HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք անչափահաս ունեցող ընտանիքը կարող է հայտնվել փողոցում

Կապանի Ձորք թաղամասում հատկապես առավոտյան կարելի է լսել փողոց մաքրող տիկին Անահիտի ավելի քըստքըստոցը: Նախկինում նրան օգնում էր նաև դուստրը` Մարինեն, ով երկրորդ կարգի հաշմանդամ է: Անահիտը ժպտալով է բարևում անցորդներին, ծանր բեռ ունեցողներին առաջարկում է օգնել:

Արդեն 10 տարի նա իր աղջկա ընտանիքի հետ բնակվում է տնային կառավարության` համատիրության գրասենյակում: Գրասենյակի այն հատվածը, որտեղ ապրում է ընտանիքը, նախկինում հանդիստությունների սրահ է եղել: Գրասենյակը ժամանակին թաղամասի մեծ խանութներից մեկն էր, հիմա այստեղ են գտնվում և´ թաղամասի ոստիկանի, և´ տնային կառավարչի սենյակները:

Դեռևս երկու տարի առաջ այս ընտանիքի մասին հոդված էի պատրաստել, բայց որևէ արձագանք չեղավ: Մարինեն ամեն անգամ ինձ տեսնելիս հարցնում է, թե ինչ արձագանք կա: Դա ամենաբարդ հարցն է, որովհետև պատասխանի փոխարեն բառերը կծկվում են, կոկորդս չորանում է: Չգիտեմ` ի՞նչ պատասխանել նրան: Այս անգամ փողոցում տեսնելով ինձ` նույն հարցը տալու փոխարեն ասաց, որ իրենց ժամանակ են տվել` համատիրության գրասենյակից դուրս գալու համար. որոշել են կրկին հանդիսությունների սրահ ստեղծել թաղամասի բնակիչների համար:

Երեկոյան երբ գնացի նրանց տուն, այսինքն` համատիրություն, դուռն ուշացումով բացեց Մարինեն: Խնդրեցի զրուցել: Ասաց` տունը մի քիչ թափթփված է, վաղը գանք, ամաչում է, որ այդ վիճակում տեսնենք: Բացի դրանից, երեխաների տուն գնալու օրն է: Մարինեի 3 երեխաները սովորում և ապրում են Կապանի թիվ 3 հատուկ դպրոցում: Միայն շաբաթ-կիրակի օրերին են տուն գնում: Հաջորդ օրը երեկոյան նորից գնացինք նրանց տուն:

Հանդիսությունների մեծ սրահը երկու մասին բաժանում է ցելոֆանը, որը ձմռանն են կախում` բնակելի հատվածը համեմատաբար տաք պահելու համար: Այստեղ մի քանի իրեր են` փայտի վառարանը, երկու հին բազմոց, մեկ թախտ և երկարավուն սեղանները` փայտե նստարաններով: Սեղանին պարույրով ջեռոցն է կամ, ինչպես իրենք են ասում, «փոքրիկ խոհանոցը»: Տիկին Անահիտն արագ թափ է տալիս բազմոցը, որն առանց դրա էլ մաքուր է, խնդրում է, որ նստենք: «Չմտածեք, թե կեղտոտ է»,- ասում է: Իսկ սենյակը կոկիկ է, մաքուր:

60-ամյա Անահիտ Հովսեփյանը պատմում է, որ դեռ 10 տարի առաջ վաճառել է տունը պարտքերի պատճառով: Ասում է` միայն 1000 դոլարի ջրի պարտք ուներ: Ստացած գումարով կիսավեր տուն են գնել քաղաքի Անդոկավան թաղամասում: Մի որոշ ժամանակ փորձել են ապրել այնտեղ, բայց չի ստացվել, քանի որ օձեր կային, առաստաղը փլվում էր: «Մի տարի թաքուն ապրեցի տնային կառավարության շենքում: Քարտուղարուհուն խնդրել էի, որ ոչ մեկին չասի, որովհետև ոչ մի տեղ չունեի մնալու: Ցերեկը էրեխեքին հանում էի դուրս, որ հանկարծ տնային կառավարիչը չնկատի, խառնված վիճակ էր: Հետո տնային կառավարչին ասացի, որ էդտեղ եմ ապրում, խնդրեցի, որ մնանք: Ինքն էլ ասաց` ոչինչ, մնացեք: Հետո մենակ չէի, աղջիկս էլ երեք երեխաների հետ էր: Միասին էինք ապրում: Հետո երկու տարի էլ էն մյուս աղջիկս` Կարինեն էր իր 2 երեխաների հետ ապրում էստեղ»,- պատմում է տիկին Անահիտը:

Կարինեն երկու երեխա ունի: Երկու ամիս է` տեղափոխվել է վարձով տուն: Տիկին Անահիտի ասելով` երկու աղջիկներն էլ ամուսնալուծված են, իսկ որդին Կրասնոդարի գյուղերից մեկում է բնակվում: Նա էլ առողջություն չունի, կինը հիվանդանոցում է, իսկ երկամյա փոքրիկին սրտի վիրահատություն են արել ամիսներ առաջ: «Էն էլ իմ օգնության կարիքն ունի, բայց Մարինեի ընտանիքին չեմ կարա թողնեմ, գնամ»,- նկատում է Անահիտը:

Այդ ընթացքում Մարինեն իր երկու երեխաների հետ նայում է մեզ, անընդհատ անցուդարձ է անում սենյակում: Երեխաներից ավագը` Սվետլանան, տուն չմտավ մեր այցելության ժամանակ, Անահիտն ասաց` ամաչում է:

Մարինեն, ըստ մոր, ի ծնե հոգեկան հիվանդություն ունի, երկրորդ կարգի հաշմանդամ է: Ասում է` բժիշկների համար զարմանալի է, որ նա մինչ օրս ապրում է: Հոգեկան հիվանդություն ունի նաև Մարինեի ամուսինը, ով երրորդ կարգի հաշմանդամ է: 3 երեխաներից Անդրանիկին էլ փոխանցվել է ծնողների հիվանդությունը: 10-ամյա տղան առաջին կարգի հաշմանդամ է: Մեր ամբողջ զրույցի ընթացքում նայում է ձայնագրիչին, երբեմն դիպչում դրան: Հարցնում եմ, թե ինչ երազանքներ ունի: Ժպտում է: «Օզումըմ, վըր մըզ վարձավ տոն նի» (ուզում եմ, որ մեզ վարձով տուն լինի)»,- ասում է Անդրանիկը, հետո ավելացնում, որ եթե վարձով տուն ունենա, աթոռներ կսարքի տան համար: 13-ամյա Սվետլանան սիրում է ձեռագործություն անել, 9-ամյա Մոնիկան էլ որոշել է բժշկուհի դառնալ:

Ընտանիքին երբեմն օգնում են թաղամասի բնակիչները` հին հագուստ են տալիս: Տան իրերը, օրինակ` բազմոցները, տիկին Անահիտի խոսքով, փողոցում է գտել, երբ մարդիկ նորն են գնել, հինը հանել են փողոց, ինքն էլ թույլտվություն է հարցրել, վերցրել: Ուտելիքը Մարինեն է բերում բարեգործական ճաշարանից: «Եթե դա էլ չլինի, չենք հասցնի: Ես նախկին առողջությունը չունեմ, փողոցներ եմ մաքրում, ամսական 49, լինում է` 50.000 դրամ եմ ստանում: Խանութներին աշխարհի պարտքն ունենք»,- ասում է զրուցակիցս:


Մարինեն ստանում է 19.000 դրամ հաշմանդամության թոշակ, որդին` 21.000: Ամուսինը, ըստ տիկին Անահիտի, չի օգնում ընտանիքին:

«14 տարի առաջ ամուսնացավ Մարինեն, բայց համարյա միշտ ինձ հետ է ապրել: Իմ սաղ մտածմունքը Մարինեն է»,- ասում է մայրը: «Էն օրը երեխեքին վերցրել էի, գնացել սկեսուրիս տուն, մեզ դուրս արեց, ասում է` էստեղ հյուրանոց չի, դուրս եկեք»,- ավելացնում է Մարինեն:

«Ժամանակը լրացել է, էստեղ պիտի նավես սարքեն: Էն օրը ասացին` էստեղ տուն չի, գիտեք, բա ե՞րբ եք դուրս գալիս»,- նշում է տատն ու ձեռքով մաքրում թաց աչքերը: Ասում է` վարձով տուն էլ չեն տալիս իրեն, որովհետև Մարինեն իր հետ է: Հարցնում եմ` ինչո՞վ է խանգարում Մարինեն: «Երևի հիվանդ աղջիկ է, դրա համար տուն չեն տալիս, ասում են` եթե մենակ դու լինես, քեզ կտանք: Չգիտեմ` մեզ որ էստեղից հանեն, ի՞նչ է լինելու սրանց վերջը»,- ասում է տիկին Անահիտը:

Մեկնաբանություններ (7)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Gevorg Lachinyan(2) - Այս ընտանիքի մասին մի քանի տարի առաջ էլ նմանատիպ հոդված կար: Հիմա բոլորին ասա,թե այս ընտանիքի «3 բնակարանները» կոնկրետ ո՞րտեղ են:..................................................... Իսկ ի՞նչու հոդվածի հեղինակուհին չի պատասխանում կոմենտ 2-ին և նույն օգտատերի ներքևի ՖԲ-յան կոմենտին (որ իբր այս ընտանիքը 3 բնակարան ունի):
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես մի առանձին հոդված կգրեի Գևորգ Լաչինյանի (երեխայի խնամակալության հետ կապված) դատական որոշումների մասին: Կարդալով իր ՖԲ-յան էջը՝ այն տպավորությունը ստացա,որ այս տղան էլ օգնության և ուշադրության կարիք ունի:
Մարինե Մարտիրոսյան
Հարգելի՛ Գևորգ Լաչինյան, բոլորովին ցանկություն չունեմ ներգրավվել Ձեր և Կարինե Բունյաթյանի ներընտանեկան և դատական խնդիրների մեջ: Ցանկանում եմ մասնավորապես Ձեզ համար շեշտել, որ այս հոդվածը, եթե ուշադիր չեք կարդացել, Անահիտի և նրա հետ ապրող Մարինեի ու վերջինիս 3 երեխաների մասին է, իսկ Ձեր նախկին կնոջ մասին ընդամենը 2 տող է գրված թռուցիկ: Ամբողջ Ձորք թաղամասը ու նաև World Vision կազմակերպությունը գիտեն սոցիալապես անապահով այս ընտանիքի մասին, որտեղ կա 3 անչափահաս, 2 հաշմանդամ: Ու լավ օրից չէ, որ 3 երեխաներն էլ հատուկ դպրոցում են անցկացնում շաբաթվա 5 օրը: Եթե խնդիր ունեք Կարինեի հետ, մի փորձեք Ձեր տեսակետը փաթաթել մարդկանց վզին՝ այդ թվում նրանց, ովքեր օգնելու ցանկություն կունենան Մարինեենց: Անահիտ Հովսեփյանը, ըստ ընտրողների ռեգիստրի տվյալների, գրանցված է Ձորք թաղամասում, Մարինեն՝ Հալիձորում: Սակայն նրանք միայն հաշվառված են, ինչը չի նշանակում, թե այդ տները նրանց սեփականությունն են, կարծում եմ՝ տարբերությունը հասկանում եք: Այս հոդվածը պատրաստվել է մինչև Հրաչ Ջաբրայանի 100.000 դոլար նվիրատվության մասին հայտարարությունը, այնպես, որ դադարեք ստեր հորինել: Եվս մի բան. մարդուն հրապարակային վիրավորելու հիմքով (օրինակ՝«գուրզա») կարող եք ինքներդ կանչվել դատարան ու ենթարկվել մինչև 1 մլն դրամ պատասխանատվության (սա ընդունեք իբրև անվճար իրավաբանական խորհրդատվություն): Եվ վերջում՝ Ձեր և Կարինեի կոնֆլիկտի մասին որոշ տեղեկություններ ենք իմացել, սակայն այդ ամենը, ինչպես և Ձեր մեկնաբանությունները, դուրս են այս հոդվածի շրջանակներից, այնպես որ չենք հրապարակում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Gevorg Lachinyan - Ես կարդացել եմ քո ՖԲ-յան գրառումները՝ այս թեմայի շուրջ: Եթե քո գրառումները փաստեր են ու դու այս ընտանիքի նախկին փեսան ես ու նախկինում դատեր ես ունեցել երեխայի խնամակալության համար, ապա այս հոդվածը լրիվությամբ չի լուսաբանում այս ընտանիքի ու երեխաների վերաբերյալ բոլոր փաստերը: Բայց՝ ես հասկացա հետևյալը. տարիներ առաջ (պարտքերի պատճառով) իրենց տունը վաճառել են ու պարտքերը տվել: Մնացած փողով կիսավեր-էժան սեփական 1-2 տուն («դոմիկ») են կարողացել առնել քաղաքի մոտակայքերում: Բայց երկար այնտեղ չեն կարողացել ապրել՝ հավանաբար ձմռան ցրտի, փողի պակասի, քաղաքից հեռու լինելու ու երեխաների ներկայության պատճառով: Եթե ջանդ մրսում ու քաղցած է՝ դժվար է դիմանալ դոմիկում. սա բոլորի համար է այսպես: Իսկ սկեսուրը չի թողնում,որ իր տանը ապրեն: Մնացածի (դատական գործերի ու ներ-ընտանեկանի) մասին բան չեմ կարող ասել. չգիտեմ:
Gevorg Lachinyan
Անդոկավան 2/8-ը Մարինկա բունյաթյանի ու անահիտ հովսեփյանի անունով,և Բարիկավան 1/30 կարինե բունյաթյանի անունով,Հալիձորի 17/2 Մարինկայի ամուսնու տունը,որտեղ մոտ 12 տարի ապրել են ընտանիքով ու այժմ միայն սկեսուրն է ապրում:
Gevorg Lachinyan
Ժողովուրդ ջան:Ես այս գերդաստանին լավ եմ ճանաչում:Լսել են քաղաքին 100.000դոլար են նվիրել,ուզում են օգտվել:Այդ ապրելավոճը նրանց արյունում է:«ԽՈՂԻՆ ԴՐԻՆ ԽԱԼՈՒ ՎՐԱ,ԳԼՈՐՎԵԼՈՎ ԸՆԿԱՎ ՑԵԽԸ,ԱՍԱՑ՝ԻՄ ՏԵՂԸ ՍԱ Է»իսկը իրենց է վերաբերվում:Շատերն են ճանաչում,ու լավ գիտեն դրանց:
Խաչատուր Մարոզյան
Այս դատավարությունը իր տեսակի և որակի մեջ եզակի չէ: Հուզականությամբ դժվար թե որևէ մեկին հիմա զարմացնել հնարավոր լինի, առավել ևս գութ շարժել, քանզի այդ էտապը վաղուց արդեն անցել ենք: Սառնասրտորեն պետք է պայքարել իրավական ճանապարհով և ցույն դատական ակտի անօրինական լինելը հանել ի ցույց իրավական ուղղով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter