, ամեն ինչով: Գետաշենի վրա հարձակում պիտի լիներ: Բայց մեր գնալուց 2 օր անց Երևանում լսեցինք, որ Շահումյանը հանձնվել է ադրբեջանցիներին ռուսների օգնությամբ»,- պատմում է զրուցակիցս:

Նա հստակեցնում է, որ իրենք քաղաքացիական ուղղաթիռներով էին տեղափոխումն անում: Ամեն ուղղաթիռի մեջ 8 գնդացրորդ կար: Ասում է` առանց իրենց ուղեկցության օդաչուները հրաժարվում էին թռիչք կատարել:

Ամենաբարդ առաջադրանքը

Սամսոն Աթոյանն իրեն տրված ամենաբարդ առաջադրանքը համարում է հակառակորդի դիրքերի ռմբակոծումը օդից: Ասում է, որ երկուական ուղղաթիռներով օդից գրոհում էին ադրբեջանցիների վրա: Նման գործողություններ կատարել են Իջեւանի հատվածում` Ջողազի ջրամբարի հարակից ադրբեջանական գյուղերի, Երասխավանի դեմ-հանդիման գտնվող Սադարակ գյուղի վրա: Երբ հարցնում եմ` չէին վախենում արդյոք հակաօդային պաշտպանությունից, միանգամից պատասխանում է. «Ուզում է գետնին լիներ, ուզում է օդում լիներ, երբ նստում էիր ուղղաթիռ, ոչ մի բան մտքովդ չէր անցնում, միակ բանը, որ մտածում էիր` հանձնարարությունը մաքուր կատարելն էր»:

Հրադադարից 6 տարի հետո է միայն դուրս եկել զինծառայությունից: «Իսկ ի՞նչ մեդալներ եք ստացել»,- հարցնում եմ նրան: «Մեդալներ կան, բայց չեմ հիշում»,- սա ասելուն պես փնտրում է մարտական ուղու մասին վկայող փաստաթուղթը: Բայց հետո չի բացում այն, ասում է` այսօր բաց ճակատով է նայում մարդկանց, որովհետև իր արածի մասին կարող են վկայել միայն էն տղերքը, ովքեր իր հետ միասին պայքարել են:


Ափսոսանքը

Պատերազմից 21 տարի անց, ըստ 75-ամյա Սամսոն Աթոյանի, թերի մնաց իրենց երազանքը: «Հաղթանակած երկրում մարդիկ մնացին խաղից դուրս: Էսօր ոչ աշխատանք ունեն, ոչ մի բան: Դա է հարցը»,- ասում է նա: Երազանքներից մեկը երկրի տարածքները մեծացելն էր: Իսկ այսօր երկրում շատ բան է փոխվել: Շեշտում է, որ երբ ելան պայքարելու, իրենց ապրելակերպը վատ չէր, բայց հրադադարից հետո այն սկսեց վատանալ:

«Ափսոսում եմ գիտե՞ս ինչի համար…»,- նրա ձայնը խզվում է: Ես լռում եմ: Աչքերը խոնարհում է սեղանի մոմլաթին ու շարունակում. «Եթե իրավիճակը նորմալ լիներ, իմ տղան կլիներ ինձ մոտ, չէր գնա դուրս և չէր մահանա այնտեղ… Ափսոսում եմ իմ տղուն կորցնելու համար, մահացավ Ռուսաստանում 13 տարի առաջ: Եթե էստեղ ունենար իր աշխատանքը, չէր թողնի-գնա էստեղից: Եվ ափսոսում եմ, որ էսօր մեր երիտասարդությունը դուրս է գալիս երկրից… Վաղը մյուս օրը չենք ունենա էն քանակի երիտասարդություն, որ գնա սահման, մեր հողն ու ժողովրդին պաշտպանի: Իմ ափսոսանքը դա է»:

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի և Սամսոն Աթոյանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter