HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի ակտիվիստների նամակը ՌԴ գլխավոր դատախազ Յ. Չայկային

Մի խումբ ակտիվիստներ այսօր որոշել էին Գյումրիում տեղակայված ռուսական հյուպատոսարանի միջոցով նամակ եւ շախմատ փոխանցել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Նամակում մասնավորապես նշված էր հետեւյալը. «Ընդունեք այս նվերն ի նշան երկու երկրների բարեկամության, լցրեք ձեր պարապությունը կամ պատասխանեք ձեր հայ գործընկերոջ նամակին: Սխալ մտածված քայլերը կարող են լարվածություն առաջացնել հայ եւ ռուս ժողովուրդների բարիդրացիական հարաբերություններում»: Իսկ որպես նվեր ընտրել են շախմատը, որպես խելացի խաղի խորհրդանիշ, բացատրեց տնտեսագետ Կարեն Պետրոսյանը:

«Շախմատը շատ իմաստներ ունի, ամեն մեկը կարող է յուրովի մեկնաբանել, բայց բայց հիմնականը, որ մեր հետ պետք չէ խաղեր խաղալ, եւ մենք ասում ենք, ցանկացած սխալ քայլ, որ կանի ռուսական կողմը, ռուս իշխանավորը կարող է էապես վնասել հայ-ռուսական հարաբերություններին»,-նշեց Կարեն Պետրոսյանը:

Ավետիսյանների սպանությունից անցել է երեք ամիս ու գործի հետաքննության հետ կապված հանրության իրազեկվածությունն ընդամենը չնչին տեղաշարժ է արձանագրել: Գյումրիում հունվարյան դեպքերի ժամանակ հնչեցված հարցերն եւս մնացել են անպատասխան: Մասնավորապես Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ կասկածվող Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջը, որի պատասխանը մինչեւ օրս բացասական է:

Հյուպատոսարանից հրաժարվեցին ընդունել ակտիվիստների  նվերը: Հանդիպման դուրս եկած փոխհյուպատոս Ալեքսանդր Կոչեգարովը համաձայնվեց վերցնել միայն նամակը: «Սա կաշառք չէ, շատ էժան բան ենք գնել, որ հանկարծ վատ չզգաք, ընդամենը խորհրդանշական նվեր է ռուս ազգին բարեկամ հայ ազգից»,-փորձեց համոզել Կարեն Պետրոսյանը, սակայն Կոչեգարովը մաց անդրդվելի: Նա շնորհակալություն հայտնեց նվերի համար, սակայն հեռացավ իր հետ տանելով միայն նամակը՝ ուղղված պարոն Չայկային:

«Մենք կսպասենք մինչեւ ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումներն ավարտվեն, իսկ հետո արդեն կգնանք ադեկվատ քայլերի: Հույս ունենք, որ այս ընթացքում մեր պատկան մարմինները կաշխատեն ազդել պարոն Չայկայի վրա, որպեսզի վերջինս պատասխանի մեր գլխավոր դատախազի ուղարկած նամակին: Այն ինչ մենք անում ենք, մենք սրանով փրկում ենք նաեւ մեր երկրի դեմքը, մեր իշխանավորներին»,-հայտարարեց Կարեն Պետրոսյանը:

Շախմատը ակտիվիստները նվիրեցին հայ զինծառայողներին, ովքեր պահպանություն են իրականացնում հյուպատոսարանի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter