HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարի հետևանքով հաշմանդամ դարձած դատապարտյալը խնդրում է հետաձգել պատժի կրումը

«Հետքին» ահազանգել է «Դատապարտյալների հիվանդանոցում» պատիժը կրող դատապարտյալ Տիգրան Գրիգորյանը, ով 2014-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով 2 տարի առաջ Սևան -Երևան ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարի մեջ (զոհվել է 2, վիրավորվել մի քանի քաղաքացի): Վթարի հետևանքով Տիգրան Գրիգորյանը նույնպես ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, կոտրվել են նրա ոտքերը, մեկը՝ ազդրից ու ձեռքը՝ ուսագլխից: 

«Շարժվում եմ խադունոկով, ոտքերիս մեջ երկաթներ են, հիմա երկաթների միացման տեղերում ոտքս բորբոքվել է: Անցյալ չորեքշաբթի օրվանից «Նուբարաշենից» ինձ տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», բայց 2-րդ հարկից չեմ կարողանում իջնել, քանի որ բռնվելու տեղ չկա, չեմ կարողանում զուգարան գնալ: Կհավատա՞ք՝ հատուկ հաց չեմ ուտում, որ բնական կարիքներ չունենամ»,- պատմեց Տիգրան Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հիգիենայի հետ կապված խնդիրներ էլ ունի, չի կարողանում ինքնուրույն լողանալ, դրա պատճառով էլ ոտքի բորբոքումը խորանում է:   

Տիգրան Գրիգորյանը 32 տարեկան է, խնամքին ունի 3 անչափահաս երեխա: Վթարից հետո դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ: Պատիժը կրել է բաց ռեժիմում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մի քանի անգամ ստացել է կարճատև մեկնում, պառկել քաղաքացիական հիվանդանոցում ու տանը՝ բուժվելու նպատակով, տարել է մի քանի վիրահատություն: 

Դատապարտյալը դիմել է ՄԻ պաշտպանի գրասենյակ, որտեղից նրան ուղղորդել են դիմել ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական առաքելություն իրականացնող խմբին: «Հետքի» հետ զրույցում դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ իրենք դիմել են ԱՆ դատապարտյալին կամ քաղաքացիական հիվանդանոց, կամ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար, քանի որ Տիգրան Գրիգորյանի կարճատև մեկնումների սահմանված քանակը արդեն լրացել է: Ըստ կարգի, սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: 

ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ դիտորդական խմբի անդամները եղել են դատապարտյալի մոտ, կայցելեն նորից ու եթե արձանագրեն, որ, իրոք, նա չի կարողանում իջնել աստիճաններով, ապա քայլեր կձեռնարկվեն, որ անձը տեղափոխվի առաջին հարկ:

Դիտորդական խմբի հետ աշխատող փաստաբան Տիգրան Սաֆարյանն էլ դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ իր պաշտպանյալ Տիգրան Գրիգորյանի պատժի կրումը հետաձգելու խնդրանքով: «Հետքի» հետ զրույցում փաստաբան Սաֆարյանը նշեց, որ դրա համար նախ անհրաժեշտ էր դատաբժշկի եզրակացություն. «Դատաբժիշկը երկար ժամանակ չէր մտնում ՔԿՀ, պատճառաբանությունն այն էր, որ նման կարգ չկա, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ  ղեկավարության թույլտվությամբ դատապարտյալն ինքն է գնացել դատաբժշկի մոտ: Եզրակացությունը պատրաստ լիելուն պես դատարանը որոշում կկայացնի»,- ասաց Տիգրան Սաֆարյանը: 

«Խնդրանքս դատարանից, որ պատժի կրումը հետաձգեն: Մի քիչ առողջանամ, էլի կնստեմ. չեմ խուսափում պատժից: Իսկ քրեակատարողական վարչությունից խնդրանքս այն է, որ կամ կարճատև մեկնում տան նորից մի ամսով կամ մի քանի օրով, կամ իջեցնեն գոնե առաջին հարկ, որ կարողանամ խադունոկով հասնել կարիքներս հոգալու»,-փոխանցեց դատապարտյալը:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Հետքին» փոխանցեց. «Քանի որ դատապարտյալ Տիգրան Գրիգորյանը տեղաշարժման խնդիրներ ունի, ուստի նրան առաջին հարկ տեղափոխելու համար աշխատանքներ են տարվում, ուսումնասիրվում է նաև նրա գործը, եթե կարճատև մեկնումների քանակը լրացած չէ, ապա միգուցե տրամադրվի մեկնման ևս մեկ հնարավորություն»,- ասաց ՔԿՎ պաշտոնյան:    

Լուսանկարները՝ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter