HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վավերագրողը բարձրաձայնում է. Կոմիտասի մասին խեղաթյուրված փաստերը կբացահայտեն

Գագիկ Հարությունյանը նախորդ տարվա մայիսին Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկայում (այն կազմակերպվում է կինոփառատոնի շրջանակներում)  ներկայացրել էր «Մուսալեռից Խնապատ» և Կոմիտասի «Գութաներգ» վավերագրական ֆիլմերի նախագծերը: Կոմիտասի մասին իր ուսումնասիրությունների ընթացքում, ասում է, բախվեց մի իրավիճակի, որն անսպասելի էր նաև իր համար: «Մինչ օրս Կոմիտասի մասին խեղաթյուրված փաստեր կան, որոնք չեն ուսումնասիրվել»,- նշում է նա՝ մատնացույց անելով «Կոմիտաս վարդապետ. ուսումնասիրություններ և հոդվածներ» գիրքը: «Սա Կոմիտասի գրածն է, որը, սակայն, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում չեն անցնում: Այստեղ կա ամեն բան նրա մասին»,- նշում է վավերագրողը:

Հարությունյանը պատմում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում իրենց փոքրիկ գիտական թիմով Կոմիտաս վարդապետի մասին բացահայտելու են նյութեր, որոնց մասին հայ հասարակությունը տեղյակ չէ: «Մեր գլխավոր խնդիրն է ճիշտը բացահայտելը: Խնդիրն այն է, որ առ այսօր բոլորը գիտեն, կոնսերվատորիայի դասախոսներն էլ դասախոսություններ են կարդում, որ Կոմիտասը Բեռլինում պաշտպանել է քրդական երաժշտության թեմայով: Դա լրիվ սուտ է: Այդպիսի բան չկա, և համաժողովին մենք կապացուցենք դա»,- ասում է  Գ. Հարությունյանը: Համաժողովին ներկա կլինեն գիտնականներ:

Ըստ Հարությունյանի՝ Կոմիտասը, լինելով Թուրքիայի քաղաքացի, եզակի մարդկանցից էր, որ այն տարիներին մեկնել էր Եվրոպա՝ արևմտյան երաժշտությունն ուսումնասիրելու: Այդտեղ էլ աղմուկ է բարձրացրել հայ հոգևոր երաժշտության մասին: Իսկ այս ամենը, մեր զրուցակցի կարծիքով, թուրքերին չէր կարող դուր գալ, և նրանք հերթական անգամ քրդերին ու եզդիներին փորձել են օգտագործել հայերի դեմ:

«Մեր ամբողջ խումբը հերքում է, որ Կոմիտասը քրդական երաժշտության մասին դիսերտացիա է պաշտպանել: Նա ոչ մի դիսերտացիա էլ չի պաշտպանել: Նա Բեռլինում ուսանել է՝ ծանոթանալով արևմտյան մշակույթին: Ամենակարևորը Կոմիտասի գրածն է՝ սա է»,- շեշտում է Գագիկ Հարությունյանը՝ մատնացույց անելով «Կոմիտաս վարդապետ. ուսումնասիրություններ և հոդվածներ» գիրքը: Իսկ ավելի մանրամասն, նրա ասելով, կխոսեն և կապացուցեն համաժողովում: 

Լուսանկարը` Գագիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter