HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ինչպես կառուցել ներառական և դիմակայուն դպրոց

Հայաստանում վերջին տարիներին կառուցվել են մի քանի մասնավոր կրթական հաստատություններ, որոնց նախագծման և շինարարության ընթացքում հաշվի են առնվել, օրինակ, աշակերտների սոցիալական ներառման, էկոլոգիապես մաքուր և կայուն միջոցների, ռեսուրսների արդյունավետ օգտագործման, սեյսմիկ անվտանգության խնդիրները:

Բոլորովին այլ է պատկերը հանրակրթական դպրոցների դեպքում, որոնց մեծ մասը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից առաջ և չի համապատասխանում սեյսմակայուն շինարարության ժամանակակից պահանջներին: Վերջերս կատարված ուսումնասիրությանը հղում անելով՝ այս մասին այսօր ասաց Միջազգային տնտեսական  ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը՝ «Ներառական և դիմակայուն դպրոցներ. 21-րդ դարի դպրոցական շենքերը Հայաստանի երեխաների համար» քննարկման ժամանակ:

ՏԿԱԻ նախարարության տվյալներով՝ Հայաստանի 1450 հանրակրթական դպրոցների 67 %-ը բարձր խոցելիության խմբում է:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դպրոցների բավական զգալի մաս այնպիսի կոնստրուկցիաներով են իրականացված հետպատերազմյան տարիներին, որոնք ուղղակի թույլատրելը պետք է բացառել, նույնիսկ այդտեղ որոշակի խումբ կա դպրոցների, որոնք որ որևիցե կերպ չի կարելի հանդուրժել դրանց ընդհանրապես վերակառուցումը, դրանք պետք է ամբողջությամբ քանդվեն»,- շարունակեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Մնացած դպրոցները պետք է ամրացնել: Սեյսմիկ պաշտպանության մասնագետ Զավեն Խլղաթյանը հիշատակեց գործող օրենքում նախորդ տարի ավելացրած դրույթը, ըստ որի՝ որևէ դպրոց վերանորոգման չի ենթարկվի, եթե չի կատարվում սեյսմազինվածության բարձրացում: Կառուցվելիք հաստատությունների մյուս պահանջներից կլինեն սոցիալական ներառումը, էներգախնայումը, ջրի և այլ պաշարների արդյունավետ օգտագործումը:

«Շինությունն ինքը կարող է լինել կրթական, մանկավարժական գործիք, և կարծում եմ՝ ճարտարապետները հրաշալի հնարավորություն ունեն մտածելու այդ մասին»,- ասաց Հայաստանում ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը՝ վստահեցնելով, որ նորարարական մեթոդները ծախսատար չեն: Ավելին, նախագծման փուլում կարելի է հաշվի առնել ռեսուրսների խնայմանը նպաստող այնպիսի գործոններ, ինչպիսիք են շինության դիրքավորումը՝ տարվա տարբեր եղանակներին արևի ճառագայթների ուղղվածության համեմատ (որը կխնայի օգտագործվող էներգիայի 20%-ը), ծառերի ստվերը, շինության պատերի տեսակը, պատուհանները, բաց գույնով ներկված տանիքը, բնական օդափոխությունը, ցերեկային լույսը (որի հաջող օրինակներից էր Փակ շուկան):

«Ամերիկյան համալսարանը հրաշալի բացառություն է կրթական համակարգի, որը մատչելի է, հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, բայց նույնիսկ այստեղ, ինչպես տեսնում եք, ես զրկված եմ ամբիոնից ելույթ ունենալու հնարավորությունից, ինչը կարծում եմ մի քիչ արդար չի»,- ասաց «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, ով Ամերիկյան համալսարան էր եկել անվասայլակով: Նրա ներկայացրած այլ օրինակներից էին ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որի աստիճաններով իջնելու համար հաշմանդամություն ունեցող մարդիկ հավելյալ սարքավորման կարիք ունեն, ինչպես նաև Կոմիտասի նորակառույց թանգարան-ինստիտուտը, որի բեմը և սանհանգույցը նախատեսված չեն սայլակով տեղաշարժվող մարդկանց համար:

«Էդ դեպքում ես առաջարկում եմ՝ եկեք ամեն տեղ, որտեղ կա հանրային սանհանգույց, փակենք, թող ոչ ոք չօգտվի: Կա՛մ բոլորը, կա՛մ ոչ ոք»,-ասաց Արմեն Ալավերդյանը: Նա ներառականության վերաբերյալ ներկայացրեց նաև մոտեցումներ, որոնք շինարարությանը չեն առնչվում: Օրինակ՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը ուղեկցվում է հանդուրժողականության գաղափարով, ինչը մոտ է խղճահարությանն ու «այլ հնամաշ» հասկացությունների և վնասակար է: Ներառման գործընթացի այլ խոչընդոտներ են տերմինաբանությունը (Ալավերդյանն առանձնացրեց իրենից առաջ ելույթ ունեցած պաշտոնյաների խոսքը), ծնողների գերխնամքն ու գերզգուշությունը, կարծրատիպերը այնպիսի հարցերում, ինչպիսին կուրություն և նկարչություն, խլություն և երաժշտություն երևույթների համադրումն է: «Հենց մեզ մոտ՝ Երևանում, բջջային օպերատորներից մեկը ընդունել է խուլ աշխատողի և նրանց վաճառքները շատ աճել են, կտրուկ, որովհետև նա սկսել է խորհրդատվություն տալ՝ ինչպես խուլ անձանց համար բջջային հեռախոսներ և այլ կապի ծառայություններ մատուցել»,- ասաց Ա.Ալավերդյանը:

Լուսանկարը՝ www.dorsten-transparent.de-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter