HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԿԲ նախագահը 54 մլն դրամով ձեռք է բերել ևս մեկ առանձնատուն

Սա Արթուր Ջավադյանի երրորդ առանձնատունն է: Նրա մյուս երկու առանձնատները ձեռք են բերվել 2011թ-ին՝ 105 մլն դրամով և 20.350.000 դրամով: 2013թ. 74.500.000 դրամով առանձնատուն գնել է նաև Ջավադյանի կինը:  

Հայաստանում կան պետական մարմիններ, որտեղ մեծ գումարների հետ գործ ունեն, սակայն հասարակությունը մեծամասամբ տեղյակ չէ, թե ինչպես, որտեղ և ինչ նպատակներով են այդ գումարները ծախսվում: Այդ «հիմնարկներից» մեկն էլ Կենտրոնական բանկն է: Այստեղ գրեթե ամեն ինչ պետական, բանկային, ծառայողական գաղտնիք է, նույնիսկ գնումները, թե ասենք՝ որտեղից, ինչ գնով են ընթացիկ կարիքների համար ապրանքներ ձեռք բերել՝ սովորական մահկանացուներիս համար «անհասանելի» է: Արդյունքն էլ լինում է այն, որ բարձր աշխատավարձեր ստացող ԿԲ-ի խորհրդի անդամները, նախագահը տարեց տարի ավելացնում են իրենց կարողությունները:

Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը 2014թ. 54.000.000 դրամով ձեռք է բերել առանձնատուն: Սա ԿԲ նախագահի առաջին առանձնատունն ու անշարժ գույքը չէ: Նույն տարվա հունիսին, երբ Ա. Ջավադյանը վերանշանակվեց նույն պաշտոնում, հայտարարագրել էր երկու առանձնատուն, մեկ բնակարան, չորս հողամաս: Արթուր Ջավադյանը նաև խոշոր դրամական միջոցներ է կուտակել: 2014թ.  նա ունեցել է 110.000.000 դրամ, 470.000 դոլար, 160.000 եվրո: Իսկ եկամուտները կազմել են մոտ 27.685.000 դրամ, որից մոտ 24.560.000 դրամը աշխատավարձն է:

ԿԲ նախագահը, որպես եկամուտ հայտարարագրել է նաև տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսները՝ 35.179 դոլար, ինչպես նաև մոտ 2000 եվրո:

Նշենք, որ Արթուր Ջավադյանը 2012թ. էլ 24.000.000 դրամով ձեռք էր բերել հուշամեդալ

Արթուր Ջավադյանի կինը՝ Հասմիկ Մանուկյանը, հետ չի մնում իր ամուսնուց: 2014թ. նա 28.445.000 դրամով գնել է «LEXUS NX300H 2.5GAS» մակնիշի ավտոմեքենա:

Հասմիկ Մանուկյանի դրամական միջոցները կազմել են 60.000.000 դրամ, 470.000 դոլար և 380.000 եվրո: Իսկ տարեկան եկամուտը եղել է մոտ 15.362.000 դրամ, որից 3.637.000 դրամը՝ աշխատավարձն է, իսկ մնացածը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարներն են ու վարձակալության դիմաց ստացված վարձավճարները: Հ. Մանուկյանը որպես եկամուտ հայտարարագրել է նաև արտարժույթով տրված փոխառություններից ստացած տոկոսագումարները՝ 34.661 դոլար և 3725 եվրո:

Նշենք, որ ամեն տարվա տարեվերջի դրամական միջոցները պետք է համընկնեն հաջորդ տարվա սկզբի դրամական միջոցների հետ: 2013թ. տարեվերջին Հասմիկ Մանուկյանի հաշվին եղել է 390.000 եվրո, սակայն չգիտես ինչու ԿԲ նախագահի կինը 2014թ. սկզբին հայտարարագրել է 380.000 եվրո: Ստացվում է, որ Հ. Մանուկյանը 10.000 եվրոն «տակով» է արել:

Լուսանկարը՝ «Առավոտի»

Մեկնաբանություններ (1)

president
Ալեքսանդր Մակեդոնացին մեռնելուց առաջ խնդրեց, որ իրեն թաղեն ձեռքի ափերը բաց. ներկաները տեսնեն, որ հետը ոչինչ չի տարել: Այս փոքրիկ մարդու օրն անցնում է կուտակելու և հայտարարագիրը մի կերպ իրականությանը համապատասխանացնելու տառափանքների միջով: Հարիֆ էր Ալեքսանդրը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter