HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջունգլը» նախկինում դատապարտվել է ծեծի համար. պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Դատախազը որոշել է վերացնել ծանր հանցագործության մեջ մեղադրվողների կալանքը. փաստաբանը նման նախադեպ չի հիշում

Անցյալ տարի հուլիսի 15-ին հիվանդանոցում դաժան ծեծից հետո մահացած 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով դատաբժշկական փորձաքննությամբ պատճառահետևանքային կապ չէր արձանագրվել նրա մահվան ու երկու օր առաջ Նոր Նորքի 7-րդ զանգվածում նրան ծեծի ենթարկելու միջև: Սակայն պաշտպանական կողմը միջնորդել էր, որ կատարվի լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն: Այս մասին մեզ տեղեկացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 13-ին Վարդան Թումանյանի և Բաբկեն Սարգսյանի միջև վիճաբանություն էր եղել շախմատի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի որդին՝ Գևորգ Սարգսյանը՝ «Ջունգլ» մականունով և նրանց ազգական Սարգիս Ղուկասյանը դաժան ծեծի էին ենթարկել Վարդանին դստեր և կնոջ ներկայությամբ։ Հուլիսի 15-ին Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ Գևորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը կալանավորվել էին հուլիսի 18-ին, մեկ անձի հետախուզում էր հայտարարվել, իսկ Բաբկեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Փաստաբանի խոսքով, առողջապահության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը տվել է տարօրինակ մի եզրակացություն, ոստ որի, քանի որ Վարդան Թումանյանը եղել է հիվանդ, ուրեմն ծեծն ու մահը պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում: «Որպեսզի եզրակացության ողջ աբսուրդը հասկանանք, մոտավորապես այսպես պիտի տրամաբանենք. միևնույնն է՝ Վարդանը ծեծվեր-չծեծվեր այդ օրը պիտի մահանար»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը: 

Դրանից հետո դատախազն անգամ մեղադրանքը չփոփոխած՝ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, և անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ) մեղադրվող «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանի և նրա ազգական Սարգիս Ղուկասյանի կալանքը որոշել է վերացնել:

Հայկ Ալումյանն ասում է, որ փաստաբանական իր գործունեության ընթացքում երբևէ չի հիշում դեպք, երբ քաղաքացին մեղադրվի ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասով, ու դատախազը որոշի նրա կալանքը վերացնել:

«Ջունգլի» ու Սարգիս Ղուկասյանի ազատվելու մասին տուժող կողմն իմացել է պտտվող լուրերից

Լրացուցիչ փորձաքննության եզրակացության ու մեղադրյալներին ազատելու մասին տուժող կողմն իմացել է Նոր Նորքում պտտվող խոսակցություններից: Բայց նախ փորձագետի եզրակացությունը, ըստ օրենքի, պիտի ներկայացնեին կողմին ծանոթացման, հետո տուժող կողմը պիտի իր դիրքորոշումը արտահայտեր: Սպանվածի այրին ու քույրը Նոր Նորքում ապրողներից են լսել, որ մեղադրյալները ազատության մեջ են: «Ընդ որում մահացածի կինը դեռ շատ վաղուց ասում էր, որ իրեն լուրեր են հասել, որ մեղադրյալները ազատ են արձակվելու: Իրեն նաև լուրեր էին հասել, որ մեղադրյալների հարազատները դրամահավաք են արել, գումարը չի հերիքել, տունն են գրավ են դրել ու վարկ են վերցրել: Մենք պարզել ենք, որ այն գրավադրված է: Այդ ամեն ինչի հետևում կարող է պատահի կան կոռուպցիոն երևույթներ: Ու այսքանից հետո մեզ պետք է ինչ-որ մեկն ասի, որ այստեղ կոռուպցիա չկա՞»,- շեշտեց փաստաբան Ալումյանը:

Տուժող կողմի փաստաբանը հետո է պարզել, որ ապրիլի 2-ին է քննիչը ստացել եզրակացությունը, ամսի 6-ին փաստաբանն է իմացել եզրակացության մասին:

Հայկ Ալումյանը նշեց, որ արդեն միջնորդել են անել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, քանի որ, նրա գնահատմամբ, կոպտագույն խախտումներ են եղել լրացուցիչ փորձաքննության ժամանակ: «Այնպես, որ տուժող կողմը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել»,-ասաց փաստաբանը:

ՀՀ սահմանը չհատած հետախուզվողին 9 ամիս է՝ չեն կարողանում հայտնաբերել

Կա ևս մեկ անձ՝ Վիկտոր անունով, ով մասնակցել է ծեծին, հետախուզման մեջ է, սակայն նա չի հատել ՀՀ սահմանը: «Հետախուզվողը Հայաստանում է, բայց 9 ամիս է՝ նրան չեն գտնում: Այդպիսի բան կարող է լինել մի դեպքում, երբ իրականում քաղաքացուն չեն փնտրում: Հենց միայն նրա համար, որ Հայաստանում չեն կարողանում 9 ամիս հետախուզման մեջ գտնվողին հայտնաբերել, արդեն ոստիկանությունում պիտի դատվողներ լինեն»,- ասում է փաստաբանը:

«Ջունգլը» նախկինում դատապարտվել է, պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Գևորգ Սարգսյանը՝ «Ջունգլը»  «Մարտեր առանց կանոնների» մարզաձևի պրոֆեսիոնալ սպորտի վարպետ լինելով, 2009թ.-ի դեկտեմբերի 13-ին Ջերմուկում ծեծի է ենթարկել Մխիթար Գրիգորյանին՝ փորձելով վերցնել 2.000 դոլար: Ըստ մեղադրանքի, օգտագործել է հատուկ մարտական հնարքներ, հարվածել է տուժողի գլխին ու դեմքին՝ կոտրելով Գրիգորյանի այտոսկրի ճակատային ելունը: Նա չի կալանավորվել, այլ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությամբ չբացակայելը: 2010 թ-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը արագացված դատաքննությամբ նրան դատապարտել է 3 տարա ազատազրկման, սակայն ՔՕ 70 հոդվածի կիրառմամբ, այսինքն՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: 

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Նման «հերոսներ» և «դատարաններ» լայնօրէն բաւարար են Հայաստանը դժոխքի վերածելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter