Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Անդրանիկ Ալեքսանյան. «Մոտակա 5 տարին մեր ՏՏ ոլորտի ուղղվածություններից մեկը պետք է լինի բովանդակության ստեղծումը»



«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար, «Արմինկո»-ի հիմնադիր Անդրանիկ Ալեքսանյանը:

Պրն Ալեքսանյան, Դուք եղել եք ինտերնետի սկզբնավորման ակունքներում: Ինչպես կբնութագրեք ինտերնետի զարգացումը Հայաստանում:

Ով կարող էր մտածել, որ 30 տարի առաջ ինտերնետ կամ պլանշետ, Iphone հեռախոս կլիներ: Նույն կերպ հետաքրքիր եղել է, երբ ինտերնետն էր զարգանում Հայաստանում, որովհետև դրանից առաջ կար տելեգրաֆ, մորզեի այբուբեն, ու մարդիկ համարում էին, որ շատ կարևոր խնդիր է, և կյանքի մի հատված է, երբ մարդիկ օգտվում են այդ գիտության զարգացումից, և դա ամենալավն է: 10-20 տարի հետո մի նոր տեխնոլոգիա կարող է առաջանալ, որը շատ ավելի զարգացած է, քան այսօր մենք ունենք:  Հիմա մեզ բախտ է վիճակվել ապրել ու աշխատել այդ ժամանակահատվածում: Մարդկանց այն խումբը, որոնք ինտերնետի զարգացման ակունքներում էր, իրենք էլ չգիտեին ինտերնետն ինչ է: Երբ մեկին հարցնում էիր էլեկտրոնային փոստի մասին, որպես պատմական հիշողություն, ասում էին, բա մեր փոստատարներն ինչ են անելու, այդքան աշխատատեղ, խնդիր: Հիմա այնպես ստացվեց, որ այդ քննարկումների ընթացքում այն մարդիկ, որոնք համարում էին, որ իրենց այդ էլեկտրոնային փոստը պետք չի, ավելի լավ է ինչ-որ մարդ ծրարը ձեռքով տանի հանձնի, մի քանի տարի հետո պարտադիր պայման էին դնում, որ իրենք պետք է ունենան էլեկտրոնային փոստ: Կար ժամանակ բոլոր մարդիկ ֆաքս էին միացնում, կային բազմաթիվ անեկդոտներ ֆաքսի վերաբերյալ՝ ֆաքսը մեր տունն է եկել, էդ ֆաքսին ասեք թող էլ չգա և այլն:

Ինտերնետի զարգացումը որպես տեխնոլոգիական խնդիր մեր երկրում շատ չի ուշացել, քան մյուս երկրներում էր: Մեր խնդիրը միայն կապուղիներն էին, մարդկային ռեսուրսների մասով նորմալ է եղել: Եթե համարենք, որ 30 տարի ինտերնետը կա, այն թռիչքային զարգացում է ունեցել: Առաջին հինգ տարին, երբ խնդիրը էնտուզիազմի վրա էր ու ոչ ոք չէր խանգարում, շատ ավելի լավ էր զարգանում: Հետո կար միջամտություն՝ պետություն, մասնավոր հատված, մոնոպոլիաներ, որը ինչ-որ ձևի խանգարեց զարգացմանը: Չքննարկենք՝ ինչ ստացանք: Ստացանք էն, ինչ այսօր ունենք: Եթե չլիներ, կարող է ավելի լավը լիներ, բայց այսօր ունենք սա: Այդ ժամանակահատվածում մենք ինչ-որ երկրներից ավելի հետ մնացինք, որը մեր տնտեսության վրա անդրադարձավ այնպես, ինչպես որ անդրադարձավ:

Երկար տևեց այդ ժամանակահատվածը:

Այստեղ արդեն հարց է առաջանում՝ պատճառն ինչն էր, ով էր մեղավոր, ինչ խնդիրներ կային: Թող ամեն մարդ, կազմակերպություն ինքը որոշի, թե իր արած գործն այդտեղ ինչն էր՝ լավ է արել, թե վատ: Ես կարծում եմ, որ ինտերնետը մեր երկրում աճել է փուլային: Միջանկյալ մասում խնդրը կապուղիներն են եղել, հիմա մեր մոտ խնդիրը բովանդակությունն է: Ինտերնետ կապուղիները քիչ էին, դանդաղ էր ինտերնետը, մոնոպոլ վիճակ էր, ու գների մեծ տարբերություն կար՝ ասենք՝ 2 մեգաբիթը 20 տարի առաջ ինչքան արժեք, հիմա ինչքան արժե: Ամեն դեպքում, ինձ թվում է՝ հնարավոր էր ավելի լավ զարգացնել: Եթե չի արվել, հետ չգնանք, չի արվել:

Եթե բաժանենք հատվածների, կստացվի, որ սկզբում, երբ նոր էր սկսվում ու լավ չէին հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մենք բուռն աճեցինք: Հենց սկսեցին լավ հասկանալ, սկսվեց էքսցեսներ՝ ով է, ինչի, ում հետ են կիսում կամ չեն կիսում այդ խնդիրները: Արդեն ինտերնետի, որպես ծախսվող ու սպառվող նյութի, գինը չի համապատասխանում իր եղածին: Այն շատ ավելի էժան ապրանք է, քան կա, բայց դրա պահպանման ծախսերն են շատ: Եթե դու չունես բովանդակություն, այդ գիծը ոչ ոքի պետք չէ: Եթե մենք առաջ կպնում էինք ամերիկյան ինչ-որ ինֆորմացիոն ռեսուրսի և այնտեղից նյութեր էինք բերում, գիծը դրա համար էր կարևոր ու թանկ, հիմա մեր բովանդակությունը կողքի սենյակում պիտի լինի, որ մենք ներսում էլ աշխատենք, ու դրա համար ավելի շատ գործիք է պետք: Մեր երկրում այնքան կապուղի կա, որը նույնիսկ շատ է, իր արագությունով, որակով մեզ լրիվ բավարարում է:

Որոշ պրովայդերներ նույնիսկ վերավաճառում են հարևան երկրներ:

Վաճառքի էվոլյուցիան եկավ: Առաջ մենք բոլորից առնում էինք, հիմա արդեն վաճառում ենք: Մենք հոմ բովանդակություն չենք վաճառում այսօր: Դրա համար եկել ենք մի վիճակի, երբ առաջին մասն անցնանք՝ ուզում էինք միանալ աշխարհում եղած սարդոստայնին լավ գծերով, միացանք: Դա մեր մոտ տևեց 20 տարի: Հիմա գծերով ի՞նչ անցկացնենք: Աշխարհում տրաֆիկի 70-80% պոռնո է: Դրանից զատ մարդիկ ինչ հետաքրքրություն ունեն. դրա վրա մտածենք ու այնպես անենք, որ մեր բովանդակությունը թե դրսից, թե ներսից ավելի հետաքրքիր լինի: Դրսի բովանդակության պակաս չունենք: Հայկական բովանդակության վրա պետք է աշխատել: Եթե փողոցում կանգնեցնենք 50 մարդու, հարցնենք՝ վերջին այցելած 10 էջերը, 10 %-ը հայկական լուրեր են կարդում, մնացած մասը դրսի հետ է: Սա իմ կարծիքն է: Հայկական ուրիշ ի՞նչ բովանդակություն կա, մի 5 տոկոս էլ խանութներ, 5  % էլ՝ այլ բաներ: 20-25 տոկոս հայկական նյութեր, բայց դա օրվա մեջ 10 րոպեից 1 ժամ է զբաղեցնում: Մնացած հատվածը մենք դրսում ենք: Եթե բաժանենք լեզվի խնդիրը, ստացվում է, որ մենք ավելի շատ ռուսական էջերում ենք:

Կարծում եմ, որ մեր մոտ ինտերնետը որակական մասով մրցակցային է: Ով էլ որ գա Հայաստան դրսից, վերցնի ինտերնետ, չի կարող ասել, որ իրենց երկրում ինտերնետը շատ ավելի լավն է: Նույնիսկ կարող ենք ասել՝ շատ եվրոպական երկրներից լավն է: Որ ոչ մեկին չգովազդեմ, ես համարում եմ, որ այն մարդիկ, ովքեր այսօր զբաղվում են դրանով, որակից հասկանում են: Ոչ ոք չի կարող ասել, որ հայկական ինտերնետը որակապես ինչ-որ բանով զիջում է, ենթադրենք, չեխական կամ ավստրիական ինտերնետին: Զիջում է միայն բովանդակային մասով, որը չունենք: Ինձ թվում է՝ ժամանակի խնդիր է, ներդրում է պետք անել ու բովանդակություն ստեղծել:

Ինչպիսի՞ բովանադկության պակաս կա:

Կարծում եմ, որ մեր համար սկզբնական շրջանում պետք են վիճակագրական նյութեր: Հետո գիտության վերաբերյալ, դպրոցականներին հետաքրքրող նյութեր են անհրաժեշտ: Այսինքն՝ դպրոցից սկսվի, որ հեքիաթներ, երգեր, խնդիրներ կարողանան գտնել, որ կամաց-կամաց աճի, որովհետև, օրինակ, բժշկական նյութեր թարգմանելու համար մեծ ծախսեր են պահանջվում: Պետք է փորձել Wikipedia-ի նման ամեն մեկն իր մասով ներդրում անի: Բայց երբ թարգմանեցինք, դրեցինք, հետո ինչպե՞ս ենք պահում, որտե՞ղ: Սերվերներ են պետք: Պետք են մարդիկ, մասնագետներ որ պահեն, հետևեն այդ սերվերներին: Google-ը Google է դարձել, որովհետև մեծ ներդրում են արել: Դրան մենք պետք է գանք: Մոտակա հինգ տարին մեր ՏՏ ոլորտի ուղղվածություններից մեկը պետք է լինի բովանդակության ստեղծումը:

Ինտերնետ տրաֆիկի մեծ մասը սոցիալական ցանցերին է բաժին ընկնում: Դուք որևէ սոցիալական ցանցից օգտվո՞ւմ եք:

Ես չեմ օգտագործում, նույնիսկ համակարգիչ չունեմ: Ես համակարգչի մոտ օրվա մեջ առավելագույնը լինում եմ 30 րոպեից մեկ ժամ: Ես համարում եմ, որ ինձ համակարգիչ պետք չէ: Ես չեմ ուզում համակարգչի գերին լինեմ: Ինձ պետք են աշխարհիկ կյանքի հետաքրքրությունները: Այդ համակարգչի մոտ ով որ 10 ժամ նստի, դառնում է գերի: Եթե ես 10 ժամ նստեմ համակարգչի մոտ, իմ մոտ ի՞նչ կավելանա՝ առողջությունս կվատանա: Այդ սոցիալական ցանցերը կարևոր են այնքանով, որքանով պետք են: Պետք է ճիշտ օգտագործել: Դանակը որ հորինել են, հորինել են, ենթադրենք, խնձոր կտրելու համար: Չեն ասել՝ գնա մարդ սպանի: Քնից արթնանում  են, այդ անտերը ձեռքն է Facebook-ով, զուգարան է գնում, այնտեղ է: Չափ պետք է ունենա:

Կան երկրներ, որ միջոցներ են ձեռնարկում և որոշ սոցիալական կայքեր արգելափակում են: Կարծում եք՝ արժե՞ որևէ բովանդակություն արգելափակել երկրում:

Պիտի վատ լինի, որ լավի գինը հասկանաս: Ես համարում եմ, որ մեր երկիրը լավ երկրներից մեկն է աշխարհում: Կան և բազմաթիվ վատ բաներ, բայց մենք ուրիշի վատը չենք տեսնում, մեր վատն ենք միայն տեսնում: Գնա մի երկրի օդանավակայան, իրերդ մի պատահական տեղ թող, միանգամից կգողանան: Բայց կարող է լինի օդանավակայան, որտեղ մարդիկ ավելի դաստիարակված են, և այդ պահին քո բախտը բերում է, չեն գողանում, բայց գող-ավազակ բոլոր երկրներում կա: Աշխարհում մի 10 երկիր կա, որտեղ բանտ չկա: Իրենք բռնավորներին տանում ուրիշ տեղ են դատում: Ամեն մի երկիր, իր խաղի կանոններից ելնելով, ինքն է որոշում: Իմ մասնավոր կարծիքով, եթե մարդ ուզում է մեկի հետ կռվի, սպանի, կգնա կանի: Հիմա եթե մենք ասում ենք՝ այդ սոցիալական ցանցերով պոռնո նայելը լավ չէ, բայց մարդկանց մի տարիք կա, որ պետք է նայի, հետո պիտի հասկանա ու չնայի: Բայց եթե պոռնո նայելը բերում է դեգրադացիայի, պետք է սկզբունքորեն արգելի: Եթե դու ուզում ես լրիվ փակել, դրա այլընտրանքային տարբերակը մարդիկ կհորինեն կամ կգտնեն: Ես կողմնակից եմ մինչև 15 տարեկան երեխաների մուտքը այդ կայքեր փորձել սահմանափակել, թող ինքը էվոլյուցիոն զարգացմամբ գա դրան: 5-րդ դասարանում դա չնայի, այլասերված կմեծանա: Ես սկզբունքորեն դեմ եմ փակել-բացելուն, որովհետև դա ավելորդ ծախս է: Մեր երկրում չեն փակում: Այնքան խելոք լինենք, որ մենք որոշենք՝ այնտեղ չգնալ, ինչպես որ եթե այս ռեստորանը վատն է, մի գնա:

Ի՞նչ է անում այժմ «Արմինկոն», որի հիմնադիրներից մեկը նաև Դուք էիք:

Կարծում եմ, որ պիոներ մասը մենք անցել ենք, հիմա եկել են նոր խաղացողներ, որոնք ավելի շատ ներդրում են արել այդ գործում, ավելի հաջողակ են: «Արմինկոն» իր առաքելությունն արել է՝ լավ, թե վատ, թող ուրիշներն ասեն: Հիմա շուկայում գոյություն ունի, աշխատում է: Ոչինչ չի պակասել, միայն ծավալային մասով է փոփոխություն եղել՝ ինտերնետ մատակարարում է, հեռախոսային ծառայություններ մատակարարում է: Եթե առաջ ուներ, ենթադրենք, 100 օգտվող, հիմա ունի 50 օգտվող: Գնային մասն է փոփոխվել, դրա համար կփնտրեն ուղղություններ, կգտնեն: 25 տարի մնալ համար առաջին դժվար է, պետք է ռեսուրս, ժամանակ և այլն: Պետք է խաղի մեջ մտնել պատվով և պատվով էլ դուրս գալ:

Ինչո՞ւ ժամանակի հրամայականին զուգընթաց չզարգացավ և նոր տեխնոլոգիաներով չսկսեց աշխատել նաև «Արմինկոն»:

Պետք է կարողանաս ներդրումներ անել, ուղղվածություններ վերցնել և որոշես, կարող ես այդ մեծ ծավալը վերցնես և չվերցնես մեծ խնդիր, հետո տակից դուրս գալ չկարողանաս: Բիզնեսում միշտ չես կարող առաջինը լինել: «Արմինկոն» վերցրել էր մի ծանրաձող, որը կարող էր պահել: Հիմա ավելի լավ է չբարձրացնես ծանր ծանրաձող, որ ընկնի քո վրա ու տակից դուրս չգաս, մնացյալ բոլոր խնդիրները, թե ինչու «Արմինկոն» 20 տարի առաջ սկսել է, հիմա չի կարող, գալիս են մոտեցումներից, թե ինչ տեխնոլոգիա ես դու ներդրել: Եթե մենք առաջ ունեինք, ընդունենք, «Ժիգուլու» տաքսու պարկ, հիմա մեկ ուրիշը բերել է «Մերսեդես»: Հիմա դու ոնց մրցես նրա հետ: Աշխատի մի «Մերսեդես», ասա՝ ես էլ կարող եմ:

Ինչ ծրագրեր կան, շարունակելո՞ւ է մնալ դաշտում:

«Արմինկոն» կմնա այնքան, որքան ինքը կհամարի, որ անելիք ունի: Եթե մի երկու տարի հետո ինտերնետը մի հատ լավ բան հորինի ու մենք ավելի լավ կարողանանք անել, մեկ ուրիշը չկարողանա, գուցե անենք: Ամբիցիան զուտ բիզնեսի մասով է, քաղաքական ու տնտեսական մասը երկրորդ, երրորդական խնդիրներ են:

Հայաստանյան ինտերնետի դաշտում սեփականատերեր գերակշռող մասը ռուսական ընկերությունների ձեռքում է: Արդյոք դա կարո՞ղ է որևէ վտանգ ներկայացնել Հայաստանի ազգային անվտանգությանը:

Լիներ դա ռուսական թե Զիմբաբվեի,  ինտերնետ ցանց ասածը, վերցնենք հայկական մասը մինչև Սադախլո, մերն է, դրանից հետո պիտի ուրիշի կպնես: Ինչու մենք չունենք Երևանից Ֆրակնֆուրտ գիծ, մենք հոմ «Բրիտիշ տելեկոմը» չենք, որ ունենանք: Հարցը երկու մասի է բաժանվում՝ լավ կլինի մենք հարուստ երկիր լինեին ու ունենայինք: 10 տարի հետո կունենանք, որովհետև նավթը կպակասի, մենք ջուրը կծախենք, էդ փողը կտանք, գիծ կքաշենք: Բայց կարող է վաղը շատ ավելի ուժեղանանք, երկու արբանյակ բաց թողնենք: Ամեն մի երկրի օդում տեղ է տված, չես կարող արբանյակ բաց թողնել, տեղդ վարձով տուր: Մենք հիմա հլը որ տեղը վարձով ենք տալիս:

Կարող է գա մի ժամանակահատված, որ , օրինակ A գործերը տնտեսապես ձեռնտու լինի տեղափոխել լարով, B գործերը՝ օդով: Գծի սեփականատեր ուրիշ երկիր կամ ուրիշ մարդ լինելը սկզբունքային չէ: Եթե դու ուզում ես քո բովանդակությունը ոչ ոք չկարդա, կոդավորի. և ոչ ոք չի կարող կարդալ: Եթե դու կարծում ես, որ քո գիծը անցնում է Ադրբեջանով կամ Թուրքիայով, ինքը կարող է մաքսիմում քո գիծը կտրել: Թուրքերը եթե ուզենան կարդալ, պետք է լիքը փող ծախսեն, մենք էլ որ գիտենք կարող են կարդալ, էս ճանապարհի փոխարեն մյուս ճանապարհով կուղարկենք: Իմաստը տնտեսական չէ, զուտ քաղաքական է, որի դեմը լուծում կա: Դրա վրա պետք է քիչ ուշադրություն դարձնել: Հիմա որ մեր ճանապարհները փակ են, մենք չե՞նք կարող ապրել: Էսօր ռուսներն էլ, վաղն էլ կծախեն աֆրիկացիներին կամ մենք կառնենք:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ