HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դվին» հյուրանոց. աղճատվող ինքնություն

Դավիթ Ստեփանյան

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայում սկսեցին կառուցել երկաթբետոնյա շինություններ, որոնք շատ ռացիոնալ և ունիվերսալ էին, բայց քննադատվում էին տեղի կլիմայական պայմաններին չհամապատասխանելու և ազգային ավանդույթներից շեղված լինելու պատճառով:

Երբ սկսվեցին տեղական մշակույթի և ժամանակի պահանջների մերձեցմանը ուղղված ճարտարապետական աշխատելաոճի փնտրտուքները՝ լավագույն օրինակների մեջ առանձնացան 20-րդ դարի խոշորագույն ճարտարապետ Կենձո Տանգեի գործերը, որտեղ վերաիմաստավորվում էին ճապոնական ավանդական լուծումները: 

1958 թ.-ին Տանգեն կառուցեց Կագավայի պրեֆեկտուրայի ադմինիստրացիայի շենքը: Ութհարկանի այս շենքի ողջ հմայքը սյուների և հեծանների՝ ուղղահայաց և հորիզոնական մասերի միացման յուրահատկությունն է, ինչը հիշեցնում է ճապոնական ավանդական փայտե շինությունների կտուրների, քիվերի և յուրահատուկ ճաղաշարերի ձևերը: Հորիզոնական ջլատումեր ունեցող այս կառույցն ազգային կերպարի նոր ու հետարքրքիր մեկնաբանություն էր՝ երկաթբետոնի միջոցով արված:

Նմանատիպ հորիզոնական ջլատումներ ունեցող բազմաթիվ շենքեր իրականացվեցին ու տարածվեցին ամբողջ աշխարհում, բայց շատ դեպքում դրանց գեղագիտությունը զուտ կոնստրուկտիվ բնույթ էր կրում՝ առանց մշակութային ժառանգության հետ որևէ կապվածության, հաճախ էլ՝ առանց կերպարային իմաստի:

Շենքում հորիզոնական ջլատումներ ստանալը միանգամայն նորարարական լուծում էր և Հայաստան ներմուծվեց երբեմն անհաջող նմանակումների օրինակներով: Ռաֆայել Իսրայելյանը նույնիսկ հեգնանքով անդրադառնում է այդ նորամուծության չստացված կատարումներին:

«Շենքը բարձրությամբ բաժանվում է հարկերի ապակե հոծ ժապավեններով. շատ ժամանակակից եղանակ: Բայց այդ ժապավենն ստացվել է շնորհիվ այն բանի, որ պատուհանների միջև պատերը սև գույնով են ներկել, որպեսզի ստանան ընդհանուր ժապավեն…»,- իր հոդվածներից մեկում գրում է Ռաֆայել Իսրայելյանը:

Այդ տարիներին հայկական ճարտարապետության մեջ ազգային նկարագիր ունեցող կառույցներն առավելապես դրսևորում էին ուղղահայաց ռիթմեր՝ հատկապես կամարաշարեր: Կառավարական տունը, որի ճակատի վրա Թամանյանը ստացել էր առաջին հայկական կամարաշարը՝ կամարների կողք-կողքի հաջորդականությամբ (ոչ իրար հանդիպակաց դասավորվածությամբ, ինչպես հնում էր տարածված) դարձել էր այն օրինակը, որից հանրագիտարանի նման օգտվում էին ճարտարապետական սերունդները: Հետագայում շատ չեղան այնպիսի կառույցները, որտեղ, շեղվելով թամանյանական ուղուց, հայ ճարտարապետներին հաջողվեց լրիվ նոր լուծումներով ստանալ ազգային նկարագիր: «Դվին» հյուրանոցը այդ քիչ գործերից է և այն կարելի է համարել հորիզոնական ջլատումներ ունեցող կառույցի լավագույն օրինակ:

Ի տարբերություն Կագավայում գտնվող շենքի, որտեղ ժապավենաձև բազրիքն ու հարթակի սալն իրարից անջատված են օդի նեղ շերտով և երկաթբետոնյա ճաղաշարերի հատվածներով, «Դվինում» դրանք միավորված են ու երեսապատված են քարով՝ գույնով ու ֆակտուրայով առանձնանալով երկաթբետոնյա հեծաններից: Հոծ ու ընդգծված լինելով՝ այդ ժապավենները կառույցն օժտում են հայկական ճարտարապետությանը բնորոշ որոշակի ծանրությամբ և քանդակային պլաստիկայով:

«Դվին» անվանումը կրող տանիքի վրայի ուղղանկյուն քարեղեն ծավալը, թագավորական թագ հիշեցնող դեկորատիվ աշտարակաձև մասը, ինչպես նաև Արա Շիրազի գեղեցիկ զարդաքանդակը որպես շեշտադրված կտորներ իրենց հերթին նշում են կառույցի հայեցի բնույթը: Հետարքրքիր է, որ նույնիսկ դեկորատիվ մշակումների մեջ է առկա ժապավենաձև ուրվագիծը: Երբեմն այն միջնադարյան հյուսվածք է հիշեցնում, երբեմն՝ խաղողի որթի մի հատված և, ձայնակցելով բազրիքների ժապավենաձև կառուցվածքի հետ, ամբողջ շենքին հաղորդում է «Դվին» անվանմանը հարիր որոշակի պատմականություն և մշակութային պատկանելիության զգացում:

Պատահական չէ, որ քանդակազարդ պատին պատկերված նռերով ու խաղողի ողկույզներով թևերը տարածած թռչունն իր կատարին կրում է Դվինում պեղված պալատի հայտնի խոյակը: 

Համահեղինակ ճարտարապետներ Էդուարդ Սաֆարյանի, Ֆելիքս Հակոբյանի և Աշոտ Ալեքսանյանի ստեղծագործությունը, որը ժամանակին պետական մրցանակի էր արժանացել, այժմ վտանգված է:

2003թ. «Դվին» հյուրանոցը 3 միլիոն դոլարով վաճառվեց «Կովկասյան հաղորդակցական խումբ» ՓԲԸ-ին, որը պարտավորվում է ամբողջությամբ վերակառուցել հյուրանոցը մինչև 2016 թվականը։

Ներկայացված վերակառուցման տարբերակում այս արժեքավոր շինութունն անճանաչելիորեն ձևախեղման է ենթարկված:

Ըստ նախագծի՝ պահպանվում են նույն հարկերն ու որոշ կոնստրուկտիվ ամրակայում է արվում, սակայն կոսմետիկ հարդարանքներն ու գեղարվեստական փոփոխություններն այն աստիճանի կամայականության են հասնում, որ ոչինչ չի մնում «Դվինի» ճարտարապետությունից: Քարի և երակթբետոնի միասնությամբ արված շինությունը վերափոխելով ու երեսապատելով զանազան այլ նյութերով, պատահական, քմահաճ ֆորմաների վերածելով ճարտարապետագեղարվեստական ակցենտները, վերացվում է նրա ամբողջ կերպարը:

Նախագիծը միաձայն մերժվել է քաղաքաշինական խորհրդի նիստում ճարտարապետների կողմից:

«Դվին» հյուրանոցն այն կառույցն է, որի վրա ամենաչնչին գեղարվեստական միջամտություն անելն անգամ անտեղի է:

Եթե սեփականատերերը ուզում են ժամանակակից չափորոշիչներով հյուրանոց ունենալ, կարելի է լուծել բոլոր ինժեներական ու տեխնիկական խնդիրները, կարելի է, հարկ եղած դեպքում, ամրակայել ու հեղինակների համաձայնությամբ անհրաժեշտ ներքին փոփոխություններ իրականացնել, բայց պետք չի դիպչել ծավալատարածական հորինվածքին. այդ պատկերը նաև երևանցու սեփականությունն է:

Համոզված ենք, որ եթե հյուրանոցը, որպես հյուր ընդունող կացարան, իր հայկական դիմագծով ներկայանա օտարերկրացուն՝ շատ ավելի գրավիչ ու եկամտաբեր կլինի: Ի վերջո հյուրի համար էլ հետարքիր է գալ այնպիսի միջավայր, տեսնել այնպիսի ճարտարապետություն, որի նմանատիպ օրինակներն իր երկրում տարածված չեն, կամ էլ եղածի վատ ու հետամնաց ընդօրինակումները չեն: Բացի դրանից՝ սա նաև ինքնության գիտակցության և ազգային արժանապատվության հարց է:

Մեր քաղաքում հիմա էլ չեն կարողանում նման բարձրարժեք կոթողներ կառուցել, որտեղ ճարտարապետական ամեն մի մասնիկ իր դերն ու գեղագիտական նշանակությունն ունի: Եվ այսպիսի արժեքը փոխարինելը հերթական քաղքենի ու անդեմ մի տարբերակի հետ, մեղմ ասած, անհեթեթություն է:

Հյուրանոցի բակում՝ շատրվանների մոտ տեղակայված հայտնի «Լեռնային պար» քանդակի հերոսների ոտքերն, արդեն երկար ժամանակ է, կոտրված են: Քոչարի պարող հայ տղամարդիկ ու կանայք իրենց հաշմանդամ վիճակում հետևում են անօրեն շինարարությանն ու մշակութային եղեռնի ընթացքին:

Մեկնաբանություններ (1)

Грайр
Боюсь что история с Молодежный (кукурузник) повторится. Комплекс передано X компании не имеющие ни проекта не переспектива развития и.т.д. Одно стремление заполучить кусок земли и перепродавать...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter