HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ա. Մանուկյանի հաշվարկներով` կարելի է գազը էժանացնել 30 դոլարով, իսկ «գոտիները ձգելու դեպքում»` 50 դոլարով

Մի քանի օր է` Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: Այսօր էլ խմբակցությունները ներկայացնում են իրենց կարծիքը` քննարկվող հարցի վերաբերյալ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ «մենք ամենաշատ աթար վառող երկիրն ենք հիմա»: Պատգամավորը համեմատության համար նշեց, որ 2006թ.-ին Հայաստանը գազը գնել է 53 դոլարով, իսկ մարժան կազմել է ընդամենը 47 դոլար: Այսինքն` սահմանից մինչ քաղաքացի ավելացել է 47 դոլարով և սպառողին վաճառվել է 100 դոլարով: Այժմ մարժան կազմում է 185 դոլար:

«8-9 տարվա ընթացքում գինը սահմանից մինչև քաղաքացի 4 անգամ ավելացել է` 130 դոլարով: Սա մենեջմենթի շատ վատ, կամ նպատակաուղղված շատ վատ կազմակերպման արդյունք է և համեստաբար ասել, որ միայն այս հոդվածով 10 դոլարով գազի սակագինը իջեցնել»,-ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ եթե «գոտիները մի քիչ էլ ձգեն», 2009թ. ցուցանիշներով սակագինը կարելի է 30 դոլարով իջեցնել:

2015թ. համար, Արամ Մանուկյանի խոսքով, սակագինը կարելի է իջեցնել 5 դոլարով` մաշվածության և ևս 5 դոլար` եկամուտի հոդվածով. այժմ 13 մլրդ դրամ է շահույթի մասնաբաժինը մարժայի մեջ: Ըստ պատգամավորի` եթե ընդամենը 2.5 մլրդ դոլար իջեցնենք շահույթի բաժնից, որը նախկինի համեմատ դարձյալ բավականին բարձր է, 5 դոլարով էլ այստեղ կիջնի գազի գինը:

Արամ Մանուկյանն ասաց, որ 630.000 բաժանորդից 1890-ը` 10 հազար խորանարդ և ավել գազ վառողներն են: Արդյունաբերողների և քաղաքացիների գազի գնի տարբերությունը կազմում է 117 դոլար` ի վնաս մինչև 10 հազար խմ գազ օգտագործող քաղաքացիների: Պատգամավորն ասում է այս տարբերակումն ամենևին փաստարկված և փաստաթղթավորված չէ:

Արամ Մանուկյանի ձեռքին էր 752 գազ սպառող իրավաբանական անձի  ցուցակը, որոնք օգտագործում են 10 հազարից մինչև 10.500 խմ գազ: Պատգամավորը բացահայտեց` որպեսզի այդ իրավաբանական ընկերությունները անցնեն 10 հազար խմ գազի սպառումը և ավելի էժան վճարեն, ավել գազ են վառում ընդամենը 20խմ: Ցուցակում կան նաև 14խմ գազ վառող իրավաբանական անձինք:

«Ինչ է տեղի ունենում, նրա ամսավճարը միանգամից 1200 դոլարով իջնում է: Եթե ինքը վառում էր 10 հազար խմ-ից մի խմ ներքև պետք է վճարեր 394 դոլարով, իսկ չնչին ավել գազ վառելու դեպքում ընկնում է 277 դոլար վճարողների ցանկում: Հիմա ասեք` ձեռնտու է այս մարդկանց գազը վատնել, չվառել»,-ասում է Ա. Մանուկյանը:

Արամ Մանուկյանն առաջարկեց էջան գազ սպառողների ցուցակից հանել ոստիկանության, հրշեջ ծառայության բաժանմունքները, մարզպետարանները, ՍՊԸ-ները, քանի որ վերջիններս շահագրգռված չեն խնայողաբար գազ վառել:

«Մսխելը, գազը ավել ծախսելը և վատնելը ձեռնտու է, որովհետև իրենք ֆինանսական լուրջ հաջողություններ են ունենում»,- նշեց Արամ Մանուկյանը: Պատգամավորը նշեց, որ 3 դոլարով, եթե ավելանա նշված մարմինների գազի սպառման գինը, 6 դոլարով նվազելու է քաղաքացի սպառողների գազի գինը:

Պատգամավորի համեստ հաշվարկներով կարելի է գազը էժանացնել 30 դոլարով, իսկ «գոտիները ձգելու դեպքում»` 50 դոլարով: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծելուց հետո Հովիկ Աբրահամյանին հստակ հանձնարարվել է նախկին պաշտոնյաներին` Տիգրան Սարգսյանին և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին չկպնել: Տիգրան Սարգսյանին նշանակեցին այլ պաշտոնում, իսկ Արմեն Մովսիսյանին «Սերժ Սարգսյանը վերցրեց իր թևի տակ»` դարձնելով խորհրդական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter