Կիրակի, 17 դեկտեմբերի

Ալավերդին ծխի մեջ է



Այսօր՝ ժամը 11:00-ից  մինչև 15:00-ն, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի  մետալուրգիական արտադրամասից մեծ քանակությամբ արտանետումներ են եղել:  Ծուխը տարածվել է գործարանի սանիտարական գոտու բնակելի շենքերից  մինչև քաղաքի Կախոյան, Թումանյան, Հայպետշին,  Շահումյան և Սանահին կայարանային թաղամասերը:  

Այս պահին ծխի արտանետում է  նկատվում նաև  գործարանի տարածքի ծխնելույզից:  Ս/ Սարահարթ թաղամաս բարձրացող ճանապարհի առաջին շրջադարձից Ալավերդու ներքին հատվածի  թաղամասերը ծխի մեջ չեն երևում: Հիշեցնենք, որ գործարանի արտանետումների 99,4 տոկոսը կազմում է ծծմբային անհիդրիդը: 

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունում շարունակում են պնդել, թե գործարանի գլխավոր ծխատարը Կոշաբերդ սարի գագաթ տեղափոխելուց հետո  Ալավերդիում նվազել է  գործարանի վտանգավոր արտանետումների քանակը: «Վալլեքս» խմբի  ընկերությունների  տեղեկատվության և հասարակության  հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը մի քանի րոպե առաջ մեզ հայտնեց, որ քաղաքի վրա նստած  արտանետումները ոչ թե  արտադրական  վթարի հետևանք են, այլ պայմանավորված են  անձրային եղանակով:  Թե,ինչ կապ ունի  մետալուրգիական արտադրամասի  մեծ արտանետումները խոնավ եղանակի հետ, ընկերությունից մեզ չբացատրեցին:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (12)
1. Harutyun Armanyan22:48 - 13 ապրիլի, 2015
Ծծմբային անհիդրիդի 99.4 տոկոսը Դուքեք որոշել? Գոնե պատկերացնում եք ինչեք գրում? Հասկանում եմ, որ Ձեր աշխատելաոճն է դա ու Ձեր օրվա հացը վաստակում նման հոդվածներով, բայց անհեթեթությունն արդեն մառազմի է նմանվում:
2. Արմեն09:49 - 14 ապրիլի, 2015
Հերքական պատվիրված հոդված,իսկ նպատակները ալավերդցիների համար ավելի քան հասկանալի են:
3. Լարիսա Փարեմուզյան09:55 - 14 ապրիլի, 2015
Կարդացեք ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) GRID-Arendal կենտրոնը (Նորվեգիա) ԳԵՈ-քաղաքներ ծրագրի շրջանակներում կազմակերպված «ԳԵՈ Ալավերդի. Շրջակա միջավայրը և քաղաքային զարգացումը» հետազոտությունը: Այս հետազոտությունը 2009թ.-ի օգոստոսի 28-ին քննարկվել է Ալավերդու քաղաքապետարանում, որին ներկա են եղել ընկերության ներկայացուցիչները: Ձեզ եմ ներկայացնում հետազոտության հատվածը.` 2007թ.-ին արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը հանրապետության մի շարք քաղաքների հետ համեմատած Ալավերդիում կազմել է ամենաբարձրը` 25176,2 տ, Երևանում՝ 2989,9տ., Արարատում՝ 1776,3տ, Հրազդանում՝ 1680,9տ, Վանաձորում՝ 53,4տ, Գյումրիում՝ 36,8տ: Ալավերդիում մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի 99,4%-ը կազմում է ծծմբային անհիդրիդը (25021,4տ), 0,1%-ը` ածխածնի օքսիդը (27,4տ): Ծանր մետաղների գումարային քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 38,6տ: Մթնոլորտ արտանետված փոշու քանակը կազմել է 196,8տ: Այս մասին կարդացեք նաև 2009թ.-ի սեպտեմբերի 4-ի հոդվածը:
4. Լարիսա Փարեմուզյան10:01 - 14 ապրիլի, 2015
Այն որ ընկերությանը պատկանող պղնձաձուլական գործարանի արտանետումների 99,4 տոկոսը կազմում է ծծմբային անհիդրիդը , այդ մասին պաշտոնապես հայտարարվել է նաև գործարանի ծխնելույզը Կոշաբերդ սարի գագաթ բարձրացնելու ծրագրի հանրային քննարկմանը ` -ի պատասխանատուների կողմից: Ձեր անդաստիարակ տոնով հայտարարությունը անելուց առաջ, խորհուրդ կտամ ընթերցել նաև ծխատարի տեղափոխման հետ կապված բոլոր այն հրապարակումները, որտեղ նշված են նաև գործարանի արտանետումների մեջ ծծմբային անհիդրիդի 99,4 պարունակությունը: Դրանք երբևէ պաշտոնապես չեն հերքվել ընկերության կողմից: Հիշեցնեմ, որ գործարանի արտանետումների մեջ հենց ծծմբային անհիդրիդի մեծ պարունակության պատճառով է խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը Ալավերդու բնապահպանական իրավիճակի բարելավումը կապում ծծմբաթթվի նոր արտադրամասի կառուցմամբ: Դրա համար սեփականատիրոջից պահանջվում են մեծ ներդրումներ, որից Վալերի Մեջլումյանը խուսափում է`պատճառաբանելով, թե շուկայում պղնձաթթվի պահանջարկ չկա:
5. Լարիսա Փարեմուզյան10:57 - 14 ապրիլի, 2015
Հարություն Արմանյանին` ուզում եմ Ձեզ երկու խոսք ասել Ձեր խոսելաձևի համար: Մեծ ջանքեր եմ թափում բարեկրթության ռուբիկոնը չանցնելու համար: Ինչպես հասկացա ձեր անունից, դուք տղամարդ եք: Ընդամենը կասեմ, որ ես շատ հպարտ եմ իմ ազնիվ հոդվածների և դրանցով վաստակ իմ աշխատավարձի համար: Եթե իմանաք յուրաքանչյուր ամսվա 1-ին ինչ բերկրանքով եմ բանկոմատից ստանում ինձ ուղարկված իմ հալալ ու զուլալ քրտինքով վաստակը: Դա ուրիշ փող է: Իհարկե, Ձեր նմանների համար դրանք կարող է գրոշներ են, բայց ինձ համար դրանք իմ ազնվության ու հալալ աշխատանքի գինն են և միլարդներ են: Ես երջանիկ եմ դրա համար :
6. Գեւորգ12:02 - 14 ապրիլի, 2015
Հիմա պատվիրվածն ով եղավ - Արմեն եւ Հարություն? Կամ էլ, եթե հոդվածը իսկապես պատվիրած էր, ստացվում է ... ծուխն էլ էր պատվիրած! Թե չէ մաս-մաքուր օդում Լարիսան ոնց պիտի ծուխ նկարեր? Ասել կուզի՝ խոսլուց, առավել եւս - գրելուց առաջ հարկավոր է փոքր-ինչ մտածել: Ինքը մտածել էր - դրա համար էլ պատասխանը շրխկացրեց: Փոխանակ մարդավարի բան խոսեք, հիմա էլ անձրեւն ու աստծուն եք մեղավոր հանում: Հեր օրհնածներ - կարող ա նոր եք իմացել որ Լոռիում անձրեւներ են պատահում!
7. Գրիգոր17:06 - 14 ապրիլի, 2015
Ինչպես և նախորդ տարիներին,գործարանը հերթական ,,ֆինանսական աջակցությունը,, կհատկացնի ,,Հետք,,-ին և մինչև տարևերջ հարցը կփակվի...
8. Լարիսա Փարեմուզյան20:57 - 14 ապրիլի, 2015
Գրիգոր ,Դուք հավանաբար ընտրում եք շանտաժի ժանրը, չի օգնի:Դեռևս չեմ հիշում, որ Վալլեքսին վերաբերող որևէ հրապարակում չտպվի: Եվ դա տարիներ շարունակ: Ես գիտեմ, որ Ձեզ մոտ բացի փողից,այլ արժեքներ չկան: Մի շփոթեք մյուսների հետ:
9. Լարիսա Փարեմուզյան 21:03 - 14 ապրիլի, 2015
Համ էլ , բա որ քո ասելով Հետքը աջակցություն ստացող ու հարց փակող է, ոնց է եղել, որ մինչև հիմա ոչ մի բնապահպանական խախտում չի փակվել: Չարացած եք, եղբայր: Լավ կլինի որ շանտաժով զբաղվելու փոխարեն, Ձեր բնապահպանական պարտավորություններով զբաղվեք:
10. Samvel10:51 - 15 ապրիլի, 2015
2014 թ-ին Ձեր ,,հալալ,, աշխատանքի համար Վալլեքսը վճարել է 1,2 մլն դրամ և սա նույնքան հրապարակային ու ապացույցներ չպահանջող փաստ է,որքան գործարանի ծուխը:Հավանաբար վճարել են իրենց ,,լավ,, քննադատելու համար:
11. Լոռվա բանավեճ! 12:59 - 15 ապրիլի, 2015
//Վալլեքսը վճարել է // - եթե "հետքին" են վճարել ապա լավ են արել - լրագրողներին օգնել են! Սակայն ծուխը դրանով չի արդարացվում: Խնդիրը լուծում է պահանջում, այն մարդկանց կյանքին է վերաբերվում: Մեկն ասում է "գրել են որ փող առնեն", մյուսն էլ՝ "հեսա փողը կառնեն ու քիչ կգրեն": Եւ ոչ մեկը չի խոսում բուն խնդրի մասին՝ ինչու են մարդկանց թույնում, կամ դրանից ինչպես ազատվել!
12. Հրաչյա Պապինյան10:13 - 18 ապրիլի, 2015
Անհեթեթ մեկնաբանություններ կան հոդվածի տակ, խոսքը բուն թեմային չի վերաբերում, այլ հետքին փող տալու մասին, Վալլեքսը ոչ մի լրատվամիջոցի փող չի տալիս իր դեմ վատ բաներ չգրելու համար: Փաղը տալիս է տարվա ընթացքում գովազդային տարածքներ գնելու համար, մասնավորապես հայտարարություններ աշխատանքի հրավիրելու վերաբերյալ, միջազգային տարբեր ստանդարտներին համապատախսխանելու նպատակով հանրային իրազեկման և շահառուների ներգրավման տարբեր ծրագրերով կատարվող աշխատանքները հասարակայնությանը ներկայացնելու համար:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Արխիվ