HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորների ձկնաբուծարանները խոշորների ցանկում են

Չնայած ձկնաբույծների բողոքներին' ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափեր տեղադրելու գործընթացը սկսվել է: Առաջին ջրաչափի փորձարկմանը Սիփանիկ գյուղում ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա անդրադարձել է նաեւ վերջին շրջանում ձկնաբուծության ոլորտում մենաշնորհ հաստատելու վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին: «Քննադատության կա, թե այս ամենը կատարվում է նրա համար, որ ջրօգտագործողների եւ ձկնաբույծների ոլորտում ձեւավորվեն նոր մոնոպոլիաներ, ինչն, իհարկե, անհեթեթություն է: Մեր գործողությունները վկայում են այն մասին, որ առաջին հերթին հսկողությունը սկսելու ենք իրականացնել խոշոր տնտեսություններից,- ասել է վարչապետը եւ հավելել:- Բոլոր ստուգումներն ու ջրաչափերի տեղադրումը սկսելու ենք խոշոր ձկնաբուծական ընկերություններից' տեղափոխելով նրանց օրինական դաշտ»:

Բնապահպանության նախարարության կայքէջում արդեն տեղադրվել է խոշոր ջրօգտագործող ձկնաբուծական տնտեսությունների ամբողջական ցանկը: Ըստ այդմ' Արմավիրի մարզում մեծ ծավալի ջրօգտագործող տնտեսություն է համարվում Արմեն Բունիաթյանի' Գայ գյուղում գտնվող տնտեսությունը, որտեղ 4 խորքային հոր կա' 450.0 լ/վրկ ջուր:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է ՕԵԿ-ական պատգամավոր Արտյոմ Բաղդասարյանի եղբայրը' Արթուր Բաղդասարյանը:

Նրա տնտեսությունում 5 խորքային հոր կա՝ վայրկյանում 406.0 լ/վրկ ջուր:
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում գտնվող «Կոնստանտին եւ քույրեր» ՍՊԸ-ն եւս 5 խորքային հոր ունի:

Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը, բացի այս ՍՊԸ-ի հիմնադիրը լինելուց, ունի նաեւ ձկնաբուծական այլ տնտեսություններ Ջրառատում եւ բացի վերոնշյալ 5 հորից՝ եւս 3 հոր է շահագործում:

Ջրօգտագործող մյուս խոշոր ընկերությունը Գայ գյուղում գրանցված «Ակվատեխավտոմատիկա»-ն է, օգտագործում է 9 հոր:

Ընկերության հիմնադիրներից է Ձկնաբույծների միության նախկին նախագահ Արկադի Գեւորգյանը: Վերջինս 7 հորատանցք է օգտագործում նաեւ Արաքս գյուղում, եւս 3-ը' Արարատի մարզի Սիս գյուղում:

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում 14 խորքային հոր է շահագործում Գեւորգ Գեւորգյանը: Արմաշում 16 խորքային հոր ունի «Կարպալճային» ԲԲԸ-ն: Երկու խոշոր հոր ունի նաեւ «Էկոֆիշ Տրեյդ» ընկերությունը, որի հիմնադիրներից մեկը նաեւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է:

Պետռեգիստրի տեղեկատվության համաձայն՝ ընկերության մյուս հիմնադիրներն են՝ Շահբազյան Կարեն, Աբրահամյան Հովհաննես Հ., Թադեւոսյան Հովիկ Վ., Սարկիսյան Ռաֆայել, Շահբազյան Արման Հ.:

Արարատի մարզի Նորամարգ գյուղում 8 խորքային հոր է շահագործում «Սպիտակ դելֆին» ընկերությունը: Այն պատկանում է Երեւանի Շամպայն գինիների գործարանի սեփականատիրոջը' Հրայր Ֆրանսիկի Հակոբյանին:

Անցյալ տարի «Հետքը» բնապահպանության նախարարությանը խնդրել էր տրամադրել խոշոր ջրօգտագործող տնտեսությունների եւ ջրօգտագործողների անունները: Մեզ տրամադրված եւ նախարարության կայքէջում օրերս հրապարակված ցանկերը չեն համապատասխանում իրար:

 Օրինակ' մեզ տրամադրված ցանկում պատգամավորի եղբայրը' Արթուր Բաղդասարյանը, որպես խոշոր ջրօգտագործող ներառված չէր:

«Բեգաս ֆիշ» ընկերության հիմնադիրներից է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գոհար Ենոքյանը: Հետաքրքիրն այն է, որ ԲՆ-ի՝ մեզ տրամադրած ցանկում «Բեգաս ֆիշ» ընկերությունը երկրորդ խոշոր ջրօգտագործողն էր, իսկ նոր ցանկում այն 78-րդ տեղում է:

Գոհար Ենոքյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Բեգաս ֆիշ» ՍՊԸ-ում ինքը փոքր մասնաբաժին ունի, սակայն տնտեսությունն այժմ չի գործում: Պատգամավորը նաեւ դժգոհեց ջրաչափերի տեղադրման գործընթացից' նշելով, որ դրանք առաջնահերթ պետք է տեղադրվեն խոշոր տնտեսություններում, իսկ չգործող ձկնաբուծարանում, ինչպիսին «Բեգաս ֆիշ»-ն է, տեղադրելն անիմաստ է: Գոհար Ենքոյանը, սակայն, չնշեց, թե ինչպես պետք է վերահսկվեն չգործող ձկնաբուծարանի ջրերը եւ ինչու պետք է աննպատակ հոսեն:

«Բնապահպանական աղե՞տ, թե՞ կոալիցիոն ձկնաբուծություն» հետաքննական հոդվածաշարում «Հետքը» անդրադարձել էր նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Արարատի մարզի Սիս համայնքում գտնվող ձկնաբուծարանին:

Տնտեսության տեխնոլոգը հայտնել էր, որ իրենց տնտեսությունում 7-8 հոր կա, որոնցից մի քանիսը 300-400 լ/վրկ ջուր են թողարկում: Սակայն ԲՆ հրապարակած ցուցակում այդպես էլ չկարողացանք գտնել, թե որն է Ս. Ալեքսանյանի տնտեսությունը: Այդ քանակությամբ հոր ունեցող որեւէ տնտեսություն Սիս գյուղում գրանցված չէ:

Հետեւաբար, կամ ցուցակն է թերի, կամ Ս. Ալեքսանյանի ոչ բոլոր հորերն են հաշվառված: ԲՆ ցուցակում կասկածելի են նաեւ ջրի ծավալներին վերաբերող տվյալները, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter