HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանը մոտ 29 միլիոն դրամի կոնյակ է գնել, 1,5 միլիոն դրամով էլ` կոնյակի բաժակներ

Երևանի քաղաքապետարանը նախորդ տարի՝ հունիսի 3-ին, «Երևանի կոնյակի գործարան»  ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանի հետ կնքել է ապրանքների գնման պայմանագիր: Համաձայն դրա՝ քաղաքապետարանը 28.847.804  դրամի կոնյակ է ձեռք բերել ընկերությունից: Պայմանագրում և տեխնիկական բնութագրում նշված չէ մատակարարվող ապրանքի քանակը, սակայն ըստ բնութագրի՝ գործարանը քաղաքապետարանին վաճառել է 9 տեսակի կոնյակ:

Դրանցից մեկը 10 տարվա հնեցմամբ «Հոբելյանական» կոնյակն է, որը մատակարարվել է «Էրեբունի-Երևան-2796» գրվածքով, խորհրդանիշով, հոբելյանական լոգոյով: Այսինքն՝ այս խմիչքը նախատեսվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար:

Բացի նշվածից, քաղաքապետարանը ձեռք է բերել «Էրեբունի» (փայտե և կաշվե տուփերով, 25 տարի հնեցմամբ), «Դվին» (10 տարի հնեցմամբ), «Նաիրի» (20 տարի հնեցմամբ), «Տոնական» (15 տարի հնեցմամբ), «Ախթամար» (երկու բաժակով, 10 տարի հնեցմամբ), «Ընտիր» (7 տարվա հնեցմամբ) տեսակի կոնյակներ: Յուրաքանչյուրի համար նշված են զգայորոշման համտեսային ցուցանիշները:

Մեկ այլ ապրանքների գնման պայմանագրով, որ կնքվել է հոկտեմբերի 6-ին «Գայդլայն» ՍՊԸ-ի հետ, քաղաքապետարանը ձեռք բերել կոնյակի 15 բաժակ-կոմպլեկտներ՝ 1,5 միլիոն դրամով:  Այսինքն՝ մեկ հատի գինը 100.000 դրամ է: Ըստ տեխնիկական  նկարագրության՝ սրանք հուշանվերներ են. յուրաքանչյուր կոմպլեկտ բաղկացած է 2 բաժակից, արծաթե տակդիրով, մետաղական և փայտե ձիերով, գործարանային տուփով, տոնական փաթեթավորմամբ:

Ընդ որում՝ սրանք քաղաքապետարանի գնած ամենաթանկ բաժակները չեն: Օրինակ, հունիսի 5-ին «Ոսկե մարգարիտ» ՍՊԸ-ի հետ կքնված պայմանագրով կառույցը որպես հուշանվեր ձեռք է բերել կիսաթանկարժեք քարերով զարդարված արծաթյա 3 գավաթ՝ վճարելով 1.302.000 դրամ (մեկ գավաթի գինը 434.000 դրամ է): Իսկ դեկտեմբերի 2-ին նույն ՍՊԸ-ից գնել է մեկ արծաթյա գավաթ՝ կրկին կիսաթանկարժեք քարերով՝ վճարելով 470.000 դրամ: Ի դեպ, այս ընկերությունից գնումներ են կատարում նախագահականը, Ազգային ժողովը, կառավարությունը:

Իսկ Երևանի քաղաքապետարանի գնումների առավել հետաքրքիր հատվածներին դեռ կանդրադառնանք: Մասնավորապես, թե կառույցը քանի միլիոն դրամի հուշանվեր է գնել, ինչքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երևան» միջոցառումներին ներկա պատվիրակությունների հյուրասիրության համար և այլն:

Եթե քաղաքապետարանը շարունակում է քաղաքացիներին «հաշվետու լինելու» ծրագիրը՝ ներկայացնելով օրվա փաստը, թե օրինակ քանի ցայտաղբյուր են վերանորոգել 2012-14 թթ., քանի շենքի ճակատային մաս են գունազարդել, ապա պատկերը կամ հաշվետվությունը ամբողջական կլինի, եթե Երեւանի ղեկավարները հարկատու քաղաքացիներին ներկայացնեն, թե ինչքան գումար են ծախսել այս կամ այն ծառայության, ապրանքի համար և թե որ ընկերություններից են իրականացրել գնումները: Հակառակ դեպքում քաղաքապետարանի՝ երևանցիներին «հաշվետու լինելու» մտահղացումը վերածվում է շարքային անհաջող փիար ակցիայի:  

Մեկնաբանություններ (1)

Լյուդա
այո այոոոոոոոոոոոոոոոոոոո

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter