HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճարովի «անվճար բուժօգնություն»` երաշխավորված պետության կողմից

Անի Հովհաննիսյան, Մարինե Մադաթյան 

Երեւանի պոլիկլինիկաների խորհրդային արտադրության սարքերի վերաբերյալ մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ վերոնշյալ բուժհաստատություններում բնակիչները չեն կարողանում լիակատար հետազոտություն անցնել` սարքերի ժամկետանց եւ անսարք լինելու պատճառով:

«Հետքը» զանգահարել էր բոլոր պոլիկլինիկաներ, հարցրել, թե արդյոք իրականացնում են ռենտգենի, ֆլյուրոգրաֆիայի եւ դենտալ ռենտգենի հետազոտություններ: Պարզվեց, որ Երեւանի 24 պոլիկլինիկաներից 9-ը չեն կարողանում ամբողջական հետազոտման եւ ախտորոշման ծառայություններ մատուցել բնակիչներին, քանի որ համապատասխան սարքեր չունեն կամ եղածը չափազանց հին է ճշգրիտ ախտորոշում տալու համար:

ՀՀ առողջապահության նախարարությունը սահմանել է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության չափորոշիչները, ըստ որոնց` համապատասխան սարքավորում չունենալու դեպքում պոլիկլինիկան պարտավոր է իր տեղամասային այցելուին ուղեգրել մեկ այլ բուժհաստատություն` հետազոտման: Երկու հաստատությունների միջեւ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր, որով սարքեր ունեցող կազմակերպությունը պարտավորվում է անվճար սպասարկել այլ պոլիկլինիկայի տեղամասի բնակիչներին: Ըստ այդ պայմանագրի` պատվիրատու պոլիկլինիկան, որը չունի համապատասխան բուժսարքավորում, պարտավորվում է պետության կողմից հատկացված գումարը վճարել կատարող բուժհաստատությանը:

«Թե ինչ պետք է անեն սարքերի հնության պատճառով անվճար հետազոտումից զրկված մյուս պոլիկլինիկաների չուղեգրվող քաղաքացիները» հարցին ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից գրել են. «Աշխատակազմի առողջապահության վարչությունից հայտնում են, որ Երևանի ենթակայության թվով 24 ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություն մատուցող բուժհաստատություններից ընդամենը 3-ում առկա չեն ռենտգեն կաբինետներ, և մեկ պոլիկլինիկայում ռենտգեն ապարատը գտնվում է անսարք վիճակում, սակայն վերջիններս պայմանագիր են կնքել այլ բուժհաստատությունների հետ՝ ռենտգեն հետազոտություններ իրականացնելու համար»:

Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն` միայն երկու պոլիկլինիկա է ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել՝ հիվանդներին ուղեգրելու համար: Պայմանագրերից մեկով՝ «Նորագավիթ» պոլիկլինիկան այցելուներին ուղեգրում է թիվ 13 պոլիկլինիկա, իսկ մյուսով` թիվ 9 պոլիկլինիկան ուղեգրում է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Միևնույն ժամանակ քաղաքապետարանը տեղեկացնում է. «Վերջին երեսուն տարիների ընթացքում առաջին անգամ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2014թ. ձեռք է բերվել 2 նոր սերնդի ռենտգեն ապարատներ, իսկ բուժհաստատությունները ամբողջությամբ նոր սարքավորումներ հագեցնելու համար անհրաժեշտ են ֆինանսական մեծ միջոցներ»:

Լուս.՝ yerevan.am-ից

Նշենք, որ պետբյուջեից քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաների համար սարքավորումների ձեռք բերումը կատարվում է ոչ թե քաղաքապետի նախաձեռնությամբ, այլ Երևան համայնքի բյուջեի տարեկան ծրագրով: Իսկ «Հետքի» հարցումը քաղաքապետարանին վերաբերում էր ոչ թե նրան, թե երբ են բոլոր պոլիկլինիկաներում սարքերը նորացվելու, այլ թե ինչու չաշխատող սարքավորումների պատճաով անվճար բուժօգնությունից զրկված հիվանդները չեն ուղեգրվում այլ հաստատություններ:

Ընդամենը մեկ օր պահանջվեց` զանգահարելու եւ պարզելու, թե պոլիկլինիկաներից քանիսը հնարավորություն ունեն ամբողջական հետազոտություն իրականացնելու եւ քանիսը` ոչ: Իսկ ինչու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը տեղյակ չէ, որ թիվ 4, 8, 12, 16, 22, «Կարմիր բլուր» պոլիկլինիկաներում չեն կարող իրականացնել ֆլյուրոգրաֆիայի կամ ատամի կամ էլ այլ հատվածների ռենտգեն հետազոտություններ:

Քաղաքապետարանը միգուցե տեղյակ չէ նաեւ, որ այս պոլիկլինիկաները վերոնշյալ ծառայությունների համար պայմանագիր չունեն այլ բուժհաստատությունների հետ` հիվանդներին ուղեգրելու համար:

Եթե հնարավոր չէ միանգամից նորացնել սարքավորումները բոլոր պոլիկլինիկաներում, ինչպես նշում է քաղաքապետարանն իր պատասխանում, ապա «քաղաքապետի նախաձեռնությամբ» նոր սարքավորումներ ձեռք բերած պոլիկլինիկաները կարող են սպասարկել բոլոր այն հիվանդներին, ում տեղամասային պոլիկլինիկան չունի համապատասխան սարքավորումը:

Պոլիկլինիկաների միջեւ ծառայությունների մատուցման պայմանագիր չկնքելով` քաղաքապետարանը խնայում է պետբյուջեի միջոցները: Քաղաքացիները, չկարողանալով հետազոտվել իրենց պոլիկլինիկաներում անվճար, ստիպված են այցելել մասնավոր բուժհաստատություններ:   

Հիշեցնենք, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter