HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հյուրանոցի եւ պատկերասրահի համադրությունից շահում է արվեստը

Ապակի, ստվարաթուղթ, ալյումին. գումրեցի նկարչուհի Տաթեւ Հարությունյանի «Իմ քաղաքը» աշխատանքը հայ-ճապոնական ցուցահանդեսում շատերի մոտ շփոթմունք էր առաջացնում, մանավանդ, երբ վաղօրոք չէին կարդում հեղինակի անունը: Գրեթե նմանատիպ վերաբերմունք կար նաեւ ցուցահանդեսին ներկայացված հայ նկարիչների մյուս գործերի նկատմամբ: Մարտի 8-ից 17-ը Տոկիոյում 21 հայ եւ 100 ճապոնացի արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը Միկիկո Մակի սանին պատկանող պատկերասրահում նվիրված էր Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացմանը եւ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-ամյա տարելիցին:

«Ոչ մի թեմատիկ ուղղվածություն չկար,- ասում է Հայաստանից մեկնած պատվիրակության ներկայացուցիչ, Գյումրիում գործող Gallery-25-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը,- տարել էինք 14 գործ գյումրեցի եւ 7 գործ երեւանցի արվեստագետներից: Անգամ աշխատանքները՝ կապված տեղափոխության հետ, մեծ չափսերի չէին, այնքան, որ տեղավորվեին ճամպրուկում: Այստեղ կարեւորը ասելիքն էր»:

Ըստ Ալեքսան Տեր-Մինասյանի` հատկապես արվեստում արվեստագետի ազգային պատկանելությունն առաջնային չէ: Համամարդկային արժեքների ստեղծման ֆոնին նկարիչը կամ քանդակագործը դառնում է համաշխարհային մշակույթի մի մասնիկը, ձուլվում նրան, եւ դու հայ ես, ֆրանսիացի, կամ թե ճապոնացի՝ հարցը հնչում է ամենավերջում:

«Ճանաչելի դառնալու համար պարտադիր չէ անպայման նկարել Գյումրին: Տոկիոյում կազմակերպված այդ ցուցահանդեսում ներկայացված կտավներում Գյումրին բացակայում էր, բայց շունչը խտացված էր բոլոր գործերում»,-նկատում է զրուցակիցս:

Gallery-25-ը գործում է «Բեռլին» հյուրանոցում: Ինչու՞ է հատկապես ընտրվել 25 թիվը: «Դե հյուրանոցը գտնվում է Հաղթանակի 25 հասցեում, դա էլ դարձավ որոշիչ անունի ընտրության հարցում»,-պարզաբանում է Ալեքսան Տեր-Մինասյանը: Կտավների եւ քանդակների համար որպես տարածք օգտագործվում են հյուրանոցի միակ միջանցքն ու հյուրերի համար նախատեսված համարները: Սա շատերին գուցե տարօրինակ թվա, սակայն Ալեքսան Տեր-Մինասյանը, ով ղեկավարում է հյուրանոցը, պնդում է, որ ներկայումս աշխարհում շատանում են արտ-հոթելները: «Ես համոզված եմ, որ 10 տարի անց «Բեռլին» հոթելը կունենա արվեստի գործերի սեփական կոլեկցիան»,-զրուցակիցս ժպտում է:

Նկարչուհի Տաթեւ Հարությունյանի ստեղծագործությունը

Գյումրիում «Բեռլին» պոլիկլինիկան կառուցվեց երկրաշարժից հետո՝ 1995-ին, այն Բեռլինի բնակչության նվերն էր աղետի գոտուն: Հանգանակված գումարի 1/3-ը Բուրդա ամուսինների ներդրումն էր: Հյուրանոցային մասը ստեղծվեց զուգահեռ՝ հումանիտար օգնության ծրագրով Գյումրի ժամանող օտարերկրացիներին հյուրընկալելու նպատակով: Հյուրանոցային բիզնես, այն էլ` 88-ի աղետից հետո նոր-նոր ոտքի կանգնող Գյումրիում, ֆանտաստիկայի ժանրից էր:

«Մենք հյուրանոցային բիզնես ասվածը հասկացանք միայն այն ժամանակ, երբ սկսեցինք անկում ապրել, երբ կառուցվեցին նոր հյուրանոցներ, հումանիտար օգնությունը եւս պակասեց, բնականաբար, մեր այցելուները եւս,- ասում է Ալեքսան Տեր-Մինասյանը,- ցավոք, տուրիզմ ասվածը, որ սերտ կապված է հյուրանոցային բիզնեսի հետ, Գյումրիում չի աշխատում: Մենք լավագույն դեպքում քարվանսարա ենք հանդիսանում դեպի Վրաստան ուղեւորվողների ճանապարհին: Մեկ կամ երկու գիշեր են տուրիստները մնում Գյումրիում, իսկ եթե Երեւանից են գալիս, ապա չեն էլ գիշերում՝ վերադառնում են մայրաքաղաքային հյուրանոցներ, որտեղ էլ ի սկզբանե եղել է իրենց հանգրվանը»:

Պատկերասրահի ստեղծման միտքը ծնվել էր գրեթե համատեղ հյուրանոցի սկզբնավորման հետ, սակայն վերջնական ձեւավորումը ստացավ 1999-ին: Առաջարկը՝ կազմակերպել նկարների ցուցադրություն հյուրանոցի տարածքում, գյումրեցի նկարիչներինն էր: Երկրաշարժից հետո քաղաքը զրկվել էր գործող պատկերասրահից, ու տարիների ընթացքում որեւէ վայրում մշտական ցուցադրություն ունենալու միտքը որոշ ստեղծագործողների բերեց «Բեռլին» հյուրանոց:

«Մենք մի ժամանակ օգտագործում էինք միայն մեր փոքրիկ տարածքի ազատ պատերը միջանցքում եւ նախասրահում, իսկ հետո մտանք համարներ,- պատմում է Ալեքսան Տեր-Մինասյանը,- մեր մոտ չկա 43 համարի սենյակ՝ գոյություն ունի նկարիչ Հակոբ Հովհաննիսյանի սենյակ: Այնտեղ ցուցադրված են նրա կտավները: Ունենք Վահան Թոփչյանի սենյակ, Կարեն Բարսեղյանի սենյակ, ընդհանուր առմամբ` 15 սենյակ, որտեղ ցուցադրված են 15 արվեստագետների աշխատանքներ եւ կոչվում են նրանց անունով»:

Gallery-25-ը համագործակցում է գյումրեցի 20 արվեստագետի հետ: Հյուրանոցային համարներում ցուցադրվող նրանց գործերը պարբերաբար թարմացվում են, թեեւ քիչ, բայց լինում են նաեւ վաճառքի դեպքեր՝ գնում են հիմնականում օտարերկրացիները: «Նույն Ճապոնիայում, թեկուզ ամբողջ աշխարհում, արվեստի գործ վաճառելն այնքան էլ հեշտ բան չէ: Բայց այդ նույն Ճապոնիայում նկարիչը, եթե անգամ տարվա մեջ որեւէ ստեղծագործություն չի կարողանում վաճառել, էլի վատ չի ապրում: Հայկական իրականությունն այլ է,-նկատում է Ալեքսան Տեր-Մինասյանը,-ստեղծագործողն անընդհատ փնտրտուքների մեջ է՝ թեմաների, կտավների վաճառքի, կենցաղային հարցեր լուծելու: Դա հոգնեցուցիչ է»:

Կարեն Ալեքյանի ստեղծագործությունը

Gallery-25-ում ցուցադրվում են եւ́ երիտասարդ, խոստումնալից ապագա ունեցող, եւ́ արդեն հայտնի ու վաստակաշատ արվեստագետների աշխատանքներ: «Մեր պարագայում կարող եմ ասել, որ հյուրանոցի եւ պատկերասրահի համադրությունից շահում է արվեստը,-զրույցն ամփոփում է Ալեքսան Տեր-Մինասյանը,-նաեւ հավելեմ, որ մենք հյուրանոց դարձանք էն պահից, երբ արվեստը մուտք գործեց: Ստեղծել ենք մի վայր, որտեղ կարելի է հանգստանալ, վայելել արվեստի գործեր, ծանոթանալ Գյումու պատմությանը եւ այլն»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter