HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ադամանդագործության ոլորտում ՀՀ-ՌԴ պայմանագիրը նախորդ տարի արդյունք չի տվել

Սեդա Հերգնյան

Ադամանդագործության ոլորտում, որը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է, 2014 թվականին անկում է գրանցվել: Նվազել են նաև արտահանման և ներմուծման զուտ ֆիզիկական ծավալները: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալները:

Ռուսաստանի հետ պայմանագիրը դեռևս արդյունք չի տվել

Հայաստանի ադամանդագործության ոլորտում 2013-ին արձանագրվել էր 41% աճ: 2014-ին Հայաստանը վավերացրեց Ռուսաստանի հետ կնքած համաձայնագիրը, որը ենթադրում է Ռուսաստանից Հայաստան արտահանվող չմշակված ադամանդի մաքսատուրքերի զրոյացում: Դրանից հետո ակնկալվում էր, որ 2014-ին ևս աճ կգրանցվի: Սակայն, տարեվերջյան արդյունքներով՝ Հայաստանում արտադրվել է 59,7 հազ. կարատ ադամանդ: 2013-ի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 37%-ով:

Հայաստանն աշխատում է հետևյալ սկզբունքով՝ ներմուծում է էժան հումք (ալմաստ), որի մի մասը վերամշակում է և ավելի թանկ արտահանում, մյուս մասը` սպառում տեղական շուկայում: Ներմուծվում է նաև արդեն վերամշակված և թանկարժեք ադամանդ, որը սպառվում է տեղական շուկայում՝ ոսկերիչների կողմից: Իրականում Հայաստանի ադամանդագործության ոլորտը բավականին խոցելի է, քանի որ աշխատում է պատվերների հիման վրա: Այստեղ գործող ընկերությունները մշակման պատվերներ են ընդունում և միայն դրանց հիման վրա կողմնորոշվում՝ որքան ալմաստ ներմուծել և որքան մշակված ադամանդ արտահանել: Այսինքն՝ այս ոլորտի զարգացումները թելադրում է դրսի շուկան:

2013-ին Հայաստանում ադամանդագործության և ադամանդի արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից ներկրված ալմաստի կրկնակի աճով: Ռուսաստանում շահագործման էր հանձնվել ալմաստի նոր խոշոր հանքավայր, որի հետևանքով «Ալռոսա» ընկերությունը զգալիորեն կորցրել էր իր գերիշխող դիրքը արտահանման շուկայում: Հանքավայրի նոր շահագործողը՝ «Լուկօյլ»-ը, ավելի էժան ալմաստ էր առաջարկել, որից էլ օգտվել էին հայ ադամանդագործները: Ընդհանուր առմամբ՝ ռուսական ալմաստը համեմատաբար ցածր որակ ունի և ավելի էժան է, քան աֆրիկյանը: Ռուսական ալմաստի մեծ մասը վերամշակումից հետո արտահանվում է հենց Ռուսաստան:

Իսկ 2014-ին Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 44,5 հազ. կարատ ադամանդ (5 մլն դոլար): Այնինչ, 2013-ին այդ ցուցանիշը ավելի քան կրկնակի բարձր էր՝ 97,3 հազ. կարատ (6,85 մլն դոլար): Ստացվում է, որ 2013-ին Ռուսաստանից ներկրված ադամանդի 1 կարատի միջին գինը կազմել է 70 դոլար, իսկ 2014-ին այն հասել է 112 դոլարի: Այսինքն՝ նախորդ տարի Ռուսաստանից ներկրված ադամանդն ավելի թանկ է եղել, ու դա որոշ չափով ազդել է արտադրության ծավալների կրճատման վրա: Ստացվում է, որ նույնիսկ տրված արտոնությունները չեն նպաստել ոլորտի աճին: Այդ արտոնություններից հայ ադամանդագործները կարող էին օգտվել նախորդ տարվա կեսից, քանի որ Ռուսաստանի հետ պայմանագիրը սկսել է գործել հենց այդ ժամանակավանից: Ըստ փորձագետների՝ դա կարող է  նշանակել, որ Հայաստանի ադամանդագործները դեռ չեն հասցրել լիովին օգուտներ քաղել այդ պայմանագրից, և այս տարի նոր կարող են երևան գալ այդ օգուտները: Այս տարվա վերաբերյալ առայժմ հստակ տվյալներ չկան, քանի որ ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ 2015-ի հունվար և փետրվար ամիսների ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ: Դրանք հետագայում ենթակա են ճշգրտման:

Հայաստանում ադամանդագործության ֆիզիկական ծավալների անկումը կամ աճը բացատրել միայն Ռուսաստանի հետ կապված ցուցանիշներով` սխալ կլինի, քանի որ այսօրվա դրությամբ կան երկրներ, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն այս ոլորտի վրա: Հայկական ադամանդագործության ծավալում ռուսական հումքի մատակարարումները 2014-ի դրությամբ որոշիչ նշանակություն չունեն: Ռուսաստանյան հումքի կշիռը մեծ է եղել միայն 2001-2002 և 2010-2011թթ. ընթացքում՝ Հայաստանի կառավարության՝ ռուսական կողմի հետ պայմանավորվածությունների արդյունքում: Ճիշտ չէ նաև ռուսական հումքի դերի թերագնահատումը:

Բելգիան, Կանադան և Թայլանդը նախընտրում են հայկական ավելի թանկ ադամանդները

Ներկայումս Հայաստանում մշակվող ադամանդի հումքը հիմնականում ներմուծվում է վերամշակող ընկերությունների սեփականատեր ընկերությունների երկրներից, որոնց շարքում առաջատարը Բելգիան է: Հենց այս երկրում ձևավորվող պահանջարկն էլ էապես ազդում է հայկական ադամանդագործության վիճակի վրա:

Ըստ Հայաստանի մաքսային ծառայության՝ 2014-ին Հայաստանն արտահանել է 160,1 հազ. կարատ ադամանդ՝ 117,8 մլն դոլար մաքսային արժեքով: 2013-ի համեմատ նվազել է արտահանման զուտ ֆիզիկական ծավալը՝ 42,6 հազ. կարատով, բայց ավելացել է մաքսային արժեքը՝ 29,8 մլն դոլարով: Սա էլ վկայում է այն մասին, որ նախորդ տարի արտահանված ադամանդի ընդհանուր ծավալում թանկարժեքներն ավելի շատ են եղել:

2014-ին հայկական արտադրության ադամանդի գլխավոր գնորդը Բելգիան է՝ 42,6 մլն դոլարով (51,5 հազ. կարատ): Այս երկիրը նախորդ տարի Հայաստանից գնել է համեմատաբար ավելի թանկ ադամանդ, որի 1 կարատի միջին գինը կազմել է 827 դոլար: Մինչդեռ 2013-ին գնել էր 95,1 հազ. կարատ, բայց շատ ավելի էժան ադամանդ՝ 1 կարատը մոտ 344 դոլարով: Արդյունքում 2014-ի մաքսային արժեքը մոտ 10 մլն դոլարով գերազանցել է 2013-ի մաքսային արժեքը, իսկ ֆիզիկական ծավալները կրճատվել են 43,6 հազ. կարատով:  

2014-ին համեմատաբար էժան ադամանդ արտահանել ենք Ռուսաստան, համեմատաբար թանկ՝ Բելգիա, Կանադա և Թայլանդ:

2014-ին ՀՀ-ից արտահանված ադամանդն՝ ըստ երկրների (մլն դոլար) | Create infographics

Թայլանդն, օրինակ, 2013-ին հայկական ադամանդի հիմնական գնորդների շարքում չի եղել: Նախորդ տարի այս երկիր արտահանված ադամանդի մաքսային արժեքը 2013-ի համեմատ աճել է 20,4 մլն դոլարով: Իսկ դեպի Իսրայել՝ 1,2 մլն դոլարով: Հարկ է առանձնացնել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ցուցանիշը: Այս երկիրը մեկ տարում  2,7 անգամ ավելացրել է Հայաստանից ադամանդի ներմուծումը՝ այն հասցնելով 2,7 մլն դոլարի: Իսկ դեպի Կանադա արտահանումը նվազել է 2,4 մլն դոլարով: Այս ցուցանիշները ցույց են տալիս, թե նախորդ տարի որ երկրում է ավելացել հայկական ադամանդի պահանջարկը և որ երկրում՝ նվազել: Փոքր քանակով ադամանդ Հայաստանից արտահանվել է նաև Բելառուս, Լիբանան, Հնդկաստան, Հոնգկոնգ և ԱՄՆ:

Նախորդ տարի Հայասատանից ադամանդի արտահանմանը զուհագեռ նվազել են նաև արտերկրից ներմուծման ծավալները: Այն 2013-ի 116,4  մլն դոլլարից հասել է 148,3 մլն դոլարի (2014թ.): Սակայն նվազել են զուտ ֆիզիկական ծավալները՝ 406,4 կարատից հասնելով 345,7 հազ. կարատի: Հայաստանին ադամանդի հումքի առաջնային մատակարարներն են ԱՄԷ-ն (139,8 հազար կարատ), Բելգիան (74,4 հազար կարատ), Ռուսաստանն (44,5 հազար կարատ) ու Հնդկաստանը (29,7 հազար կարատ):

2014-ին ՀՀ ներմուծված ադամանդն՝ ըստ մատակարար երկրների (մլն դոլար) | Create infographics

Այստեղ կառանձնացնենք Բելգիայի ցուցանիշը: Այս երկրից Հայաստան ներմուծված ադամանդի ծավալը 2013թ. համեմատ նվազել է 25,6 հազ. կարատով (թեև 8,1 մլն դոլարով ավելացել է մաքսային արժեքը): Ստացվում է, որ կրճատվել են  Բելգիայից Հայաստան ներմուծված և Հայաստանից այս երկիր արտահանված ադամանդի ֆիզիկական ծավալները: Մեծ հավանականությամբ, սա ևս ազդել է 2014-ին Հայաստանի ադամանդագործության ոլորտում գրանցված անկման վրա, քանի որ Բելգիան ադամանդագործության ոլորտում Հայաստանի առաջատար գործընկերն է: Եթե այս երկրից ադամանդի ավելի քիչ հումք է ներմուծվել, նշանակում է, որ պահանջարկն է քիչ եղել: Հայաստանի համար այդ պահանջարկը նվազում է, երբ նվազում են ադամանդի վերամշակման պատվերները:

Իսկ ինչ վերաբերում է ԱՄԷ-ին, նշենք, որ այս երկրից արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստան մեծ քանակությամբ ալմաստ է ներկրվում: Եվ 2013-ին, և 2014-ին ամենամեծ ծավալի ալմաստ հենց ԱՄԷ-ն է արտահանել Հայաստան: Այն նաև գնում է հայկական ադամանդ, սակայն՝ փոքր ծավալով և որպես գնորդ Հայաստանի համար մեծ տեղ չի զբաղեցնում:

Հայաստանին ձեռնտու կլիներ նաև Հնդկաստանի և Չինաստանի հետ լայնածավալ համագործակցությունը, քանի որ  այդ երկրներում ադամանդի պահանջարկն աճում է:

Միջազգային շուկան

Տնտեսագետների ենթադրությունները և ՀՀ էկոնոմիկայի նախարարության բացատրությունն այն մասին, թե Հայաստանում ադամանդագործության ոլորտում անկում է գրանցվել, քանի որ աշխարհում նվազել է ադամանդի պահանջարկը, հակասում է միջազգային շուկայում առկա իրավիճակին: Ալմաստի արդյունաբերության և վերամշակման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ De Beers ընկերության վերլուծաբանները հայտարարել են, որ 2014-ին ադամանդյա զարդերի համաշխարհային պահանջարկն աճել է 2,9%-ով և հասել է 81,4 մլրդ դոլարի: Ադամանդի պահանջարկի աճը որպես այլընտրանք է դիտարկվում ամերիկյան դոլարին՝ բանկերի պահուստները լրացնելու համար:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանի ադամանդագործության մեջ չի բացառվում ստվերային գործունեության առկայությունը, կարելի է մտածել, որ ոլորտում արձանագրված անկումն ունի նաև պատճառներ, որոնք չեն ներկայացվում հանրությանն ու չեն հրապարակվում: Բայց փաստերի բացակայությունը թույլ չի տալիս որևէ եզրահանգում կատարել:

Ադամանդագործության անցյալը Հայաստանում. պատմական ակնարկ

Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում ադամանդի վերամշակման կենտրոններից էր: 1973-ին «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվել է վերամշակման առաջին արտադրամասը, իսկ 1976-ին հիմնվել «Շողակն» գործարանը՝ տարեկան 140 հազ. կարատ վերամշակման հզորությամբ: Զարգացման լավագույն տարիներին ոլորտի արդյունաբերական անձնակազմի թիվը հասել է 3 հազարի: Հայ վարպետների աշխատանքը մեծ համբավ ունի:

Հայաստանում ադամանդագործության ոլորտի վերականգնման խթան հանդիսացավ 1992-ին ադամանդների ոլորտում հայտնի գործարար ընտանիք Արսլանյանների ներդրումը: Նրանց միջնորդությամբ Հայաստան մուտք գործեցին նաև այս ոլորտի այլ հեղինակավոր ընկերություններ (Tashe, Rosy Blue): Ադամանդագործության զարգացման համար կարևորագույն իրադարձություն էր 2000-ին ոլորտի առաջատար Lev Levaev Diamonds ընկերության մուտքը Հայաստան:  

Հայկական ադամանդագործության զարգացմանն էապես նպաստել է հումքի առաջնային աղբյուրի հասանելիությունը: Մինչև 2003-ը հայ-ռուսական միջկառավարական պայմանագրի շրջանակում հայկական ընկերություններին տրված քվոտան, այնուհետև 2007-ից հայկական ընտրված ընկերություններին հումքի հատուկ պայմաններով գնման պայմանավորվածություններն ապահովել են Հայաստանում վերամշակված հումքի զգալի մասը:

Հայաստանի ադամանդագործության զարգացման գագաթնակետը 2002-2003թթ. են, որը հիմնականում պայմանավորված էր «Շողակն» ընկերության գործարկմամբ: 2002թ. մշակված ադամանդի ծավալները հասնում են 370 հազ. կարատի: Մինչև 2009-ը ցուցանիշը նվազում է տարեկան յոթ անգամ՝ հասնելով 50 հազ. կարատի: Այդ տարիներին գրանցվեց նաև զբաղվածության առավելագույն մակարդակ: 2011-ին Հայաստանի ադամանդագործությունը աշխատում էր իր արտադրական հզորությունների 17.5%-ի չափով (2002-ի համեմատ): Ոլորտի կրճատման արդյունքում նկատվեց նաև աշխատողների զգալի արտահոսք արտերկիր՝ Ռուսաստան, Կանադա, Աֆրիկա: 2010-2011-ին Հայաստանում գրանցված արտադրության որոշակի աճը պայմանավորված էր համաշխարհային շուկայի աշխուժացմամբ և ՀՀ դրամի արժեզրկմամբ: Այս ժամանակահատվածում ադամանդագործության դինամիկայի վրա ազդել են հինգ հիմնական գործոններ՝ օտարերկրյա ներդրումները, դոլարի փոխարժեքը, ռուսական հումքի մատչելիությունը, հարկային ու մաքսային վարչարարությունը և համաշխարհային ճգնաժամը:

Հայաստանի ադամանդի մշակման գերակշիռ մասն իրականացվում է օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:

Ադամանդի վերամշակում իրականացնում է 7 ընկերություն՝ «Լորի», «Դայմոթեք», «Արևակն», «Ֆայերսթոուն (Ֆայրսթար) դայմոնդ», «ԷՅ ԷԼ ԹԻ», «Անդրանիկ», «Ագատես»: Ամենամեծ հզորություններով «Շողակն» գործարանը  2007-ին դադարեցրել է արտադրությունը՝ ՊԵԿ-ի հետ առաջացած դատական վեճի պատճառով:

Պատմական ակնարկի տվյալները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter