HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմությունը՝ թվերով. տվյալների լրագրությունը մտնում է խմբագրություններ

Ֆրանսիացի Պիեռ Ռոմերան ծրագրավորող և լրագրող է: 4 տարի առաջ ստեղծված տվյալների լրագրության  Journalism++ կայքի համահիմնադիրն է: Ծրագրավորող է աշխատել owni.fr կայքում, որը տվյալների լրագրություն ստեղծելու առաջին լրատվամիջոցն էր Ֆրանսիայում: 26 տարեկան է և այժմ տվյալների լրագրություն է սովորեցնում լրագրողներին և տարբեր երկրներ մեկնում թրեյնինգներ անցկացնելու համար: Պիեռն անցյալ շաբաթ Հայաստանում էր: Տվյալների լրագրության և դրա զարգացման մասին զրուցել ենք Պիեռի հետ:

Ինչպե՞ս ես սովորել ծրագրավորումն ու լրագրությունը, տվյալների հետ աշխատելը:

Սկզբում ես սկսեցի ծրագրավորում սովորել, կայքերի առաջխաղացմամբ զբաղվել ինքնուս, երբ ես դեռևս երեխա էի: Ես սկսեցի ուսումնական հաստատությունում սովորել, բայց հետո դուրս եկա: Պետք է փորձաշրջան անցնեի, և գնացի OWNI որպես կայքի առաջխաղացման մասնագետ, բայց նրանք ուզում էին աշխատել կայքի առաջխաղացման մասնագետի հետ, որը նաեւ լրագրությամբ կզբաղվեր: Ես էնտուզիաստ էի և հակված էի աշխատել լրագրողների հետ, սկսեցի աշխատել նրանց հետ: Հետո, երբ մեր պատրաստած նախագիծը բավականին հանրահայտ դարձավ Ֆրանսիայում, և մեր համագործակցությունը ստացվեց, սկսեցինք նման բաներ ավելի հաճախ անել: Դա դարձավ իմ մասնագիտացումը: Արդեն երկար տարիներ է՝ ես աշխատում եմ լրագրողների հետ, որոշ հետաքննություններ եմ անում: Աշխատելով լրագրողների հետ՝ սկսեցի նաև լրագրությամբ զբաղվել:

Քեզ նմանները շա՞տ են Ֆրանսիայում:

Կան շատ լրագրողներ, որոնք փորձում են որոշ կայքերի առաջխաղացմամբ զբաղվել՝ օգտագործելով ծրագրավորումը լրագրությամբ զբաղվելու համար, բայց չեմ կարծում, որ կան այլ ծրագրավորողներ, ովքեր լրագրությամբ են զբաղվում Ֆրանսիայում:

Քեզ համար դա հետաքրքի՞ր էր՝ ծրագրավորումը միացնել լրագրությանը:

Երբ դու ծրագրավորող ես, կան տարբեր տիրույթներ, որտեղ կարող ես աշխատել: Մեծ մասը մեծ ընկերություններ են, ինչպես բանկերը, բանակը կամ փոքր ու սկսնակ ընկերությունները: Սակայն դրանցից քչերն են առաջարկում ծրագրավորողներին աշխատել մի բանի հետ, որը քեզ հետաքրքրում է և մտահագում է: Ես խոսում եմ մարդկության, զարգացման, հասարակական խնդիրների մասին: Դու կարող ես որևէ հասարակական կազմակերպությունում աշխատել այս խնդիրներին առնչվելու համար, բայց կարող ես նաև մեդիայի և լրագրողների հետ աշխատել, եթե ուզում ես ավելի կարևոր բաներով զբաղվել, որոնք քեզ մտահոգում են: Դրա համար ես սկսեցի աշխատել լրագրողների հետ: Ես ուզում եմ նախագծեր իրականացնել, որոնք իմաստ և նշանակություն ունեն ինձ համար:

Դա քո կյանքում ինչ-որ բան փոխե՞ց:

Չգիտեմ՝ փոխեց իմ կյանքում ինչ-որ բան, թե ոչ, բայց դա ամբողջությամբ փոխեց այն աշխատաձևը, որով ես աշխատում եմ այսօր. ես պետք է հետևեմ լուրերին և տեղյակ լինեմ՝ ինչ է կատարվում աշխարհում և այլն:

Քո կարծիքով՝ այսօր ի՞նչ մարտահրավերի առաջ են լրագրողները:

Տվյալները լրագրության ամենամեծ մարտահրավերներից մեկն է, որովհետև հիմա շատ ավելի շատ տվյալներ կան, քան նախկինում: Եթե լրագրողները չեն կարող այդ տվյալները պատշաճ մշակել, ուրեմն նրանք չեն կարող կատարել իրենց աշխատանքը լիարժեք: Կան նաև այլ մարտահրավերներ, օրինակ՝ բովանդակությունը ընթերցողներից կամ օգտատերերից ստանալը, ինչը նոր երևույթ է լրագրության մեջ: Հիմա դու կարող ես բովանդակություն ստանալ աշխարհի տարբեր ծայրերից, որովհետև հիմա շատ հեշտ է խոսել մարդկանց հետ բոլոր վայրերում, և յուրաքանչյուրը կարող է բովանդակություն գրանցել իր հեռախոսից կամ համակարգչից: Սա լրագրության համար կարող է փոփոխություն լինել: Մյուս մարտահրավերը աշխարհի որևէ ծայրից լրագրություն անելն է, նկատի ունեմ՝ շարժական (հեռախոսային) լրագրությունը: Դա իսկապես կարևոր է լրատվամիջոցի կամ լրագրողի համար՝ իր բովանդակությունը հասցնել օգտատերերին որևէ տեղից, կարողանալ հրապարակել շարժական սարքերի միջոցով: Մյուս մարտահրավերները, ինչպես որ կային, դեռևս կան՝ ժողովրդավարություն, հետաքննություն և այլն:

Կարծում ես՝ պատկերավոր մատուցումը նույնքան կարևոր է, որքան նյութի բովանդակությու՞նը: Սա հարցնում եմ, որովհետև այս օրերին հայկական և աշխարհի լրատվամիջոցները Քիմ Քարդաշյանի այցն են լուսաբանում, և նմանատիպ նյութերը հազարավոր ընթերցողներ են ունենում, մինչդեռ տվյալներով և երկար ժամանակ դրա վրա աշխատած նյութերը կարող են նույնիսկ 1000 ընթերցող չունենալ:

Կարծում եմ՝ չպետք է տարանջատենք այս երկու իրողությունները: Եթե դու ունես լավ բովանդակություն առանց պատկերավոր ներկայացման, դա միշտ լավ է: Եթե դու ունես պատկերավոր, վիզուլիզացված տվյալներով նյութ, դա նույնպես լավ է: Սակայն երկուսը միասին լավագույն համակցությունն է: Դու պետք է կենտրոնանաս կարևորի վրա և չկենտրոնանաս հետաքրքիրի վրա: Բայց որոշ դեպքերում պետք է համաձայնենք, որ հետաքրքրություն և ուշադրություն առաջացնող որևէ բան կարող է օգնել, որ դու աշխատես այլ թեմաների վրա և կարողանաս վճարել նմանատիպ աշխատատար նյութերի համար: Հաճախ հեշտ չէ խոսել մի բանի մասին, որը քեզ չի մտահոգում, ինչպես Քիմ Քարդաշյանն է, բայց ավելի շատ այցելություն ունենալու համար դա կարող է քեզ գումար բերել, որպեսզի կարողանաս հետաքննական այլ մեծ թեմաներով զբաղվել:

Տվյալների լրագրությունը կարո՞ղ է լրաատվամիջոցին եկամուտ բերել:

Կարծում եմ՝ դա նույնն է, ինչ լրագրությունն ընդհանրապես: Ես կարծում եմ, որ սովորեցնում եմ լրագրության որոշակի ուղղություն, բայց դա ընդամենը ժուռնալիստիկա է, և այն չունի հատուկ բիզնես մոդել եկամտաբեր լինելու համար: Դու պետք է անես քո աշխատանքը, օգտագործես տվյալներ, եթե դրա կարիքը կա: Դու կարող ես որոշ տվյալներ դարձնել եկամտաբեր նախագիծ, որովհետև տվյալների լրագրության էությունը տվյալների բազաների մեջ որոշակի արժեք դնելն է, ինչը շատ կարևոր է այսօր: Բայց դա երբևէ չպետք է քո նպատակը լինի, երբևէ մի զբաղվեք տվյալների լրագրությամբ գումար աշխատելու համար, որովհետև դուք այստեղ չեք փող աշխատելու համար, դուք այստեղ եք լրագրությամբ զբաղվելու համար:

Բայց որպեսզի քո մեդիան կայունություն ունենա, և դու կարողանաս զբաղվել լրագրությամբ, պետք է նաև այդ մասին մտածես:

Որոշ դեպքերում տվյալների լրագրությունը որևէ խնդրի վրա ուշադրությունը սևեռելու ամենալավ ճանապարհն է, որը կարող է շատ ավելի արժեքավոր լինել:

Ինչպե՞ս կբնութագրես տվյալների լրագրությունը: Ի՞նչ է դա:

Ընդհանուր առմամբ, դա տվյալների օգտագործումն է, գործընթացը, վերլուծությունը և վիզուալիզացիան՝ պատմություն ստեղծելու համար:

Ի՞նչ սպասելիքներ ունենան լրագրողները տվյալների լրագրությունից ապագայում, ասենք՝ 10 տարի անց:

Կարծում եմ՝ տվյալների լրագրությունը ավելի կինտեգրվի խմբագրություններ: Այն, ինչ մենք անվանում ենք տվյալների լրագրություն, այն է, ինչը ստեղծում է պատմություններ՝ տվյալների միջոցով: Դա շատ սովորական բան է հիմա, և հիմա շատ մարդիկ կան խմբագրություններում, որ կարող են անել դա: 10 տարի անց մենք այլևս չենք խոսի տվյալների լրագրության մասին, դա կլինի ընդամենը լրագրություն:  

Տվյալների լրագրությամբ զբաղվելը խմբագրության համար թա՞նկ հաճույք է:

Ոչ, մի քանի օր վերապատրաստվելուց հետո կարող ես սկսել տվյալների լրագրությամբ լրջորեն զբաղվել և ինքդ քեզ հմտություններ ձեռք բերել: Դա թանկ կլինի, եթե դու ուզենաս շատ մեծ թիմ ունենալ՝ ներառելով նաև ծրագրավորողներին: Անհրաժեշտ է իմանալ՝ ինչպես դասակարգել տվյալները, պատմություն ստեղծել այդ տվյալներով: Միակ սարքավորումը, որ քեզ պետք է, ինտերնետն է: Գործիքների մեծ մասն անվճար հասանելի է ինտերնետում: Օրինակ՝ եթե ուզում ես դասակարգել, մաքրել տվյալները, քեզ անհրաժեշտ կլինի google drive-ը, որի համար վճարել պետք չէ: Եթե ուզում ես վիզուալիզացնել տվյալները, կարող ես օգտագործել Datawrapper կամ Infogram, Highcharts կայքերը:

Մարդկային աղբյուրները երկրորդական են դառնում այս պարագայում, որովհետև առաջնայինը թվերն են և տվյալները:

Կարծում եմ՝ երկուսն էլ անհրաժեշտ են: Երբ դու աշխատում ես տվյալների հետ, պետք է դրանք ճշգրտես, գտնես հակասություններ և մարդիկ, որոնք ասեն, որ դա այդպես է և կեղծված չէ: Չեմ կարծում, որ մարդկային աղբյուրները երկրորդական են, պարզապես ավելի քիչ կիրառելի են, քանի որ դու կարող ես գրաֆիկ սարքել:

Երբ ասում են՝ տվյալների լրագրություն, շատերը հասկանում են թվերի կույտ, տվյալների կույտ, որոնք հասկանալը նույնպես կարող է բարդ լինել: Ինչպե՞ս տվյալներով մարդկային պատմություն ստեղծել:

Տվյալների լրագրության լավագույն կողմն այն է, որ դու ունես բազմաթիվ տվյալներ և տվյալներ ես ստեղծում: Հեշտ է ներգրավվածություն ստեղծել քո պատմության մեջ. հարցնել որևէ մեկին՝ որտեղ է ապրում և ցույց տալ քարտեզի վրա այդ տեղը, հարցնել տեղեկատվության մասին և արագ ներգրավել այդ մարդկանց քո պատմության մեջ: Ես խոսում եմ օգտատերերի հետ ինտերակտիվության մասին: Իհարկե, կա նաև մարդկայնացնելու այլ ճանապարհ՝ պարզապես գրել դրա մասին, և յուրաքանչյուր պատմություն տվյալների մասին, պատմություն չէ տվյալների մասին, այն պատմություն է իրական աշխարհի մասին, որը բնութագրում են տվյալները:

Դու տվյալների լրագրության թրեյնինգներ տարբեր երկրներում ես անցկացրել, ինչպիսի՞ն է այժմ դրա զարգացումն աշխարհում, ո՞ր երկրներում է ավելի շատ կիրառելի, որտեղ՝ ոչ:  

Մի քանի երկրներ կան, որտեղ տվյալների լրագրությունը մեծապես կիրառվում է՝ Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում: Մնացյալ երկրներում մեծ նախաձեռնություն չի ցուցաբերվում տվյալների լրագրության ինտեգրման գործում, և դեռևս քիչ մարդիկ կան խմբագրություններում, որոնք տվյալների լրագրություն են կիրառում: «The Guardian»-ից և «New York Times»-ից բացի շատ քիչ տվյալների լրագրությամբ զբաղվող թիմեր կան, նույնիսկ Եվրոպայում: Ֆրանսիայում, օրինակ, չկա որևէ մեդիա, որը տվյալների լրագրության ոլորտում հմտացած թիմ ունենա: Հայաստանում ես քիչ գործեր տեսա, մի քանիսը, այն էլ՝ ձեր լրատվամիջոցում: Բայց ինչը ինձ զարմացրեց՝ ես շատ տվյալներ գտա համացանցում Հայաստանի մասին: Ընդամենը google-ով որոնելիս գտա տվյալների տարբեր բազաներ, ինչը շատ լավ սկիզբ է տվյալների լրագրությամբ զբաղվելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter