HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկական խնամակալական կազմակերպությունների 254 շրջանավարտ սպասում է բնակարանի իր հերթին

Գայանե Սարգսյան

Վիկտոր Բերյուկովը Վանաձորի մանկատան շրջանավարտներից է: Մանկատունը ստիպված է եղել թողնել 2009թ.-ին: Նա որպես ԱԾԽՄ (առանց ծնողական խնամքի մնացած) ճանաչված, ընդգրկված է պետության աջակցությամբ բնակարանով ապահովման մանկատան շրջանավարտների հերթացուցակում:  Մանկատնից հեռանալուց անցել է արդեն 6 տարի, սակայն մինչ օրս Վիկտորը սպասում է բաղձալի բնակարանին:

 «Մանկատնից հետո շատ դժվարություններ եմ ունեցել, թեթև չի եղել: Մի ամբողջ ձմեռ դրսում եմ անցկացրել, Տարոն թաղամասի շենքերի մուտքերում ամբողջ գիշեր ման եմ եկել: Եղել է՝ օրերով չեմ քնել, մինչև լուսացել է, օրը մի տեղ գործ եմ ճարել, իմ օրվա հացի փողն աշխատել»,- ասում է նա:

Օրավարձով աշխատել է Լոռու մարզի տարբեր գյուղերում՝ Հոբարձիում, Գյուլագարակում, Դարպասում: Անասուն է պահել, հող մշակել, խոտ հավաքել: Մշտական բնակության վայր, սակայն, չի ունեցել ու որտեղ մթնել է, այնտեղ էլ գիշերել է:

Այսպես անցել է մեկ-երկու տարի, մինչև որ հանդիպել է Բազում համայնքի բնակիչ  Հովիկին:

«Փողոցներում ման էի գալիս, գլուխս կորցրած, խառնված, հուսալքված: Ամեն իրիկուն ասում էի՝ աստված ջան, տենաս էսօր իմ հետ ինչ կըլնի: Առավոտն ասում էի՝ տենաս էսօր մի կտոր հաց կըլնի ուտեմ: Օրերից մի օր էս մարդը ռաստ եկավ ինձ: Ասեց՝ արի տեղ տամ, ապրի, մինչև տեսնես ինչ ես անում: 4-5 տարի է՝ էստեղ եմ ապրում: Առավոտը գնում, տարբեր տեղեր աշխատում եմ, սրա նրա բակը, գոմը մաքրում եմ,  խոտը՝ կրում, որ կոպեկ տան»,- պատմում է Վիկտորը:

Բնակատեղին Բազում գյուղի սարալանջին գտնվող մի փոքրիկ, քարաշեն սենյակ է: Ու թեև այն բավականին հեռու է գյուղից, զուրկ հարմարություններից, Վիկտորը գոհ է այնքանով, որ գլխին տանիք ունի, որ ստիպված չէ դրսում գիշերել:

Դժգոհությունը պետությունից է: Ասում է. « Սաղ սուտ ա, ծերից ծեր, առաջին տառից վերջին տառը սուտ ա: Սա  պետություն չի: Թող ով ուզում ա գա, տա սպանի: Պետություն ըլներ, ես կարո՞ղ ա էսօրվա օրը էս օրին էղնեի: Ուրա  ստեղ պետությո՞ւն»:

Վիկտորի կարծիքով մանկատան սաներին պետք է դուրս գրեն միայն այն դեպքում, երբ լուծված է ոչ միայն բնակարանի, այլ նաև աշխատանքի խնդիրը:

«Մանկատնից երեխեն էն ժամանակ պետք ա դուրս գա, երբ հաստատ գիտի, որ կարա յոլա գնա, սրա նրա ձեռին չի նայի, փողոցում  շվարած չի մնա: Պետք ա հաստատ իմանա, որ ծածկ կունենա, աշխատանք կունենա, նոր դուրս գա: Թե չէ հո մենակ դուրս գրելով չի՞,- ասում է նա,- էսօր վերցնում, դուրս են գրում ու ասում՝ ուր ուզում ես գնա, ոնց ուզում ես ապրի: Ի՞նչ անես, ո՞նց ապրես: Մարդ կա, աշխույժ ա, էլի մի բան կարում ա անի, մարդ էլ կա, կործանվում ա»:

Այն, որ մանկատան շրջանավարտները մանկատունը թողնելուց հետո մի շարք խնդիրների են հանդիպում, փաստում է նաև Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը.

«Ամենամեծ խնդիրը մանկատունն ավարտելուց հետո է, երբ մանկատան սաները կանգնում են լուրջ խնդիրների առաջ,  հասարակությանն ինտեգրվելուց մինչև աշխատանքային, բնակարանային, կրթական, առողջական խնդիրներ: Այն բոլոր խնդիրները,  որոնք ցավոք, մանկատունն այդպես էլ չի կարողաում այդ տարիներին ապահովել տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով,- նշում է բաժնի պետը, կարևորելով երեխաների ադապտացման խնդիրը,- մանկատանը միջինը 60 երեխա կա, իսկ մեծ հաստատություններում երեխաների սոցիալիզացիան, ադապտացումը շատ դժվար է»:  

Բաժնի պետի դիտարկմամբ՝ հասարակության մոտ մանկատան սաների ու շրջանավարտների նկատմամբ ձևավորված որոշակի վերաբերմունք կա:

«Ցավոք, այսօր դպրոցներում էլ դեռևս դասակարգվում են մանկատան երեխաները, նրանց նկատամբ կա որոշակի վերաբերմունք: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նույն վերաբերմունքը կա գործատուների մոտ: Եվ եթե, օրինակ, նույն աշխատանքի դիմաց երեք մարդ է դիմում, մանկատան շրջանավարտ պիտակն արդեն բավարար է, որ գործատուն խուսափի այդ երեխաների հետ աշխատել», ասում է Նարեկ Սարգսյանը:

Սա փաստում են նաև մանկատան շրջանավարտները:

«Մանկատան բոլոր երեխաների անձնագրերում որպես գրանցման վայր նշված է մանկատուն: Չգիտես ինչու մարդիկ դրանից խուսափում են, մտածում են, որ վայ, ուրեմն դու վատ վարքագիծ ունես, պիտակ կա քո վրա: Մարդկանց համար խուսափելիք  է մանկատւոն անունը»,- նշում է մանկատան շրջանավարտ Հայկանուշ Անտոնյանը:

Վանաձորի մանկատան շենքը

Ն. Սարգսյանի դիտարկմամբ՝ մանկատնից դուրս գալուց հետո հաջորդ խնդիրն այն է, որ շրջանավարտները հայտնվում են հսկողությունից դուրս, ինչը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ:

«Մանկատանը երեխան գոնե  գիշերելու տեղ է ունենում, սնվում է, հսկողության տակ է լինում, հարկ եղած դեպքում մասնագետը լավ, թե վատ աշխատում էր նրա հետ, իսկ դուրս գալուց հետո նա մնում է ստվերում»,- ասում է բաժնի պետը:

Ստվերում մնալու հնարավոր հետևանքների մասին մանկատան սաները շատ չեն սիրում խոսել:

«Մեր աղջիկների մի մասը ճիշտ ուղուց են շեղվում, տղաների կեսը գողություն է անում, դատվում: Ապրելու միջոց չունեն երեխեքն ուղղակի: Ամեն մեկը ոնց կարում է, իրա գլուխը պահում է»,- ասում է Հայկանուշ Անտոնյանը:  

 Ն. Սարգսյանի դիտարկմամբ՝ մանկատան շրջանավարտների նկատմամբ մոտեցումների փոփոխման անհրաժեշտություն կա.

«Մանկատան շրջանավարտ երեխաների հետ աշխատում են կենտրոնացված ռեժիմով: Այսինքն՝ միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու հասարակական կազմակերպություններն են հիմնականում աշխատում երեխաների հետ: Մենք, կոնկերտ մարզպետը իր լիազորությունների շրջանակներում այդ երեխաների նկատմամբ որևէ անելիք չունենք,- նշում է նա՝ կարծիք հայտնելով, որ  պետք է լինի լուրջ համագործակցություն մարզային իշանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որովհետև երեխան, ի վերջո, բնակվում է համայնքում»:

Մանկատան շրջանավարտների հետ կապված որևէ անելիք չունի նաև մանկատունը: «Մենք խնամք ենք իրականացնում 0-18 տարեկան երեխաների համար: 18 տարեկանից հետո մանկատունն այլևս իրավասու չէ այդ երեխայի նկատմամբ խնամք իրականացնելու և երեխան պետք է անցնի ինքնուրույն  կյանքի»,- ասում է Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը:

Սա փաստելով հանդերձ՝ մանկատան տնօրենը վստահեցնում է. «Այնպիսի երեխա չունենք, որ մուրացկանությամբ զբաղվի, այնպիսի երեխա չունենք, որ աշխատանք չունենա… Հիմնականում աշխատանք ունեն և կարողանում են իրենց գոնե մի կտոր սև հացը վաստակել: Աղջիկների մի մասն էլ ամուսիններ ունեն, որոնք աշխատում են, կարողանում են ընտանիքը պահել…»:

Մեկ տարի անց Վանաձորի մանկատունը ստիպված կլինի լքել ևս վեց սան: Վաղվա օրը, սակայն, մանկատան այսօրվա սաների մոտ մտավախություններ է առաջացնում: 

«Վախենում ենք: Հայաստանն էն երկիրը չի, որ ասես, վաղը ես դուրս գամ, գիտեմ՝ պետությունն իմ մեջքին կանգնած է: Չէ: Նույնիսկ աշխատանքի պահով էլ վախենում ես, որովհետև չգիտես գործատուն քեզ իրո՞ք գործատու է, թե՝ չէ… Պետությունը մինչև 18 տարեկանն է մանկատան երեխու մեջքին կանգնած: Մանկատան երեխան որ դուրս եկավ, որտե՞ղ մտնի աշխատի, ո՞նց տուն վարձի, էդ տան վարձը որտեղի՞ց տա: Էդ ամեն ինչը խնդիր ա: Եթե գոնե տան հարցը լուծվեր, կկարողանայինք մեր հացը վաստակել: Իսկ եթե չէ, չգիտենք ինչ անենք, հուսահատ վիճակում ենք»,- ասում է 18-ամյա Նելլի Շահբազյանը

18-ամյա Մարգարիտա Հակոբյանն էլ հավելում է. §18 տարեկանը ամենակոտրվող տարիքն է: Միանգամից չի կարելի հենց 18-ը լրացավ, մանկատնից հանես, թե գնա դու քո կյանքով ապրի¦:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն 2013թ.-ի հոկտեմբերի տվյալներով հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների 254 շրջանավարտներ հաշվառված են բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակում: Նրանցից 65-ը Վանաձորի մանկական խնամակալական կազմակերպության շրջանավարտներ են:

Նախարարությունից ստացված տվյալների համաձայն 2013-2015թթ.-ին բնակելի տարածություն է հատկացվել ընդամենը 27 շրջանավարտի, որից 8-ը Վանաձորի մանկական խնամակալական կազմակերպության շրջանավարտ է:

ՀՀ կառավարության 2014թ.-ի դեկտեմբերի 18-ին ընդունած 1452-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական մանկատների շրջանավարտներին պետական աջակցության ծրագիրը

Ծրագիրը տարածվում է «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում պետական մանկատների 2003 թվականից սկսած մինչև 2013 թվականը ներառյալ, հաշվառված և շահառու  ճանաչված (1991-2013 թթ. շրջանավարտներ), ինչպես նաև Գավառի և Վանաձորի ընդհանուր տիպի մանկատների 2014 թվականի և հաջորդող տարիների շրջանավարտների վրա:

Կառավարության որոշման մեջ հստակ նշված է, որ այս ծրագրի իրականացումը գործակալության պայմանագրով վերապահվելու է երեխաների հիմնահարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությանը:

Մեր հարցումին ի պատասխան նախարարությունից տեղեկացնում են. «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրն իրականացնելու նպատակով  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը §Ակունք¦ էթնոսոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության հետ կնքել է գործակալության պայմանագիր:

Ծրագրի նպատակներից է. մանկատան շրջանավարտներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն` ուղղված նրանց իրավունքների և օրինական շահերի, մասնավորապես, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների պաշտպանությանը, մասնագիտական կողմնորոշում և աջակցություն զբաղվածության ապահովմանը, անհրաժեշտության դեպքում ընդգրկում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման ծրագրերում, ինչպես նաև բնակելի տարածության տրամադրում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ սահմանված կարգով:

ՀՀ կառավարության 2013թ.-ի 894-Ն որոշմամբ հաստատվել է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը և բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը:

Ըստ այդ կարգի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք ևս ընդգրկվել են բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակում:

Կառավարության այս որոշման 5-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 983-Ն որոշումը:

Նոր որոշման 4 կետի համաձայն «Պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական տան կացարանները, այդ թվում` հանրակացարանային տիպի կացարանները, բաշխվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված սոցիալապես անապահով և հատուկ բոլոր խմբերի միջև համապատասխան հերթացուցակներում ներառված անձանց (ընտանիքներին), համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի¦:

Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակտարածքը հանձնվում է 10 տարի ժամկետով:Այս մոտեցմանը պաշտոնատար անձինք կողմ են, մանկատան շրջանավարտները՝ կտրականապես դեմ:

«Առաջ, երբ երեխային բնակարանը տալիս էին 10 տարի բնակվելու, և հետո սեփականության իրավունքով, փորձը ցույց տվեց, որ երեխաները վաճառում են այդ բնակարանը, որովհետւ դա կարծես իրենցը չէր: Իսկ հիմա տրվում է կոնկրետ ժամկետով, 10 տարի ժամկետով երեխային կացարան են տալիս, որից հետո ինչպես բոլոր մյուս  քաղաքացիները, դու էլ պետք է մտածես քո բնակարանն ունենալու մասին: Չի դնում տարբերություն: Այս երեխաների համար ցանկացած դաշտում չպետք է լինի սոցիալիզացիայի խնդիր, տարբերություն: Այ, պետության խնդիրը այս ճանապարհով գնալն է»,- ասում է Լոռու մարզպետարանի կանանց, ընտանիքի ու երեխաների պաշտպանության բաժնի պետ Ն. Սարգսյանը:

«Վերջերս ինձ տուն առաջարկեցին: Մանկատանն ինչքան շրջանավարտ ունենք, ոչ մեկին էդ առաջարկով տուն չեն տվել: Մարալիկի կողմն էր այդ առաջակվող տունը, հանրակացարանի պես բան էր: Ասում էին՝ համ տունը կտանք, համ աշխատանքի կտեղավորենք, բայց դու պետք է ամսեամիս մեզ գումար տաս: Ինձ կոնկրետ ոչ մի գումարի չափ չասեցին: Հրաժարվեցի: Ասեցի՝ ինչի՞ չեք ինձ էլ մյուս սաների պես բնակարանի բանալին տալիս, ասում՝ գնա ապրի: Ասեցին՝ ֆինանս չկա, էլ չենք կարող էդպես անենք: Ասում են՝ դու պիտի փող մուծես, որ մենք քեզ էդ տան օրդերը տանք, ասենք՝ սա արդեն քո տունն ա: Ասեցի՝ մանկատան շրջանավարտ եմ, դուք ինձ նման առաջարկ եք անո՞ւմ: Չի լինի էդպես: Այդ տնից հրաժարվեցի: Ասեցին՝ մենք քո հետ կապ կպահենք: Դա անցած տարվա կեսերին էր: Մինչև հիմա ոչ մի լուր չկա»,- վրդովված պատմում է մանկատան շրջանավարտ Վիկտորը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter