HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գումարի պահանջով հերթական դատական հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի

Սամվել Բալասանյանի քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո մի շարք կազմակերպություններ դատական հայցերով հանդես եկան ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ պարտքերի վճարման պահանջով: Զուգահեռ ստուգումներ էին սկսվել ֆինանսների նախարարության մասնագետների կողմից՝ կուտակված պարտքերի իսկությունը բացահայտելու նպատակով:

Հերթական դատական հայցերը քաղաքապետարանի դեմ ներկայացրել են «Եղիկյան եղբայրներ» եւ «Լուսափայլ քաղաք» ՍՊԸ-ները, որոնք 2012 թ-ին իրականացրել են Գյումրու աղբահանությունը, սակայն իրենց պնդմամբ չեն վճարվել տարեվերջին իրականացրած ծառայությունների դիմաց:

Գուրգեն Մալխասյանն, ով դատարանում ներկայացնում է Գյումրու քաղաքապետարանի շահերը, հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ պարզաբանեց, որ իրականում քաղաքապետարանը չի հրաժարվում գումարները վճարել: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ՍՊԸ-ներին 1 մլն դրամի չափով հավելագրում է կատարվել:

Հայցապահանջով դատարան ներկայացած կազմակերպություններին նախկին քաղաքապետարանը պարտավորված է եղել վճարել 7-ական մլն դրամ, սակայն ստուգումների արդյունքում գումարը պակասել է 1 մլն դրամով: Իրենց հայցապահանջում «Եղիկյան եղբայրներ» եւ «Լուսափայլ քաղաք» ՍՊԸ-ները ընդհանուր հաշվով պահանջել են 30 մլն դրամ:

Գյումրիում աղբահանությունն իրականացնում էին չորս կազմակերպություն, որոնցից երկուսը 2013թ-ի հունվար-փետրվար ամիսներին պայմանգրային իրենց պարտավորությունները չէին իրականացրել՝ ծանր կացության մեջ դնելով քաղաքապետարանին:

«Մենք ստիպված ենք եղել  այդ ժամանակ մեր ուժերով իրականացնել աղբահանությունը,- հայտարարեց ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը,- աղբատար մեքենաներ ենք վարձել, մարդիկ, որ կարողանանք աղբը հեռացնել: Արել ենք հավելյալ ծախսեր եւ դեռ հարց է, թե ով ում է պարտք մնացել»:

«Մենք անակնկալի եկանք, որովհետեւ տեխնիկական ու մարդկային ռեսուրսներ չունեինք,- հավելեց Գուրգեն Գինոսյանը,- կոմունալ բաժնի պետը հաշվարկներ է արել եւ պարզել պայմանագրային պարտավորությունը չկատարած կազմակերպությունների պատճառով քաղաքապետարանի կրած վնասի չափը»: Ասուլիսի կազմակերպիչները պնդեցին, թե հայցապահանջով ներկայացած կազմակերպություններն իրենց նշած ժամանակահատվածի համար կատարած աշխատանքներն ապացուցող ակտեր չունեն:

Գյումրու քաղաքապետարանը հանդես է գալու հակընդդեմ հայցով եւ պահանջելու է նշված կազմակերպություններին փոխհատուցել 2 մլն դրամ վնասը, որ կրել են նրանց փոխարեն սեփական ուժերով աղբահանություն կազմակերպելու պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter