HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մեկնարկեց Գյումրու երկրորդային փողոցները տուֆով հիմնանորոգելու պիլոտային ծրագիրը

Տուֆապատ փողոցների ու մայթերի Շիրակի մարզում կարելի է հանդիպել հիմնականում Արթիկ քաղաքում: Այս քարատեսակը, որ համեմատած գրանիտի ու բազալտի հետ ավելի փուխր է, սալապատման առումով իդիալական տարբերակ է համարվում մայթերի, բայց ոչ բանուկ երթեւեկություն ունեցող փողոցների համար: Գյումրիում թաղային նշանակության փողոցները տուֆով վերականգնելու ծրագիրը պիլոտային է:

Ընտրվել է Ղուկասյան փողոցը, որի մոտ 2200 քմ հատվածը կպատվի տուֆե սալիկներով, իսկ որտեղ ասֆալտի շերտը դեռ պահպանված է՝ կկատարվի ասֆալտապատում: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի փոխանցմամբ միայն տուֆապատումն իրենց վրա կնստի 15 մլն դրամ, որն իհարկե ծախսային առումով շատ ավելի էժան է, քան եթե որոշեին ասֆալտապատել: Դիմացկունության հարցը պատասխանատուները դիտարկում են այլ հարթությունում՝ այստեղ «եթե»-ները շատ են:

Փողոցն ընտրվել է՝ հաշվի առնելով ոչ բանուկ երթեւեկության հանգամանքը, սակայն տուֆապատումից հետո հարկ կլինի արգելել ծանր մեքենաների մուտքը փողոց, կտեղադրվեն մեքենաների արագությունը սահմանափակող ճանապարհային նշաններ:

«Էնպես չէ, որ տուֆը նորություն էր Գյումրու համար: Եկեք գնանք Ձիթողցյանների բակը, հրուշակեղենի  ֆաբրիկայի բակը, գարեջրի գործարանը, Ռիժկովի փողոցը, սալարկման համար տուֆ են օգտագործել,-նկատեց քաղաքապետը,-անձրեւի ժամանակ ջուրը ներծծելու հատկություն ունի տուֆը, փոշի չի լինում, առավելություններ ունի, միակ թերությունը փխրունությունն է: Դրա համար էլ պիտի աշխատենք, որ ծանր տեխնիկա էն փողոցներում, որտեղ կսալիկապատենք՝ չմտնի»:

Աշխատանքները ղեկավարող վարպետ Արմենակի պնդմամբ՝ տուֆն երեք անգամ ավելի երկար կյանք ունի, քան ասֆալտը: Տուֆապատումից առաջ կատարվում են գրեթե նույն աշխատանքներն, ինչ ասֆալտապատման դեպքում: Նախ խիճն են լցնում, որ սկզբում առավելագույնս սեղմում-հարթեցնում են, հետո ավազի շերտ, որի վրա արդեն շարում են համաչափ կտրված սալիկները՝ ամրացնելով ցեխի շաղաղով: Ղուկասյան փողոցի տուֆապատումը վարպետը խոստացավ ավարտել երկու ամսում:

Այս տարի համայնքային բյուջեից 400 մլն դրամ է նախատեսվել քաղաքի 6 փողոցում կապիտալ ասֆալտապատում եւ մի շարք այլ փողոցներում փոսալցման աշխատանքներ իրականացնելու համար: Միակ խոչընդոտն, ինչպես նախորդ տարիներին ջրմուղի կողմից իրականացվող աշխատանքներն են, որի հետեւանքով քանդվում է անգամ հիմնանորոգված փողոցների ասֆալտաշերտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter