HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքների խոշորացումը կբարելավի կրթական համակարգը

Շուշան Օհանյան

Համոզված են դպրոցների ղեկավարները

Ըստ Կառավարության ընդունած համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգի՝ նոր կազմավորվող Տաթեւ համայնքը հնարավորության սահմաններում պետք է ապահովված լինի նվազագույն սոցիալական ենթակառուցվածքներով, այդ թվում` նաեւ կրթական: Տաթեւ համայնքում ընդգրկվելու է Սյունիքի մարզի 8 համայնք՝ Հարժիս, Շինուհայր, Խոտ, Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Քաշունի եւ Հալիձոր: Համայնքը կոչվելու է Տաթեւ՝ Շինուհայր կենտրոնով: Ի՞նչ է սպասվում նշված համայնքների դպրոցներին՝ հայեցակարգում չի հստակեցվում: Գուցե հենց դա է պատճառը, որ հատկապես փոքր համայնքներում անհանգստանում են դպրոցների հետագա ճակատագրով:

Ի՞նչ խնդիրներ ունեն գյուղական դպրոցներն այսօր, ի՞նչ ակնկալիքներ ունեն՝ կապված համայնքների խոշորացման հետ. այս հարցերի շուրջ զրուցեցինք Տաթեւ, Սվարանց եւ Տանձատափ գյուղական համայնքների դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների հետ:

«Դպրոցը գյուղի գոյության առանցքն է»

«Խոշորացման հետ կապված՝ գյուղացիների առաջին մտավախությունն այն է, որ դպրոցը կդառնա իննամյա»,- ասում է Սվարանցի միջնակարգ դպրոցի տնօրեն Նվեր Վարդանյանը: Նրա կարծիքով՝ գյուղական դպրոցներում պետք է պահպանվի միջնակարգ կրթությունը, քանի որ հենց դա է շատ հաճախ գյուղում պահում մարդկանց: Սվարանցի միջնակարգ դպրոցն ունի 16 աշակերտ, 6 դասարաններում մեկական աշակերտ է սովորում, իսկ ամենամեծ թվով աշակերտ ունեցող դասարանում՝ 4 հոգի:

«Գյուղը, այդ թվում դպրոցը, հոգեվարքի մեջ է: Այս տարի 4 շրջանավարտ կունենանք, իսկ առաջին դասարան կգա 1 երեխա, մինչդեռ եղել են ժամանակներ, երբ դպրոցը մոտ 200 աշակերտ ուներ»,- նշում է Ն. Վարդանյանը: Վերջին անգամ դպրոցում վերանորոգման աշխատանքներ կատարվել են 1986 թվականին: Դպրոցի հենց մուտքից զգացվեց, որ այդ պատերի ներսում կրթությանը պատասխանատվությամբ են վերաբերվում, չնայած ակնառու էր, որ շենքը վերանորոգման կարիք ունի:

«Դպրոցը գյուղի գոյության առանցքն է: Ծնողներն իրենց երեխաներին գյուղում թողնելու, նրանց ապագան հարցականի տակ չառնելու հարցը միանշանակ պայմանավորում են դպրոցով, եւ մեր գերխնդիրն այն է, որ արդարացնենք այդ հույսը, փորձենք պահել դեռ չարտագաղթած ընտանիքներին: Մեր դպրոցը շատ բարի ավանդույթներ, կրթության բարձր մակարդակ ունի՝ մեդալակիրներ, մարզային, հանրապետական օլիմպիադաների հաղթողներ: Ճիշտ է, նոր գույք վաղուց չենք ստացել, բայց եղածը խնամքով պահում ենք: Ֆիզիկայի լավ լաբորատորիա ունենք, այդպիսին քաղաքի դպրոցներում անգամ չկա»,- հպարտությամբ նշում է տնօրենը՝ հուսալով, որ խոշորացման արդյունքում որոշ ներդրումներ կարվեն կրթական համակարգում՝ կարեւորելով դպրոցների նաեւ գյուղապահպան առաքելությունը:  

«Հենց խոշորացման մասին խոսակցությունները սկսեցին, առաջինը ծնողներն անհանգստացան»

Տանձատափ գյուղի հիմնական դպրոցում սովորում է 10 աշակերտ: Դպրոցի տնօրեն Վիլեն Աբրահամյանը կեսկատակ ասում է, որ իրենց մոտ, անկախ աշակերտների թվից, մեկ է, գլուխ պահել չկա, աշակերտներն ամեն օր պետք է պատրաստ գան դասի: 

Դպրոցում վերջին տարիներին մի քանի անգամ վերանորոգման աշխատանքներ են կատարվել: Դպրոցի ամենակարեւոր խնդիրը մասնագետների պակասն է, 4 ուսուցիչ է դասավանդում (ներառյալ՝ տնօրենը), օտար լեզուներից դասավանդվում է միայն ռուսերեն, որն էլ այլ առարկայի ուսուցիչ է պարապում: «Շաբաթական դասավանդում եմ 32 ժամ՝ հայոց լեզու, գրականություն եւ ռուսաց լեզու, բայց վարձատրվում եմ 13,5 ժամվա համար: Պատճառն այն է, որ աշակերտների թվաքանակը քիչ է, եւ դասարանները «կոմպլեկտավորված» են,- ասում է Անժելա Գեւորգյանը, որը 45 տարվա մանկավարժական ստաժ ունի եւ հաջորդ տարի կանցնի թոշակի:

Թե՛ Սվարանցի, թե՛ Տանձատափի դպրոցներում մանկավարժներն այն կարծիքին են, որ դասարանները միավորելը միանշանակ վատ է անդրադառնում ուսման որակի վրա:

Հույս ունենք, որ խոշորացման արդյունքում կկարողանանք ավարտել կիսատ մնացած շինարարական աշխատանքները»

Տաթեւի միջնակարգ դպրոցում վերանորոգման աշխատանքներ կատարվել են 2013թ·՝ Սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ: «Հույս ունենք, որ համայնքների խոշորոցման արդյունքում կկարողանանք ավարտել կիսատ մնացած շինարարարական աշխատանքները: Վերանորոգման աշխատանքները նախագծելիս շատ հարցեր հաշվի չեն առնվել, օրինակ՝ գրադարանի համար տարածք չի նախատեսվել: Ինչպես տան, այնպես էլ դպրոցի մասին պատկերացում կազմում են շեմից, մուտքից, իսկ դուք երեւի տեսաք, թե ինչ վիճակում է մեր մուտքը»,- նշում է Տաթեւի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորվարդ Մովսիսյանն՝ ավելացնելով, որ դպրոցը չունի սպորտային, հանդիսությունների դահլիճներ, եւ միջոցառումները ստիպված են լինում անցկացնել դասարաններում կամ դպրոցի միջանցքում:

Տնօրենն ուրախությամբ նշում է, որ աշակերտների թիվը վերջին տարիներին աննշան, բայց աճելու միտում ունի. դպրոցում սովորում է 80 աշակերտ: Ն. Մովսիսյանը սա պայմանավորում է գյուղում վերջերս իրականացված ու ընթացիկ շինարարական աշխատանքներով. դպրոցն է վերանորոգվել, ճոպանուղու, վանքի տարածքում են շինարարական աշխատանքներ կատարվել: «Եթե տաթեւցին իր գյուղում աշխատանք ու բավարար վաստակ ունենա, ինչո՞ւ պետք է հեռանա գյուղից»,- ասում է տկն Մովսիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter