HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայ թե Թուրքիա չգնամ

Մեր տանը կռիվ է ընկել. ես ուզում եմ Թուրքիա գնալ այն լրագրողների հետ, ովքեր ապրիլի 20-26-ին կմեկնեն Թուրքիա, նպատակ ունենալով «ամրապնդել կապը Թուրքիայի եւ Հայաստանի լրագրողների միջեւ, համագործակցության նոր ուղիներ ստեղծել եւ աջակցել երկու երկրներում հաղորդակցման եւ լրատվության չմիջնորդավորված եւ ճշգրիտ ուղիների ստեղծմանը», տնեցիներս չեն համաձայնվում. «Դա լինելու բան չի, մոռացի, էսօրվա օրը (նկատի ունեն ապրիլի 24-ը) ո՞նց ես գնում էդ երկիր (անունն էլ չեն տալիս)»: Ջահել, ուսում առած երեխեքս անգամ ոչ միայն հանդիմանում են, այլև աղջիկս սպառնում է, որ հայտը անգլերեն չի թարգմանի, որդիս էլ, թե՝ հո քո գլխու չես: Խեղճ սկեսրայրս էլ է շվարել. «Բա սկի դու տելեվիզոր չես նայու՞մ, ամեն օր մեկը հուշեր ա պատմում, թե դրանք (էլի անուն չի տալիս) ինչ օյիններ են դրել հայերի գլխին»:

Էնքան լրջություն կա նրանց մտահոգություններում, որ մտքովս էլ չի անցնում իրավունքիս պաշտպանության, մասնագիտական գործունեությունս խոչընդոտելու կամ նման մի քանի փաստարկ մոգոնեմ ու կողի ընկնեմ: Շատ-շատ կարամ խռովեմ ու մի օր հաց չուտեմ, բայց միայն զարմանում եմ, որտեղի՞ց այս տագնապը: Փորձում եմ մեկնաբանել, որ գուցե երեխաներս չեն մոռացել, թե ազերիները ոնց էին հրետակոծում քաղաքը և ինչպես մի գիշերվա մեջ երկու անգամ գրադի արկերը մեր տունը քարուքանդ արեցին: Մտածում եմ, թե երևի պատերազմը խլեց նրանց մանկությունը, և հացի քարտերի, հերթերի, հովհարային անջատումների, կես գիշերին քնաթաթախ նկուղից նկուղ փախչելու վախի, ռուսատաններում աշխատանք որոնող հայրիկի կարոտի մասին հուշերը դեռևս մոռացության չեն մատնվել: Անգամ վախենում եմ նրանց այդ հիշողություններին դիպչել…

Բայց եսասիրաբար իմ մանկությունն եմ հիշում, երբ շատ ադրբեջանցի ծանոթներ ունեինք, ովքեր գյուղի ջրաղացում ցորեն աղալու համար հերթ էին բռնում ու գալիս մեր բակ: Ֆաթմա անունով տարեց կին կար, սոխի նման հազար կճեպ-շոր ուներ հագին, որի ամենա-ամենա խորքի գրպանում միշտ սառնաբաթ (շաքարաաքլորի պես) կար: Մի կերպ գրպանից հանում էր, ու էդ անտերի վրա միշտ կապույտ գույնի թելեր կային կպչած, մեկ է, համով էին շատ: Էդ կնոջ համար տատս «վեշ» էր կապում՝ հնացած շոր, կոշիկ… Ինքն էր ուզում, ասում էր՝ ինչ անեմ, ձեր տանն ինչ կա, ինձ պետք ա: Տատս էլ էնպես չէր, որ դժգոհում էր, ոնց որ ուրախանար, որ Ֆաթմային լավություն ա անում:

Բա որ գյուղի ակումբ Լաչինից համերգ էր գալի՜ս. միջանցնքներում, գյուղում ինչքան քառասունքի նստարաններ կային, շարում էին, բայց էլի շատերը ոտքի կանգնած էին մնում: Իսկական տոնախմբությունն էն էր, երբ Զեյնաբը համերգի էր գալիս, դահլիճի եզրերի նստելատեղերի համար արյուն կարար թափվեր, որովհետև ամենքը հույս ունեին, որ կարող ա կողքներով անցնելուց «խանումի» փեշին կպչելու ճար ըլնի: Դրանից հետո դեռ երկար ժամանակ կարայիր լսեիր, թե ջահելները ոնց են քթների տակ երգում. «Չիչագ-չիչագ... (ծաղիկ)»:

Նախանձով էին վերաբերվում նրանց, ովքեր Բաքվում բարեկամ ունեին, ու նրանք քիչ չէին: Երևի մինչև հիմա էլ գյուղում մարդիկ կլինեն, ովքեր իրենց տներում այնպիսի իրեր կունենան, որոնց մասին հիմա էլ հիացմունքով կասեն, թե Բաքվա են ղարկալ..

Ամենահամով ու ամենաառաջինը նրանք էին միրգ ու բանջարեղեն գյուղ հասցնում: Էն ժամանակներում եվրոպաների ու ամերիկաների ճամփի տեղը չիմացող մարդկանց համար բրենդային հագուստը Կուբաթլիի Յայայի խանութում էր: Բա որ շրջանային թերթը գունավոր էր հրատարակվում, մեկից մեկ պարզ էր, որ նվիրված է եղբայրական Լաչինին: Անգամ ուսուցիչներ էին գալիս փորձի փոխանակման համար:

Այն ժամանակներում Եղեռնի մասին շատ քչերն էին խոսում. լավագույն դեպքում որոշ գրողների կենսագրությանը ծանոթանալիս կարող էին նշել, թե սպանվեց 1915 թվականին: Երևի Սևակի «Անլռելի զանգակատունը» միայն խիզախություն բերեց այդ մասին ավելի հաճախ խոսելու, նույնիսկ հատվածներ անգիր անելու համար:

Կռիվ, ջարդ, պատերազմ բառերն այն ժամանակներում հոմանիշ էին միայն Հայրենական պատերազմին: Ու երևի դրանից է, որ այսօր գրեթե պատմություններ, հիշողություններ չես կարող գտնել մեր կողմերում, որոնք վերաբերվեն Մեծ եղեռնին: Գյուղը և երևի տարածաշրջանը, անհաղորդ էր կատարված ոճրագործություններին. այնքան, որ անգամ երբ սկսվեց Արցախյան պատերազմը, շատերի հետ նաև խնձորեսկցի տղաները ոտքի ելան, նրանց կռիվը էդ ազգի մարդկանց դեմ չէր, այլ իրենց տունը պաշտպանելու համար էր:

Չգիտեմ, հիմա ինչ է փոխվել նրանց մտածելակերպում, բայց ես չեմ կարողանում անվերադարձ «delete» անել իմ մանկությունն ու երեխեքիս պես մտածել: Առանց հուզմունքի չեմ դիտել այն արարողությունը, երբ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, բայց Հայի ցավի մասին բարձրաձայնելու, միջազգային մասշտաբով հայտարարելու հետ ես ամենից առաջ հիացել եմ Հռոմի պապի մարդ տեսակով ու անգամ չեմ կարդացել մամուլում եղած այն բազմաթիվ հրապարակումները, որոնք վերաբերել են միջազգային հանրության, մասնավորապես, Թուրքիայի արձագանքներին: Հոգեկան բավարարվածություն եմ ապրել ու հպարտություն, որ այդ շքեղաշուք արարողությունը Հայի համար էր: Ու այն, որ տիեզերական վարդապետի կոչում շնորհվեց սուրբ Գրիգոր Նարեկացուն, ինձ համար ավելի նշանակալից իրադարձություն էր:

Սպանեք ինձ, չունեմ ատելություն: Որովհետև այդ ատելությունն ու թշնամանքն ինձ խանգարում են առանց վախի ապրել: Որովհետև չեմ ուզում, որ ինձ՝ որպես հայի ճանաչելու հաշվանքի սիստեմը բնաջնջվելու մասին հիշողությունները լինեն:

Երբ 2003-ին գրի էի առնում հակամարտության ընթացքում Ադրբեջանից տեղահանված կանանց կյանքի պատմությունները, թե ինչպես և ինչ պայմաններում են լքել իրենց տները, զգացողություններս բոլորովին այլ էին. ես ավելի շատ կենտրոնանում էի, թե ինչպես են նրանց հյուրընկալել Հայաստանում, ինչպիսի պայմաններում են ապրում: Իհարկե, չեմ կարող մոռանալ Դաստակերտ քաղաքի խղճուկ ու վթարային տներում ապրող փախստականներին, որոնց տեղացիները՝ հայերը, ասում էին, թե ձեր հետևից կարմիր խնձոր չենք ուղարկել, որ եկել եք, և մինչև հիմա էլ տեղահանվածների մեծ մասն իրեն յուրայինների մեջ օտար է զգում:

Շատ հաճախ եմ ես լինում գյուղերում, ինձ համար շատ հետաքրքրական և կարևոր եմ համարում գյուղի մարդկանց հետ շփվելը, նրանց խոսքը լսելը, այդ մասին գրելը: Բայց ամեն անգամ զգում եմ, որ, մանավանդ հեռավոր գյուղերում, մարդիկ ամեն եկողից ինչ-որ լավ լուրի են սպասում, որն իրենց կօգնի ապրել, հավատալ վաղվա օրվան, համբերել, թե մի օր, կարևոր չի՝ ընտրությունից, խոշորացումից, թե ինչ-որ մի այլ բարեփոխումից հետո իրենց կյանքը կլավանա:

Ու ես միշտ դատարկաձեռն եմ գնում նրանց մոտ, որովհետև ոչ միայն չեմ կարողանում խաբել, այլև տեսնում եմ, որ նրանք մշտապես տանջահար դեմքերով են, ու իրենք էլ հարմարվել են խեղճությանը, թե՝ դե, մենք հեռու ենք, քաղաքից չենք, ասֆալտ չունենք, Եվրոպայի ու Ամերիկայի տեղը չգիտենք ու պայքարելու, լավին հասնելու հավես ու ցանկություն չունենք: Որովհետև ամեն քաղաքից գնացող ինձ նման իրեն հերոս է կարծում, որ կարողացավ նրանց խեղճության մասին աշխարհով մեկ անել: Ընդամենը էդ է անում: Ու դրա վերջը չի երևում:

Չգիտեմ էլ՝ կերևա՞, քանի որ շատերի պես իմ երեխեքն էլ են շարունակում ապրել՝ մտածելով, թե հինգլխանի Դևը դեռ աղբրի վրա նստած ա ու քանի դրան չեն հեռացրել, իրենց մերը Թուրքիա չի գնա…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter