HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդ թափվող պոչանքները խանգարում են Ճոճկանի այգիների վերականգնմանը

Լոռու մարզի 2000-ից ավելի բնակչություն ունեցող Ճոճկան գյուղին կերակրողը 900 հա-ից ավելի դեղձի ու խաղողի այգիներն են եղել: Ճոճկանի գյուղատնտես Սերգեյ Չերչինյանի ասելով` հիմա  դրանցից  40 հա  է մնացել: «Գյուղում այս պահին 64 հա այգի կա, որից 24 հա-ն է նորատունկ»,- հայտնում է գյուղատնտեսը: Ճոճկանցի Հենզել Սիրադեղյանն ու Յուրիկ Գալստյանը կարծում են, որ միայն գյուղի  այգիները վերականգնելու դեպքում ճոճկանցիները կարող են լավ ապրել: Մասնագիտությամբ սանտեխնիկ, 75-ամյա Հենզել Սիրադեղյանն անկախության տարիներին է սկսել զբաղվել այգեգործությամբ: Նա 1,3 հա այգի է հիմնել, որից 7000 քմ-ն իր սեփականաշնորհած հողամասն է, իսկ 6000 քմ նորատունկ այգու համար հողատարածք է վարձակալել:

Հենզելը չորս տղա ունի: Նրանցից երեքը մեկնել են Ռուսաստանի դաշնություն, ապրում են Վոլգոգրադում: Փոքր տղան էլ գնում, գալիս է Ռուսաստան: Հայրը վերջին երկու տարիներին նկատում է, որ Ճոճկանում կյանքը փոխվում է եւ ափսոսում է տղաների Ռուսաստան գնալու համար: Նա մենակ է զբաղվում այգեգործությամբ: Անկախության առաջին տարիներին, երբ ճոճկանցիները  սեփականաշնորհված այգիների ծառերը կտրել են, Հ. Սիրադեղյանն իր այգում նոր ծառեր է տնկել: «Ինձ ասում էին, ինչի՞ ես ծառեր տնկում, էս աշխարհը չես տեսնում ինչ վիճակում է: Հիմա ինձանից են ծառ ուզում, որ այգի գցեն»,- պարծեցավ Հենզելը:

Գյուղի այգիները վերականգնելու համար տարեց այգեգործն այսօր էլ տնկիներ է նվիրում, նաեւ` վաճառում է համագյուղացիներին: «Տնկիներն ինձնից տարան, հարեւան գյուղերից ու տարբեր տեղերից բերեցին եւ այգիներ գցեցին»,- բացատրեց նա:

Վերջին երեք տարիներին Ճոճկանում կարգավորվել է ոռոգման ջրի խնդիրը: Դրա համար Հենզելն ու Յուրիկն իրենց գոհունակությունը հայտնեցին համայնքապետ Արկադի Թամազյանին: «Ջուրը տալիս են, բայց տեսնո՞ւմ եք, թե էս ծառն ինչքան  թույլ է աճել, չորացածները կտրել եմ, որովհետեւ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատից Դեբեդ թափված խվոստի ջրերով ենք մեր այգիները ջրում,- բացատրեց Հենզելը,- ոռոգման ջուրը որ գալիս է, ոնց որ կաթի հետ ջուր լինես խառնած: Էդքան խիտ է ջրի խվոստը: Ստիպված ջրում ենք: Բա մշակել ենք, ինչ անենք: Տեսնո՞ւմ եք, բալենիները վերեւից չորանում էին, կտրտել եմ»: 

Յուրիկ Գալստյանի ասելով` տարբերություն չկա, գյուղի Սանգարի հանդամասի ամբողջ դաշտի ջուրը նույնն է: Յուրիկն էս տարի 60 հատ արքայախնձորի այգի է հիմնել, դրա հետ էլ տանձի, խնձորի տարբեր տնկիներ է տնկել: Դեբեդի ջրով ոռոգվող իր այգու վնասներից նա նույնպես դժգոհեց: «Նոր տնկած տնկիների վրա դեռ չի երեւում, բայց 1-2 տարի առաջ գցած ծառերի վրա ջոկում եմ, որ մշակելու գյորա էն չի»:

«Սանգարի 2-րդ աստիճանի նասոսնին է էստեղ, է~, մինչեւ անտառի փեշը կաչատ է անում»,- ավելացրեց  Հենզելը: Այս տարի 75-ամյա այգեգործն աչքերը վիրահատել է եւ այգում նախատեսված շատ աշխատանքեր չի կարողացել ավարտին հասցնել: «Հիմա, եթե ծառերի տակից հող վերցրած լինեի, կտեսնեիք խվոստը, որն էլ վնասում է ծառերին»,- ասաց նա: Այգին նոսրացած էր, ծառերը միմյանցից սովորականից ավելի հեռու էին գտնվում: «Որովհետեւ ոռոգման ջրից թերաճ մնացած ծառերը հանել եմ` վերատնկելու համար»,- բացատրեց նա:

Այգում շրջելիս Հենզելը մատնացույց էր անում  8-10 տարեկան, գաճաճ ու հիվանդ ծառերը, որն, ըստ այգեգործի, Դեբեդի ջրի հետեւանքն է: Այգեգործը նաեւ անհանգստություն ուներ: «Մեր արտադրած միրգը միայն մեր գյուղացին չի ուտում: Այն վաճառվում է Ալավերդու, Վանաձորի շուկաներում, ուր ասես տանում ենք, ժողովուրդն էլ առնում է: Ի՞նչ գիտեմ, թույն ենք վաճառում մեր հարազատներին, թե ինչ: Տեսնո՞ւմ եք, չիմ դրանից է, որ էս ծառերի մի մասը սօրեն օրը չեն բացվել: Ծառը տանջվում է, խեղճը իրեն ուզում է պահպանի, բայց հենց էդ վնասատու էլեմենտներն էլ վնասում են ծառին, սննդին, ժողովրդին: Դա էլ իմ խղճի վրա ծանր է նստում»,- բացատրեց Հենզելը:

Վերջինս նկատել է, որ Դեբեդի ջրով 1-2 անգամ ոռոգված իր ծառերի պտուղն ավելի լավն է լինում, քան հարեւան այգիների 4-5 անգամ ջրած ծառերինը: Հենզելը ծառերն ազոտական պարարտանյութով չի սնուցում, քանի որ, նրա ասելով, Դեբեդից եկող ոռոգման ջրից ծառերն այնքան վտանգավոր նյութեր են ստանում, որ պարարտանյութ տալու դեպքում գերաճ են տալիս, շատ են ճյուղավորվում, ճյուղերն էլ չեն փայտանում, ու ամենաթույլ ցուրտը վնասում է ծառերին:

Որպեսզի օձերից հեռու մնա, Հենզելն այգու ցանկապատը քանդել, տարածքը մաքրել ու տեղը խաղողի վազեր է տնկել: Անցյալ տարի նորատունկ վազերից նա 150 կգ խաղող է ստացել: Այգեգործը հիացմունքով է խոսում իր ծառերի տեսականու մասին: Այգում դեղձի վաղահաս տեսակ կա, լոձ կա, ուշահաս նարինջ եւ այլ տեսակներ կան: Ըստ մշակի` ամենահամով ու քաղցր դեղձը լոձն է: Նորատունկ այգում Հենզելը դեղձի 60, նաեւ գիլասի, սալորի տնկիներ է տնկել: Հուլիսի 25-ից հետո օգոստոս, սեպտեմբեր ամիսներին այգիների բերքը լիառատ է լինում Ճոճկանում:

Հ. Սիրադեղյանն  ասում  է, որ իր այգուց 2014թ. շուրջ 2-3 տոննա բերք է ստացել: Բերքը շուկայում չի կարողացել իրացնել: Տարել է Ծաթեր գյուղ եւ  փոխանակել է ցորենի, կարտոֆիլի, յուղի ու պանրի հետ: «Օրական 800 կգ դեղձը ես չեմ կարող Ալավերդու շուկայում վաճառել, օգնող էլ չունեմ, տունս բրախած է, կինս էլ անառողջ է: Ստիպված բերքս ապրանքափոխանակման եմ տանում ու այդպես եմ ձմեռվա պաշարը հայթայթում»,- բացատրեց նա: Հենզելի ու Յուրիկի ասելով` գյուղում այգեգործությունը կամաց-կամաց վերականգնվում է: Ճոճկանի երբեմնի հարուստ այգիների վերականգնմանը խանգարողը միայն Դեբեդ գետ թափվող Ախթալայի ԼՀԿ-ի թունավոր պոչանքներն են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter