HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Էմիլի արեգակ» կենտրոնը որպես երկրորդ օջախ գյումրեցի հաշմանդամ երեխաների համար

Հերմետիկ ակվարիում հիշեցնող կառույցում հարմարավետության, ջերմության ու ապահովության զգացողությունը ներս մտնողին պարուրում է հենց մուտքից: «Էմիլի արեգակ» կոչվող ցերեկային կենտրոնը, նախատեսված բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, տեխնիկական լուծումներով իր տեսակի մեջ եզակի կառույց է ոչ միայն Գյումրիում, այլեւ Հայաստանում: Կառույցը եվրոպական «Կարիտաս»-ների նվերն է հայ երեխաներին:

Նորակառույց կենտրոնի առավելությունները ներկայացնելու պատրաստակամություն է հայտնում Հայկական Կարիտասի կողմից կառուցապատման համակարգող Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ իրենք բաց են այն բոլոր կազմակերպությունների համար, որոնք կգան ու կցանկանան փորձի փոխանակման կարգով ծանոթանալ շինարարության ընթացքին:

Ներկայում շինարարության ու ներքին հարդարման 95 տոկոսն ավարտված է: Գյումրու Անի թաղամասի ծայրամասում հատկացված բլրաշատ տարածքի հարթեցման եւ շենքի հիմնային աշխատանքները սկսվել էին դեռեւս 2012 թ.-ին, իսկ կառույցի կոնստրուկցիաների հավաքման մեկնարկը տրվեց 2014 թ.-ին:

«Մենք այս պահին մոտավորապես երկու միլիոն եվրոն անցել ենք եւ եւս ակնկալում ենք 200-300 հազար եվրոյի չափով գումար աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար: Այս ընթացքում մոտ 50 մեքենա բեռ է ներմուծվել եվրոպայից»,-ասում է Տիգրան Պետրոսյանը:

Կառույցը եւ նրա հավաքման տեխնոլոգիան առավել բնորոշ են Եվրոպայի ալպիական գոտու երկրներին, շեշտում է Տիգրան Պետրոսյանը: Որպես շինանյութ օգտագործվել է եղեւնու փայտանյութը: Բավականին սառը եղանակային պայմաններ ունեցող տարածաշրջանի համար, ինչպիսին Շիրակի մարզն է, մասնագետներն եղեւնու ընտրությունը համարել են լավագույն լուծումը:

«Կառույցը համարվում է Հայաստանում առաջին պասիվ շենքը, որն ավելի շուտ արտադրում է էներգիա, քան թե ծախսում,- նկատում է զրուցակիցս,-ջերմային էներգետիկ կորուստներն այստեղ բացառվում են: Շենքի տանիքում տեղադրված է Հայաստանում արեւային ամենամեծ ֆոտովոլտիկ կայանը, որն արեւային էներգիան փոխակերպում է ոչ թե ջերմայինի, այլ էլեկտրականի: Շենքի ջեռուցումն իրականացվում է գրունտային ջրերի միջոցով, այսինքն՝ ջրային պոմպերի տեխնոլոգիաներն ենք կիրառում, մեծ հորատանցք ունենք՝ 100 մետրանոց, որտեղից վերցված գրունտային ջուրն ենք օգտագործում»:

Կենտրոնի հատակից առագաստ ձգվող ապակե պատերն ու դռները ներսում գտնվողների համար արտաքին աշխարհից կտրված չլինելու զգացողություն են առաջացնում: Ցանկացած սենյակից դեպի արտաքին աշխարհ բացվող դուռ կա: Փայտից պատրաստված սեղան-աթոռները, ինչպես նաեւ միջանցքում հաշմանդամի տեղաշարժը դյուրացնող հարմարանքների առավելագույնի հասցրած ողորկ մակերեսները ապահովում են շահառուների անվտանգությունը: Պատերի վրա անհնար է նկատել որեւէ լար, բաց խրոց կամ այլ վտանգավոր սարքավորում: Հերմետիկության եւ հարմարավետության գաղափարը կարելի է նկատել կառույցի ցանկացած հատվածում:

Կենտրոնի պատերից մեկը ժամանակավորապես տրամադրվել է շինաշխատանքներն իրականացրած կազմակերպությունների մասին հիշատակող վերնահագուստների ցուցադրությանը: Համակցված հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված բազմաֆունկցիոնալ կենտրոն ունենալու ծրագիրը իրականություն է դարձել հիմնականում գերմանական եւ ավստրիական Կարիտասների, ինչպես նաեւ 10 դոնոր կազմակերպությունների կատարած ներդրումների շնորհիվ:

«Էն կանաչ վերնաշապիկն, օրինակ, «Սոնյա» ֆիրմայինն է, նրանք պատասխանատու էին պատերի հավաքման, տանիքի տեղադրման համար: Պիտի ասեմ, որ գործն արեցին ռեկորդային կարճ ժամանակում՝ 14-րդ օրում շենքը կանգնած էր եւ խումբը 15-րդ օրը մեկնեց Հայաստանից: «Զեչ» ֆիրման պատասխանատու էր պատուհանների եւ դռների համար, «Սոնվեբրը»՝ արեւային կայանի, Ռիխարդ Նիկոլուսի՝ մեր ճարտարապետի վերնաշապիկն այն սպիտակ անկյունայինն է, այսինքն՝ այստեղ որքան վերնաշապիկ եք տեսնում, այդքան ֆիրմա իր ներդրումն ունի կառույցի շինարարության, ներքին հարդարման վրա»:

Ավստրիական Կարիտասի կողմից Գյումրի հասած Բերնդ Ֆիշերը համակարգում է կենտրոնի ավարտական փուլում գտնվող աշխատանքները: Գյումրիի մասին առաջին անգամ լսել է 88-ի աղետի ժամանակ, հետաքրքվել, թե ինչ երկիր է Հայաստանն ու մեծ դժվարությամբ գտել քարտեզի վրա: Նախագծի հետ կապված Բերնդ Ֆիշերն արդեն 4-րդ տարին է՝ այցելում է Հայաստան:

«Պլանավորել էի, որ մեկ տարի եմ որպես կամավոր լինելու այս նախագծում, բայց հենց գյումրեցի սրտաբաց մարդկանց շնորհիվ է, որ այսքան երկար մնացի,-նշում է Բերնդ Ֆիշերն ու ծիծաղելով ավելացնում,-ես պարզապես հասկացա, որ պարտադիր չէ հայերին հասկանալու համար տիրապետել նրանց լեզվին: Անգամ մշակութային տարբերությունն ինձ չի խանգարում: Մենք՝ եվրոպացիներս, երբ աշխատանքի ընթացքում որեւէ բան է պակասում, պարզապես վեր ենք կենում եւ գնում խանութ՝ գնելու դա, իսկ դուք նստում մտածում եք, տարբերակներ փնտրում եւ միայն նոր դրանից հետո գնում խանութ: Ես լիքը նոր բաներ սովորեցի ձեզանից այս ընթացքում»:

Կենտրոնի տարածքում Բեն Ֆիշերը փայտից տուն է կառուցել եւ բնակվում է այնտեղ, սակայն մշտական բնակության մտադրություն չունի: Միայն փոխանցեց, որ ցանկանում է սեփական մեքենայով անցնել Մետաքսի մեծ ճանապարհով, ճանապարհորդությունն ուզում է սկսել Հայաստանից ու հասնել մինչեւ Չինաստան:

Բազմաֆունկցիոնալ «Էմիլի արեգակ» կենտրոնը, նախատեսված համակցված հաշմանդամություն ունեցող մոտ 100 երեխայի եւ նրանց խնամքով զբաղվող 400 անձանց համար, շահագործման կհանձնվի հունիսին: 3 հա տարածք զբաղեցնող կենտրոնը գտնվում է Գյումրու Անի թաղամասի վերջնամասում: Տարածքի մի մասը վերածվելու է այգու եւ բանջարանոցի, որտեղ բուսաբուծությամբ կզբաղվեն հենց իրենք՝ կենտրոնի շահառուները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter