HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչ մանկապարտեզ ունենք, ոչ դպրոց, գոնե ջրվեժն էլ ա՝ մնա, էս երեխեքը գնալու տեղ ունենան»

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքի իր էջում երեկ տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ Մեծ Պարնի համայնքում ինչ-որ անձինք սկսել են ստորագրահավաք՝ «Թռչկան» ՀԷԿ-ի կառուցման օգտին: Նշվում էր Հարութ անունով երիտասարդի մասին, ով իրականացնում է ստորագրահավաքը:

«Մեր ակտիվիստները փորձել են ճշտել տվյալ անձնավորությունից, թե ի՞նչ նպատակով են հավաքվում ստորագրություններ և բնակչության անձնագրային տվյալներ, ի՞նչ նամակի (հայտարարության) արձանագրության մասին է խոսքը, սակայն ապարդյուն: Մեր ակտիվիստներին չի տրամադրվել տվյալ նամակի (հայտարարության) արձանագրության տեքստը, և չեն տրվել բացատրություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հետագայում բնապահպան խմբի անդամ Ստյոպա Սաֆարյանի՝ Մեծ Պարնիի գյուղապետ Հրայր Յաղուբյանի հետ հեռախոսազրույցից հաստատվել էր, որ ստորագրությունները հավաքում է «Ռոբշին» ընկերության ղեկավար Ռոբերտ Օխանյանի եղբոր որդին՝ Վահրամը: Գյուղապետը նշել էր, որ համայնքում նման որոշում չի կայացվել, և դրականորեն էր արձագանքել Ս. Սաֆարյանի հորդորին՝ գտնել երիտասարդին և դադարեցնել ստորագրահավաքը:

Պարզելու համար, թե ինչ է կատարվում գյուղում, զրուցեցինք մի քանի մեծպարնեցիների հետ:

«Գիշերով եկեք, տեսեք՝ ոնց են սաղ գիշեր ավտոներով ռեյդ անում, տները մտնում, որ ստորագրություններ վեր ունեն, խանութ մտնում, պասպորտ հավաքում,- ասաց Նելլի Կոջոյանը:- Հետն էլ գիտեք՝ ոնց են անում. խաբում են, որ յանի չեն ուզում ՀԷԿ-ը սարքվի. ստորագրել են տալի, պասպորտը վեր ունում-տանում, բայց էդ հավաքողները հենց «Թռչկանը» (ՀԷԿ-ը - հեղ.) շինողնին են:

Հարցին՝ շա»տ են արդյոք հավաքված ստորագրությունները, Նելլին պատասխանեց. «Ինչի՞ չի շատ: Գիշերով ընկնում են տները, հավաքում, աղջիկ ջան: Որին երկու կոպեկ տալիս են՝ սոված նստած, ստորագրում են, պասպորտը տալի: Որ ճիշտն ասում ես, խոսում ես, ասում են՝ կլյաուզնիկ ա: Սաղս էլ մարդատեր, տղատեր ենք, մեր տղերքն էլ կողքներս չեն, հրե, Ռուսաստան: Դե, թող Օխանյանը գյուղին օգներ, մի գործ տար: Մենք փող չենք ուզում. տանս 6 աշխատող կա, սաղս՝ տանը նստած: Մի գործ տար, աշխատեինք»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Օխանյանը «Սպիտակ-1» շինարարական կազմակերպության տնօրենն է: Թռչկանում շինարարություն իրականացնող բանվորներն ասում են, որ նա ճանապարհներն է նորոգել ու կառուցել երկրաշարժից տուժած եկեղեցին:

Այս ամենին իր մոտեցումն արտահայտեց պարնեցի Սուրիկ Քոսյանը. «22 տարի ա՝ եկեղեցին ավերակ: Էդ ինչի՞ ա հիմա սարքում: Ճամփա շինող ա՝ գոնե մինչև իրա ախպոր դուռը շինի, հա, էլի ավտոները լավ կգնան-կգան»:

«Սաղ գյուղերի ճամփեքը սարքած, ամենավատը մեր գյուղինն ա,- հավելեց տիկին Նյուռան:- Ես զրպարտում չեմ, հրեն ապացույցները: Թող գան, հատ-հատ ցույց տամ»:

Այնուամենայնիվ, փորձեցինք պարզել, թե ով է Օխանյանը գյուղի համար:

«Էս 25 տարի ա՝ ըստեղ ապրում եմ, 25 տարվա մեջին տվյալ Օխանյանին չեմ տեսել:-ասաց Նելլի Կոջոյանը:- Իրա ախպերն ա էս գյուղում բնակվում: Ինքը Սպիտակում ա: Իրա հերն էլ ա ընդեղ ապրել»:

«Գյուղիցը նա մարդ չի ճանաչում: Նա ի՞նչ կապ ունի Թռչկանի հետ,- բուն թեմային անցավ Սուրիկ պապը:- Թռչկանը մեր պապերի վախտով էլ մեր յայլան ա եղել: Մեր պապերը մեզ են թողել: Մենք չե՞նք կարա մեր թոռներին թողենք: Էլի ջահելները մի գառ էին վեր ունում, գնում էին մի կտոր հաց ուտում»:

«Հլա էլի լավ-վատ, մենք Թռչկանը եկել ենք, մի կտոր հաց կերել ենք: Մեզանից հետո երեխեքն ինչ պըտի տենան ըստի: Մի չոբան ա, սաղս՝ ոչխար. առաջն են տվել, ինչ ուզում՝ անում են,- վրդովված ասաց տիկին Նյուռան:- Ոչ մանկապարտեզ ունենք, ոչ դպրոց ունենք, ակումբն՝ ավերակ: Գոնե ջրվեժն էլ ա՝ մնա, էս երեխեքը գնալու տեղ ունենան»:

Նելլին ևս բորբոքված էր. «Իմ անասունն ընդեղ ա արածում: Հիմա ու՞ր եմ տանելու: Գյուղումը նախագահ չկա, մարդ չկա: Ըստեղ պատերի տակին խոսում ենք, դուրս ենք գալի՝ դռանը խոսանք, երկու լավ տղա են գտնում ու արանքը գցում: Էլ ի՞նչ կարանք խոսանք»:

Փորձեցինք պարզել, թե ինչ վերաբերմունք ունեն պարնեցիները «Թռչկան» ջրվեժի մոտ արդեն 7 օր հերթապահող բնասերների նկատմամբ, ովքեր կասեցրել են ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները:

«Շատ էլ լավ եք անում, ապրեք,- ասաց տիկին Նելլին:- Գոնե դուք էլ ա՝ թասիբ ունեցեք, մեր ժողովրդի կողքին կանգնեք, էս հարցը լուծեք»:

Ժաննա Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter