HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը պատասխանել է բնապահպանի բաց նամակին. այն նոր հարցեր է առաջացրել

Օրեր առաջ «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն ստացել է ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակի պատասխանը: Այն բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խ. Աղաբեկյանի անունից է:

Կապանցի բնապահպանն այս տարվա մարտին բաց նամակով վարչապետին կոչ էր արել Սյունիքում բնապահպանական վիճակի գնահատում և առողջական խնդիրների հետազոտություն իրականացնել: «Հասարակության լայն շրջանակներում հաճախակի են քննարկվում Սյունիքի մարզում տարատեսակ հիվանդությունների տարածվածության մասին մտահոգությունները (սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդություններ, չբերություն, անոմալ ծնունդներ և այլն), որոնց անհաղորդ են պատկան մարմինները»,- ասվում է նամակում:

Պատասխան-նամակում մեջբերվել են պետական կառույցների կայքերի հղումներ, որտեղ ներկայացվել է բնակչության շրջանում արված առողջության մասին որոշակի վիճակագրություն: Սակայն այդ վիճակագրական տվյալների մեթոդաբանությունը, ըստ Փարսադանյանի, հստակորեն չի նշվում: «Կարևորը մեթոդաբանությունն է, որպեսզի իմանանք տվյալ բնակավայրերի բնակիչների առողջական խնդիրները: Դրա համար պետք է իրականացնենք համալիր, այլ ոչ թե միակողմանի ուսումնասիրություններ: Եթե ներկայացվում է, որ Սյունիքում, օրինակ, օնկոլոգիական հիվանդությամբ այսքան մարդ կա, պետք է նշել, թե կոնկրետ ինչ տվյալներ են. միգուցե դա տեղի՝ Սյունիքի բժշկական կենտրոնների կողմից ներկայացված տվյալ է, կամ առհասարակ Հայաստանում բժշկական կենտրոններին դիմող սյունեցիների քանակն է»,- ասում է Ա. Փարսադանյանը:

Բնապահպանն ասում է նաև, որ կառավարությունը նամակում խոստովանում է, որ բնապահպանական վիճակի համալիր հետազոտություն չի իրականացնում, որպեսզի հասկանանք, թե ինչ ազդեցություն ունի այն տվյալ միջավայրում ապրող քաղաքացիների վրա: Իսկ դրանով, ըստ Փարսադանյանի, խախտվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի 5-րդ հոդվածը:

Իսկ պատասխան-նամակն ավելի շատ հարցեր է առաջացրել: Բնապահպանի կարծիքով՝ կառավարությունը համալիր ուսումնասիրություններ չի իրականացնի, և եթե նույնիսկ ունենա տվյալներ, չի հրապարակի արդյունքները: Իսկ պատճառն այն է, որ այդ արդյունքները «տխուր կլինեն Սյունիքի մարզի համար»:

ԲՆ-ի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատանքին անդրադառնալով՝ Արմեն Փարսադանյանն նշում է, որ բաժինը չունի տեխնիկապես հագեցած լաբորատորիա, այն վերազինելու անհրաժեշտություն կա: «Պետական վերահսկողությունն անբավարար եմ գնահատում, որովհետև վթարների դեպքում տուգանքների չափերը զավեշտալի են, նույնիսկ տեսանյութերում ակնհայտ երևում է շրջակա միջավայրին հասցված վնասները, սակայն դրանք կամ անտեսվում են, կամ էլ անհամաչափ տուգանք են նշանակում»,- ասում է նա՝ կրկին շեշտելով, որ այսօր հրատապ հարց է հանքարդյունաբերության հետևանքով մարդկանց առողջությունը գնահատելը: Պատճառներից մեկն օրեցօր ընդլայնվող հանքարդյունահանման ծավալներն են, նոր հայտեր են ներկայացվում երկրաբանական ուսումնասիրությունների համար: Ըստ մեր զրուցակցի՝ թեև հիմա միջազգային շուկայում մետաղների գները նվազել են, և գուցե որոշակիորեն պակասել է նաև հետաքրքրությունը հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ, բայց այն կարող է փոխվել:

Օրերս բնապահպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին գրավոր հարցեր է ուղարկել: Ա. Փարսադանյանի խոսքով՝ նոր տնօրինությունը շարունակում է վարել նախորդի ոչ թափանցիկ գործելաոճը: Նա նշում է, որ բազմիցս փորձել է հանդիպել նոր տնօրինությանը, բայց վերջինս, կարծես, հրաժարվում է հանդիպումներից: «Չգիտենք՝ թե ինչ թերացումներ կամ դրական տեղաշարժեր են լինում կոմբինատում: Դա է պատճառը, որ նամակ եմ գրել: Մի քանի հարցադրումներ եմ կատարել՝ տնտեսական, բնապահպանական և սոցիալական: Տնօրինությունը պետք է հասկանա, որ թափանցիկ պետք է աշխատի ՀԿ-ների և մամուլի հետ, և նման փակ աշխատաոճը չի բխում իր շահերից»,- նշում է կապանցի բնապահպանը:

Նրա կարծիքով՝ պետությունը խնդիր պետք է դնի իր առջև, թե տվյալ միջավայրում տվյալ ընկերությունը, արդյունահանման ծավալներն ընդլայնելով, ի՞նչ խնդիրներ է լուծում և առաջացնում: «Պետությունը պետք է նժարին դնի՝ ինչքանո՞վ են համադրելի այս իրավիճակները՝ արտադրողականության ծավալներն ընդլայնի և գենոֆոնդն ապականի՞, թե՞ տնտեսական կարճաժամկետ խնդիր ապահովի»,- ավելացնում է Արմեն Փարսադանյանը:

Մեկնաբանություններ (8)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
5 տարի հետևելով հայկական մամուլին և հաշվի առնելով այլ երկրների փորձը՝ գալիս ենք այն եզրակացության,որ Հայաստանում՝ ա) (ՀԿ-ները) պիտի անցում կատարեն նա՛և բնապահպանական նորմերը խախտողներին ԴԱՏԻ տալուն (դատի տալու փաստն արդեն առաջին կարևո՛ր քայլ է),.....................բ) երկրում ՊԻՏԻ ստեղծվի «Բնապահպանության Օմբուդսման» (Eco ombudsman)՝ իր համարժեք լիազորություններով: Իմիջիայլոց՝ վաղուց նաև «Բանակի Օմբուդսմանի» կառույց պիտի լիներ, թեև սա այլ թեմա է:
Արմեն
Որ չափորոշիչներով է որոշում կապանցի բնապահպանը թափանցիկության աստիճանը? Մի գուցե 6.000.000 դրամի սանդղակով? Եթե ցանկությաուն կա լայն տեղեկատվության կարող ենք կիսվել և քննարկել:
Արմեն Փարսադանյան
Արմեն, եթե ԶՊՄԿ-ում ես աշխատում ու մտածում ես, որ ձեր ընկերությունը այդպես էլ պետք է աշխատի, դա իրազեկված չլինելու քո խնդիրն է: Կլուսաբանես 6մլն դրամի սանդղակի ակնարկը? Տեղեկատվություն ստանալու նպատակով արդեն դիմել եմ գլխավոր տնօրենին, եթե տնօրինության որև ներկայացուցիչ ցանկություն ունենա հանդիպելու, շատ ավելի լավ:
Արմեն
Հանքային ընկերությունից 6.000.000 դրամ ստացած անձը կամ կազմակերպությունը չի կարող գնհատել մի այլ ընկերության թափանցիկության աստիճանը: Հանքային ընկերությունները մի հարթության վրա են և կողմնակալ մոտեցումը վկայում է անձնական շահի մասին: Մի գուցե հանդիպեք բոլոր հանքային ընկերությունների տնօրենների հետ և նորից նրանք Ձեզ գումար տան? որ բոլորը Ձեզ գումար տան թափանցիկ կլինեն? և դուք երջանիկ կլինեք?
Արմեն Փարսադանյան
Եթե ԶՊՄԿ տնօրինությունը պետք է ծրագիր ֆինանսավորի խնդիրներ չբարձրացնելու դիմաց, պետք չի ֆինանսավորի, դա չի լինելու: Հիմիկվանից ասեմ, որ չֆինանսավորեն, հետո հուսախաբ լինեն: Իսկ, եթե քո ընկալումով ՀԿ-երին, հիմնադրամներին, ուսումնական հաստատություններին ֆինանսավորելը արտառոց դեպք ես համարում, դա էլ է քո անտեղյակ լինելու խնդիրն է ու լավ կլինի մինչև կարծիք հայտնելը, չնչին պատկերացում ունենաս թեմայի մասին: Ես վաղուց եմ բարձրաձայնում, որ ԶՊՄԿ-ն փակ է աշխատում, բնապահապանական խնդիրներին նշանակություն չի տալիս: Անձնական շահի վերաբերյալ ասեմ նաև հետևյալը: Մայրս, Մաքսիմ Հակոբյանի երկու ընկերություններում է աշխատում ընկերությունները հիմնելու օրվանից՝ ՛՛Մարիլա՛՛ ու ՛՛Գյուղարտ՛՛ ընկերություններում ու քո երկաթե տրամաբանությամբ, ես պետք է Հակոբյան Մաքսիմի գովքը անեի: Տե՛ս որոշ հոդվածներ: http://www.aravot.am/2012/08/22/304549/ http://hetq.am/arm/news/29605/kombinati-hosqajrery-lcvum-en-norashenik-gety-tesanyut.html http://hetq.am/arm/news/31683/maqsim-hakobyanin-patkanox-ynkerutyunnerum-vtar-e-exel.html/ http://hetq.am/arm/news/32446/maqsim-hakobyann-ashkhatavardzery-chi-bardzracrel-ev-kutakayin-pahumner-e-anum.html
Արմեն
Խիզախ տղա Արմեն ջան, ինչպես երևում է երկար ժամանակ է փնտրտուքի մեջ ես: Եթե չի ստացվում քո մոտ բնապահպան լինելը մի գուցե հաստատուն աշխատանք գտնես? սոցալական հարցերդ հոգալու համար: Եթե կարծում ես իրեն հարգող բնապահպանական կազմակերպություն հանքարդյունաբերական ընկերությունից ֆինասավորում պիտի ստանա ու ծրագիր իրականացնի ուրեմն նորից դիմի քո սիրելի հանքահանողին և ինչու չէ բոլոր հանքարդյունաբերական ընկերություններին:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ոչ մեկի վրա «մատ թափ տալ» չէ նպատակս, բայց, արդարության համար, պիտի գրեմ հետևյալը, որպեսզի ապագայում այս հարցերում ավելի զգույշ լինեն համապատասխան ՀԿ-ները: Պարզ է,որ ՀԿ-ներն էլ պիտի ֆինանսավորվեն. սա նորմալ է: «Գրանտակեր» հասկացությունը ես գտնում եմ սխալ ու անլուրջ:................................... Բնապահպաննե՛րը և բնապահպանակա՛ն ՀԿ-ները իրենց աշխատանքի-հսկման-ստուգման ծիրում գտնվող հանքային կազմակերպություններից ֆինանսներ ՄԻՄԻԱՅՆ պիտի ընդունեն այն դեպքում,եթե այդ փողը ծախսվում է հանքային կազմակերպությունների կողմից շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարելու վրա (կամ նման այլ բնապահպանական հարցերի վրա): Կոնկրետ այս դեպքում՝ եթե «Դանդի Փրեշս մեթալզ Կապան»-ի կողմից «Կայուն զարգացում» ՀԿ-ին տրված այդ 5-6 մլն դրամը ծախսվեր օրինակ պոչամբարների աղտոտվածությունը չափելու սարք գնելու վրա, ապա դա ընդունելի կլիներ: Այլապես՝ ԵԹԵ «Դանդի Փրեշս մեթալզ Կապան»-ի ԻՐԱԿԱՆ նպատակը Կապանի շրջանում մեղվաբուծությունը զարգացնելը լիներ,ապա հանքային ձեռնարկությունը դա կաներ շրջանում արդեն գործող որևէ մեղվաբուծական կամ գյուղատնտեսական ՀԿ-ի միջոցով,այլ ոչ իրենց նախկինում (արդարացիորեն) քննադատած բնապահպանի ՀԿ-ի միջոցով:................................ Պիտի հասկանալ,որ «Դանդի Փրեշս մեթալզ Կապանը» ոչի՛նչ «հենց այնպես» չի անում. ամեն ինչ նախօրոք ՀԱՇՎԱՐԿՎԱԾ PR է: Վերջիվերջո՝ ՍԽԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾ Գեղանուշի բաց պոչամբար են շահագործում: Ավելացնեմ,որ չափանիշը ոչ թե այն է,որ նման հանքային ֆինանսավորման դեպքում բնապահպանի աշխատանքի օբյեկտիվությունը իրականում նվազում/նվազել է, այլ այն, որ այն ԿԱՐՈՂ է նվազել:
Արմեն Փարսադանյան
ՄեկնաբանությոԻնչպիսի երկաթե տրամաբանություն ՃՃ: Կրկնում եմ, եթե չես տարբերում թափանցիկ ու ոչ թափանցիկ աշխատաոճը, դա քո անձնական խնդիրն է: Ֆինանսավորել են ոչ միայն ՛՛Կայուն զարգացում՛՛ ՀԿ-ին, այլ նաև շատ այլ ՀԿ-երի, կազմակերպությունների և այդ ամենը, ի տարբերություն ԶՊՄԿ-ի, Դանդին հրապարակում է: Նկատելի է, որ շատ բան չգիտես՝ չնայած համարձակորեն անհիմն հայտարարություն ես անում /միգուցե տնօրինությանը փորձում ես հաճոյանալ? Եթե այդպես է, շատ ես անտեղյակ, ուրիշ միջավայր ու առիթներ փնտրիր/: Սկսեմ ֆինանսավորված ծրագրից: ՛՛Դանդի Կապան՛՛-ը ՛՛Կայուն զարգացում՛՛ ՀԿ-ին փոխանցել է 5մլն դրամ, որից մոտ 500հազ դրամ հատկացվել է աշխատավարձի ֆոնդին /2 մեղվաբույծի ու հաշվապահի համար/: Ծրագրի ընդհանուր արժեքն է 6մլն, ու 1մլն-ը ՛՛Կայուն զարգացում՛՛ ՀԿ-ի ներդրումն է /որպես ծրագրի ղեկավար իմ աշխատավարձը 0 դրամ էր, ես աշխատանքի տեսքով եմ ներդրում կատարել այս ծրագրում/: Դրանից հետո էլ եմ դիմել Հրաչին այլ ծրագիր ֆինանսավորելու համար, բայց ֆինանսական դժվարությունների պատճառով հրաժարվեց ֆինանսավորել: Քո երկաթե տրամաբանությամբ, ես պետք է սկսեմ քննադատել… ւնը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter