HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վստահ եմ՝ ՀՀ բանկային կառույցները հունվար-փետրվարին վարկավորել են իրենց կարողությունների 10-15%-ի չափով». Արման Մալխասյան

Սեդա Հերգնյան

Հայաստանի բանկերը վերջին ամիսներին սկսել են քիչ վարկեր տալ: Այս մասին արդեն վկայում են ոչ  միայն բանկերի կողմից մերժված քաղաքացիները, այդ թվում՝ գործարարներ, այլև՝ պաշտոնական տվյալները:  Նվազել են թե դրամային, թե արտարժույթային (մեծ մասամբ՝ դոլարով) վարկերի ծավալները:

2015 թվականի տարեսկզբին բանկային համակարգի միջոցով ՀՀ տնտեսության վարկավորման ծավալը զգալիորեն նվազել է: Փետրվարին ՀՀ առևտրային բանկերը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել են ընդհանուր 2 տրլն 119 մլրդ 840 մլն դրամի վարկ: Հունվարի համեմատ այս ցուցանիշը նվազել է շուրջ 0,7%-ով, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ՝  3,9%-ով։

Փետրվարին ընդհանուր վարկերի ծավալում վարկային ներդրումները կազմել են 1 տրլն 916,7 մլրդ դրամ՝ հունվարի համեմատ պակասելով  23,7 մլրդ դրամով:   Դրա 66,3%-ը արտարժույթով վարկերն են, 33,7%-ը՝ դրամայինը:  

Աճել են վարկերի տոկոսադրույքները: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), բանկերում վարկերի տոկոսադրույքները փետրվարին բարձրացել են մոտ 2 %-ով և կազմել միջինում 18,71 %` հունվարի 16,77 %-ի փոխարեն:

Աճել է նաև  բանկերի  ժամկետանց վարկերի ծավալը: Փետրվարի վերջին այն կազմել է  37 մլրդ 525 մլն դրամ՝ հունվարի համեմատ աճելով է 1,7 մլրդ դրամով:

«Բանկային կարիերայի զարգացման կենտրոնի» և «Մալխասյան քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության հիմնադիր Արման Մալխասյանը  «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարվա փետրվարին պասիվ էր ոչ միայն Հայաստանի բանկային համակարգն, այլև՝ միանշանակ ամբողջ տնտեսությունը: Պարզապես, եթե նախկին տարիների հունվար-պետրվարին բանկերի կողմից վարկավորման միջոցով անընդհատ ֆինանսավորվում էր տնտեսությունը, ապա այս տարի դա տեղի չունեցավ:  

«Վստահորեն կարող եմ ասել, որ բանկային կառույցներն այդ ամիսներին վարկավորել են իրենց կարողությունների 10-15%-ի չափով: Իհարկե, այս ամենն ունի պարզ ու տրամաբանական բացատրություն: 2014-ի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի փոխարժեքի հետ տեղի ունեցած փոթորկային ելևէջները ստեղծեցին քաոսային իրավիճակ: Դա առանց այլն էլ ծանր վիճակում գտնվող  փոքր և միջին բիզնեսի համար դարձավ ֆինանսական անկայունության պատճառ և շատերի համար՝ անգամ բիզնեսի գործունեության վերջակետը»,- բացատրեց Ա. Մալխասյանը:

Նրա խոսքով՝ փոխարժեքային հիստերիան կառավարվեց և հանդարտվեց ՀՀ կենտրոնական բանկի մի շարք որոշումներով, որոնց վերջնական արդյունքում ստեղծվեց ՀՀ դրամի նկատմամբ մեծ պահանջարկ բանկերում, ինչն էլ վերջիններիս ստիպեց ավտոմատ հրաժարվել ՀՀ դրամով տրամադրվող վարկերից ամբողջությամբ և ավելին՝ բանկերը սկսեցին մեկը մյուսի հետևից ներգրավել կարճաժամկետ ու անսպասելի բարձր տոկոսով դրամային ավանդներ:

Այս երկու իրար հաջորդող գործընթացին ավելանում է նաև այն հանգամանքը, որ տնտեսվարողներին բանկերն առաջարկում են արտարժույթային վարկեր, իսկ տնտեսվարողներն, աչքի առաջ ունենալով փոխարժեքային տատանումներից առաջացող  ռիսկերը, խուսափում են իրենց գործունեությունը ֆինանսավորել արտարժույթային պարտավորություններ ստանձնելով  ու մի շարք անուղղակի բացասական գործոնների համակցությամբ, ըստ մասնագետի, ՀՀ բանկային համակարգն այսօր նման իրավիճակում է:

Իսկ ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքների բարձրացման հետևանքներին՝ քաղաքացիների և գործարար քաղաքացիների համար, Ա. Մալխասյանը նշում է, որ այն միանշանակ քայքայիչ ազդեցություն կթողնի:

«Մենք օրեցօր տեսնում ենք՝  ինչպես են տարբեր կենտրոնական վայրերում մեկը մյուսի հետևից ազատվում բիզնես տարածքները, այսինքն՝ հիմնականում փակվում են ձեռնարկություններ, որոնք առնվազն երկու և ավելի մարդկանց համար եկամտի աղբյուր էին ստեղծում: Այսօր Հայաստանը իր բյուջետային սուղ միջոցներով չի կարող լինել սոցիալական մեծ բեռ իր ուսերին կրող երկիր: Անգամ շատ զարգացած երկրներ իրենց հզոր տնտեսությամբ չեն կարողանում գործազուրկներին ապահովել նպաստներով: Ուրեմն մի բան շատ պարզ է՝ ՀՀ յուրաքանչյուր աշխատունակ մարդ, կորցնելով իր աշխատանքը, կորցնելու է իր եկամտի միակ աղբյուրը, որը բերելու է ամբողջ հասարակության առնվազն գնողունակության անկմանը՝ չհաշված մնացած հետևանքները: Հայաստանում կարող են աշխատել միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութներ և ձեռնարկություններ: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, այսօր գործարարն ու քաղաքացին այնքան սերտորեն կապված են, որ մեկի վրա ազդող բոլոր բացասական երևույթները շատ կարճ ժամանակահատվածում անդրադառնում են մյուսների վրա: Փոքր և միջին բիզնեսի փրկության լուծումը ես տեսնում եմ ոչ թե քաղաքական դաշտում տարբեր տեսակի պայքարների, այլ՝ վարկային տոկոսադրույքների նվազեցման և նրանց համար պայմանները, գոնե, նույնը թողնելու և ոչ թե ավելի բարդացնելու (հարկային կամ այլ գործիքների գործածմամբ) մեջ»,-  ասում Ա. Մալխասյանը: 

2015-ի հունվարին և փետրվարին Հայաստանում դոլարը միջինում կազմել է համապատասխանաբար 475,73 և 478,39  դրամ: Նախորդ տարվա դինամիկան ցույց է տալիս, որ նոյեմբերին ու դեկտեմբերին վարկային ներդրումների արտարժույթով  ծավալներն աճել են: Մինչդեռ հենց դեկտեմբերին էր, որ դրամի արժեզրկումն ու դոլարի բարձրացումը իսկական խուճապ առաջացրին հասարակության շրջանում:  

2014-ի հոկտեմբերին դոլարի միջին ցուցանիշը կազմել է 409,98 ՀՀ դրամ, նոյեմբերին՝ 420.45 դրամ, իսկ դեկտեմբերին կտրուկ աճեց՝ դառնալով 463,53 դրամ:  

ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը՝ համապատասխան ամսվա վերջի դրությամբ (մլրդ դրամ) | Create infographics

Արդյոք 2014-ի հունվարի և դեկտեմբերի ցուցանիշները վկայում են, որ այդ ամիսներին վարկային պորտֆելների ռեալ աճ է գրանցվել, թե՞ դա արտարժույթի վերագնահատման արդյունք է կամ մեկ այլ երևույթի: Ա. Մալխասյանի խոսքով՝ և բանկերն են վարկեր տրամադրել, և փոխարժեքն է բարձացել: 

«Թե որը ինչ չափով է ազդեցություն թողել, ես կարող եմ ասել հետևյալը՝ ինչպես նշեցի այդ ամիսներին բանկերը վարկավորում էին իրենց պոտենցիալների 10-15%-ի չափով, իսկ փոխարժեքի տատանումը կազմել է մոտավորապես 15-18%-ով, ըստ այս տվյալների՝  արդեն պարզ է դառնում պատկերը»,- նշեց նա:   

Վերջին 5 տարիների դինամիկան ցույց է տալիս, որ ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը աստիճանաբար աճել է, սակայն  դրան զուգահետ աճել է նաև դոլարի փոխարժեքը, հետևաբար՝ արժեզրկվել է դրամը:  Ըստ Ա. Մալխասյանի՝ ցավոք մենք չենք կարող այսօր ասել, որ վարկավորման ծավալների մեծացումը հենց վարկերի քանակային և գումարային ավելացման հետևանք է:

ՀՀ առևտրային բանկերի վարկային պորտֆելների ծավալները՝ ըստ վերջին 5  տարիների փետրվար ամսվա (մլրդ դրամ)     | Create infographics

«Յուրաքանչյուր երկիր, որն ունի իր սեփական արժույթը,  առանձին իրականացնում է արժույթային քաղաքականություն: Քանի որ Հայաստանը ներմուծող երկիր է, Կենտրոնական բանկը առավել մեծ խնդիրների հետ է բախվում, որովհետև արժույթային քաղաքականությունը ուղղակի ազդեցություն է թողնում իր հիմնական խնդրի (ՀՀ-ում գների կայունության ապահովման) վրա,  և այստեղ շատ մարդկանց մոտ ստեղծվում է թյուր կարծիք, թե փոխարժեքը Հայաստանում որոշվում է ինչ-որ քմահաճույքային մակարդակի վրա: Իհարկե, դա այդպես չէ: Մեր երկրի համար, կարծում եմ, վարկավորման ծավալների մեծացումը և տնտեսության ու ոչ պակաս կարևոր է՝ ժողովրդի ապադոլարիզացիան կարող են ապահովել կայուն և ինչու չէ՝ նաև զարգացող տնտեսություն: Բայց, ցավոք, մենք չենք կարող այսօր ասել, որ մեր վարկավորման ծավալների մեծացումը հենց վարկերի քանակային և գումարային ավելացման հետևանք է: Փոխարժեքների տատանումներն իրենց ազդեցությունը թողնում են դրամով արտահայտված այս ցուցանիշների վրա, եթե մենք ընդամենը հաշվարկենք փոխարժեքային տարբերությունը և բազմապատկենք նախկինում տրված վարկերի արտարժութային մնացորդների վրա»,- բացատրում է Ա. Մալխասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter