HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանը մեծ ծավալի թանկարժեք մետաղի հանքանյութ է վաճառել Չինաստանին

2014 թվականին Հայաստանից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների խմբում  նոր անուն կա: Խոսքը թանկարժեք մետաղների հանքաքարի և խտանյութի մասին է, որի արտահանումը Հայաստանից 2014-ին զգալի ծավալների է հասել: Նախորդ տարիներին, բացառությամբ 2012-ի, այն չնչին ծավալ է ունեցել և երբևէ չի ներառվել  արտահանված բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների խմբում: «Թանկարժեք մետաղ» եզրույթը, ըստ ՀՀ մաքսային ծառայության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի, նշանակում է՝ արծաթ, ոսկի և պլատին (լուսնոսկի):

Ըստ մաքսային ծառայության՝ 2014-ին Հայաստանից արտահանվել է 5.8 հազ. տոննա թանկարժեք մետաղի հանքանյութ՝ ընդհանուր ավելի քան 32.7  մլն դոլար  մաքսային արժեքով: 

ՀՀ-ից արտահանված թանկարժեք մետաղների հանքանյութի ծավալն՝ ըստ տարիների (տոննա) | Create infographics

Թանկարժեք մետաղների հանքանյութը 2014-ին արտահանվել է Չինաստան՝ 5.18 հազ. տոննա: Փոքր քանակությամբ առաքվել է նաև Շվեյցարիա (623 կգ) և Ավստրալիա (15 կգ), ենթադրվում է՝ որպես ցուցանմուշ:

Հասկանալի է, թե ինչու է հիմնական գնորդը հենց Չինաստանը: Այս երկիրը ներկայում ոսկու խոշորագույն սպառողն է աշխարհում և ամենամեծ ծավալով ոսկի արտադրողը: Նախորդ տարի, ըստ պաշտոնական աղբյուրների, Չինաստանում ոսկու արդյունահանման ծավալը տարվա կտրվածքով աճել է 6%-ով և կազմել 465.7 տոննա:

2012-ին ևս թանկարժեք մետաղների հանքանյութ էր արտահանվել Չինաստան՝ 2090 տոննա: Եվս 1470 տոննա՝ Շվեյցարիա: Այսինքն՝ մինչև 2012-ը այս ապրանքի նկատմամբ հետարքրություն չի եղել, բայց այդ տարի և մեկ տարվա դադարից հետո Չինաստանին հետաքրքրել է հայկական թանկարժեք մետաղների հանքանյութը, քանի որ այդ երկրում աճել է թանկարժեք մետաղների պահանջարկը:

Այս ապրանքախմբից Հայաստան չի ներմուծվում: Ներմուծվելու դեպքում էլ՝ մի քանի կգ: Որոշ բացառություն է կազմում 2010 թվականը: Այդ տարի ներմուծվել է 33.7 տոննա:

Արտահանողի կամ արտահանողների անունները գաղտնի են պահվում

Թե որ ընկերությունը կամ ընկերություններն են Հայաստանից թանկարժեք մետաղների հանքանյութ արտահանում, չի հրապարակվում: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ ըստ օրենքի՝ այդ տեղեկությունները համարվում են հարկային գաղտնիք և ենթակա չեն տրամադրման:

Թանկարժեք մետաղների հանքանյութի արտահանման դեպքում Հայաստանի պետական մարմինները հստակ չեն իմանում, թե տվյալ հանքանյութից որքան թանկարժեք մետաղ է արդյունահանվել, քանի որ տվյալ պարագայում արդյունահանման աշխատանքները կատարվում են հանքանյութի վաճառքից հետո՝ երկրից դուրս: Նման դեպքերում հանքանյութի վաճառքը միջինացված ցուցանիշների հիման վրա է տեղի ունենում:

Ծրագրեր՝ թանկարժեք մետաղների հանքանյութի հետ կապված

 2014-ի հոկտեմբերին ՀՀ կենտրոնական բանկի և «Թեքնոսերտ» ընկերության միջև ստորագրվեց Հայաստանում թանկարժեք մետաղների (հիմնականում ոսկու և արծաթի) զտարկման (աֆինաժի) գործարանի ստեղծման «Մտադրությունների մասին» հուշագիր: «Թեքնոսերտ»-ի խորհրդի նախագահն է «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիր, «Արմսվիսբանկի» խորհրդի նախագահ, «Արցախբանկի» խորհրդի անդամ, Ֆրանսիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը (Վարդան Սիրմաքեշ):

Գործարանի հիմնական նպատակն է լինելու 999.9 հարգի բանկային ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը և վաճառքը Հայաստանում ու միջազգային շուկայում՝ Հայաստանում արդյունահանվող ոսկու և արծաթի հանքանյութի (խտանյութի) մշակումով:

Նշվել է, որ թանկարժեք մետաղների զտարկման գործարանի գործարկումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել Հայաստանում ոսկու արդյունահանման և զտարկման ծառայությունների արդյունավետությունը:

Թեպետ գործարանի բացման ժամկետները չեն հայտարարվել, բայց կանխատեսելի է, որ այն կարող է նպաստել Հայաստանից թանկարժեք մետաղների հանքանյութի արտահնաման ծավալների նվազմանը: Շատ, թե քիչ՝ կախված կլինի գործարանի ցույց տված արդյունքներից:

Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի՝ Հայաստանում մետաղական օգտակար հանածոների թվում առկա է 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային հանքավայր:

 

 

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Այդ արտահանումը իր կարգին: Սխալ է գրել 5.8 հազար տոննա և 32.7 մլն դոլար՝ միջակէտով. պէտք է գրել ստորակէտով՝ 5,8 և 32, 7 որովհետև ասոնք տասնորդական կոտորակ են, և հայը տասնորդական կոտորակը կը գրէ ստորակէտով: Միւս կողմէ՝ սխալ է նաև 500,000 ՀՀ դրամ-ը՝ ստորակէտով. սա ալ պէտք է գրուի միջակէտով կամ պարզապէս կէտով՝ 500.000 ՀՀ դրամ, քանի ամբողջակաան թիւերու դասդասումը հայը կը կատարէ միջակէտով կամ կէտով: Անոնք մեր հանքերը կը վաճառեն, դուք մեր լեզուն կը վաճառէք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter