Շաբաթ, 22 սեպտեմբերի

Մեդալների հաշվարկում հայ ծանրամարտիկներն առայժմ 4-րդն են



Երեկ Թբիլիսիում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնության հարթակ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող 85 կգ քաշային Աղասի Աղասյանը: Մեր ծանրորդը պոկում վարժության ժամանակ կարողացավ բարձրացնել միայն 153 կգ՝ այնուհետ երկու անգամ ձախողվելով 157 կգ-ի փորձում: Այդ արդյունքով նա ընդամենը 9-րդն էր: Մեր հայրենակից Կարեն Թովմասյանը, որը ներկայացնում էր Հոլանդիան, պոկեց 152 կգ: Իսկ ահա վարժության հաղթող մոլդովացի Յուրի Բուլատը բարձրացրեց 172 կգ: 

Հրում վարժության ժամանակ Աղասյանը 3 անգամ չկարողացավ սանձել 185 կգ-ը ու 0 ստացավ: Նույն բախտին արժանացավ Կարեն Թովմասյանը: Ընդ որում՝ Աղասյանն առայժմ մեր միակ ծանրորդն է, որ 0 է ստացել: Ֆրանսիացի Բենջամին Էնեկինը հրեց 202 կգ, ինչը լավագույն արդյունքն էր: 198 կգ բարձրացրեց ռուս Ալեքսեյ Յուֆկինը, որը պոկում ձեւում 0 էր ստացել: 

Ընդհանուր հաշվարկում 367 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ֆրանսիացի Էնեկինը, երկրորդը 362 կգ արդյունքով մոլդովացի Ալեքսանդրու Դուդոգլոն էր, որը բացի մեծ արծաթից նաեւ երկու փոքր բրոնզ նվաճեց: Երրորդը 361 կգ-ով բելառուս Միխայիլ Նովիկովն էր, ով նաեւ երկրորդն էր պոկում վարժության ժամանակ: 

Երեկ մրցեցին նաեւ 69 կգ քաշային կանայք, որտեղ հավասարը չուներ բելառուս Դինա Սազանավեցը, երկրորդը ռուս Յանա Կոնդրաշովան էր, իսկ երրորդը՝ Ադրբեջանը ներկայացնող Անաստասիա Իբրահիմլին: 

Այսօր հարթակ դուրս կգան 94 կգ-ոց տղամարդիկ եւ 75 կգ-ոց կանայք, որոնց մեջ մենք ներկայացուցիչ չունենք:

Մեծ մեդալների հաշվարկում Հայաստանն առայժմ 4-րդն է: Մեր մարզիկները նվաճել են 1-ական ոսկի, արծաթ եւ բրոնզ: Թուրքիայի պատվիրակներն ունեն 2-ական ոսկի եւ արծաթ ու 1 բրոնզ: 2 ոսկի եւ 1 բրոնզ են նվաճել Ադրբեջանի ծանրամարտիկները: Իսկ Ուկրաինան ունի 2 ոսկի: 

Ընդհանրապես, այս ընթացքում բացի նշված երկրներից՝ չեմպիոն են ունեցել նաեւ Մոլդովայի, Բելառուսի եւ Ֆրանսիայի թիմերը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ