HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսար. «Ո՜վ ճակատագիր, մի՞թէ դուն կրնայիր այդքան դառն ծիծաղել մեր ազգին վրա»

Երկրորդ աշխարհամարտից հետո հաղթանակած հզոր երկրները մկրատն առած աշխարհն սկսեցին վերաձևել իրենց վրա։ Հայ դատն նորից նետվեց շրջանառության մեջ։ Այս անգամ շահարկողը Սովետ Միությունն էր։ Այլևս բացվել էր Խորհրդային Միության կայսերապետական ախորժակը։ Ստալինը, ոգևորված իր հաղթանակով, չուզեց բավարարվել միայն եվրոպական մասի  նվաճումներով, փորձեց ձգվել նաև դեպի Արևելք՝ դեպի ռուսական անկատար  երազանքների նեղուցները․․․

Եվ 1945թ․-ին խորհրդային կառավարությունը պահանջեց հայերին և վրացիներին վերադարձնել այն երեք նահանգները, որոնք Ռուսաստանն էր նվիրել Թուրքիային 1921թ․ մարտի 16-ին,  Մոսկվայում ստորագրվարծ «Լենին-Աթաթուրք» պայմանագրով։ Ըստ այդ պայմանագրի Բաթումի մարզը Թուրքիայից անցնում էր Վրաստանին, Հայաստանի Կարս և Սուրմալու գավառները՝ Արարատ լեռով, անցավ Թուրքիային, իսկ Ադրբեջանին հանձնվեց Նախիջևանը։

Մոսկվան կաշառելով Ադրբեջանին և Վրաստանին խորհրդայնացրեց այդ երկրները, իսկ Աթաթուրքին սիրաշահելով, փորձում էրձեռք բերել «կարմիր թուրքի» բարեկամությունը։ Այդ ժամանակվա, համարյա մահամերձ Հայաստանի իրավունքները հաշվից դուրս էին։

Սակայն,հաղթելով պատերազմը, Ստալինը նորից տենչաց Դարդանելը, և 1945թ․-ին չեղյալ հայտարարվեց այդ պայմանագիրը, և Թուրքիային վերջնագիր ներկայացվեց հետ քաշել իր զորքն ու բնակչությունը մինչև  1914 թ․սահմանները, որպեսզի խորհրդային բանակը, որն այդ ժամանակ Արաքսի ափին էր, անարգել մտնի այդ տարածք։

Հայ ժողովուրդը ցնծության մեջ էր։ Նույնիսկ Անտոն Քոչինյանն արդեն նշանակված էր Կարսի նահանգապետ։ Զինվորական գործողությունները ղեկավարելու էին մարշալներ Ռոկոսովսկին և Տոլբուխինը։

Բայց ավա՜ղ։ Աշխարհի տերերն իրենց շահերն  ունեին, որոնք ոչ մի կերպ համահունչ չէին ցեղասպանված հայ ժողովրդի շահերին։ Եվ Անգլիան, Ամերիկան ու Ֆրանսիան՝ «համաշխարհայինսաքիսեճիները»՝ ինչպես որակել է Լեռ Կամսարը, «քիսեներնուսապոններըձեռքերնին», իրենցծառայությունըմատուցեցին Թուրքիային։ Խորհրդային զորքին արգելվեց մտնել Արևմտյան Հայաստան։

Պատմության մեջ եթեներ չեն լինում, բայց այնհանդերձ, եթե Ստալինին հաջողվեր իրագործել  այդ տարածքների վերադարձը, արդյո՞ք Հայաստանին կմիացներ, այն Հայաստանին, որը խորհրդայնացման հենց առաջին տարիներից ծվատվեց բոլշևիկների կողմից, և ժողովուրդի մեծ մասն էլ  տեղահանվեց դեպի Սիբիր կամ զոհ գնաց «կարմիր տեռորին»։ Դժվար է ասել։

Չգիտեմ այդ օրերի պաշտոնական մամուլն ի՞նչ է գրել, ինչպե՞ս են հրապարակախոսները մեկնաբանել կատարվածը․․․

Բայց գիտեմ ահավասիկինչ կերպ է ներկայացրել Լեռ Կամսարը (չնայած նրան արգելված էր գրելը) այդ դեպքերն իր անտիպ օրագրության մեջ՝ ի  փոխանցում սերունդներին։

                                                                                                                Վանուհի Թովմասյան

 

Հատվածներ «Չապրած օրեր» անտիպ օրագրից                                                                 

Լեռ Կամսար 

Ուրբաթ 6․- Հայաստանի հարցը իր ամբողջ ծավալով հրապարակ է ելեր։ Առջի օր ամերիկահայ ներկայացուցիչները դեկլարացիա մը ներկայացուցին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսին պահանջելով, որ Թուրքահայաստանը Սովետական Հայաստանին կցվի ու իրենք ալ երթան սովետական կարգերում երջանիկ ապրեն, ինչպէս հոն ապրող իրենց եղբայրները։

Այս դեկլարացիային ձայնը, թէև հայկական էր, բայց մարմինը բոլշևիկյան։ Բոլշևիկներն արտասահմանի հայության բերանով դէպի արևելք կուզեն երկարել։ Բոլոր կարդացողներն ըսին, որ սա սովետական թելադրանք էր, ինչու որ մանկական անհամբերությամբ մը, ամէն նախադասության վերջը, խորհրդային հողին կցվելը կպահանջէր։ Ավելին․ամբողջ դեկլարացիան «կցվել» էր։ Մնացյալ արգումենտացիաներն անոր համար մէջ կբերվէր, որ «կցումները» տարածական երևային։

Դեկլարացիային հեղինակները ճաշկերույթ ալ կազմակերպեցին սովետական դելեգացիային համար․․․  Ասոր համար ալ ժողովուրդը խոսեց, թէ սովետական դելեգացիան փող տվեր է հայերուն, թէ մեզի ճաշ տվէք։ Ինչո՞ւ, որ դիվանագիտական օրինականությունը պահպանվի։ ․․․ Բայց կեղծիքը այպանելի է, անգամ եթէ ատով Հայկական հարցը պիտի լուծվի։ Ոչ մէկ ամերիկահայ ճիշտ կզուրցէ, երբ իղձ կհայտնէ՝ սովետական կարգերում ապրել։ Եթէ «ապրելուն» տեղ մեռնել՞ ըսէր՝ ատոր խոսք չունեմ․ մեռնելու համար միայն ստեղծված են մեր կարգերը։

XXX

Բայց ես «կցել» բառէն չկռահեցի, որ ամերիկահայ դելեգացիան մեր կառավարության կողմէ էր թելադրված։ Ես ավելի հաստատուն և ավելի ընդհանուր կանոն ունեմ գուշակելու։ Այն բոլոր շարադրությանց մէջ, ուր սովետական կարգերը «երջանկությամբ» կորակվեն, գիտցիր որ՝ բոլշևիկյան ծագում ունի։

Չորեքշաբթի 15․- Հայկական հարցը կշարունակվի օրորվել մարդկանց մտքին մէջ։ Ռուսաստան կուզէ Տաճկահայաստանը Կովկասի Հայաստանին միացնել և այդպիսով գրավել տաճկական հողերէն որոշ մասը մը։ Անգլիա՝ ըստ երևույթին կհակառակի Թուրքիայի թուլացմանն ու փոքրացմանը։ Անիկա ուժեղ Տաճկաստան կցանկա, օր մը Սովետական Ռուսիո դէմ գործածելու համար։ Հայերն ալ, կարծելով, թէ այս հզոր հակամարտությանց մէջ իրենց ձայնը հաշվի կառնեն՝ այսպէս կամ այնպէս կցանկա։

Բայց փաստորէն Հայկական հարցը միշտ ծառայած է որպէս խայծ զանազան պետությանց ձեռին, իրարմէ ձուկ բռնելու համար։ Ներկայիս հայ ազգը երկու մասի է բաժանված։ Կեսը Ռուսաստանը զարկեր է իր կարթին ու գցեր տաճկական ջուրեր, ցանկալով հայկական վիլայեթները բռնել, հայության մյուս կեսն ալ Ամերիկա է իր կարթին խրել, որ Ռուսահայաստանը բռնէ ու իր հսկողության տակ ազատ Հայաստան շինէ։

Նայենք որո՞ւ կարթը ձուկ կբռնէ։ Ա՜խ, փոքր ենք, փոքր․ իբրև խայծ անգամ փոքր ենք ու ոչ մէկ ձուկ մեզ վրա ուշադրություն չի դարձունէր։ Առօրյա կյանքում փոքր արարածներու չի զլացվեր բոլոր զգայարաններ աշխարհ տեսնելու, ճանչնալու ու ինքնորէն ապրելու, բայց փոքր ազգին կզրկեն իր քիթն, աչքն ու ականջն ուենալու և ինքնուրույն ապրելու իրավունքէն։

Մեզ համար շատ ուրախալի էր հարկավ երկու Հայաստաններու միացումը թէկուզ ռուսական հողին վրա, բայց ի՞նչ օգուտ, որ բոլշևիկյան ռեժիմը բանի մը չի նմանվեր։ Ատիկա պարզապէս մահվան ռեժիմ է՝ գերեզմանոց։ Երկու Հայաստաններու միացումը մեր դարավոր ազգային բաղձանքն է, այդ ճշմարիտ է։ Բայց մենք կուզենք միանալ՝ միասին ապրելու և ոչ մեռնելու համար․․․

XXX

Ռուսաստան, որու տակը Անգլիան ու Ամերիկան պատերազմի ժամանակ մէյ մէկ բարձր ու կակուղ բարձ դրին, այժմ այդ բարձերը սկսեր են իջնել ու իջնել։ Հավանաբար, մէջը օդ է լեցված, տեղ մը ծակվեր է, ու Ռուսաստանը չի կրնար գտնել՝ կալնելու համար։ Այժմ իր ուշադրությունը Տաճկաստանին վրա է, ակնդէտ կսպասէ Անգլիայի ուրիշ կողմ նայելուն՝ հարված մը հասցնելու, բայց վերջինս աչքը միշտ այս կողմն է ու Տաճկաստանը անվնաս կմնա դժբախտաբար, մնալով Անգլիո ուշադրության կեդրոնում։

                                                                                                                           1945թ․

Խորհրդային Ռուսաստանի քաղաքականության մէջ Ստալինը ոչ թէ այրի կին՝ այլ այրի մարդ է, որ իր հարազատ Վրաստանն առած Ռուսաստանի տուն տնփեսա է գացեր այս րոպէիս։ Խորհրդային Միությունը բացի Ստալինի հարազատ Վրաստանից, ունի տասնհինգ այլ խորթ հանրապետություններ, որոցմէ մէկն է մեր Հայաստանը։

Տաճկահայաստանի հետ վարած իր քաղաքականությանը մէջ սկիզբները ցույց տվավ, թէ իր միակ նպատակն է տաճկահայկական վիլայեթները մեր երկրին կցելով մեծ Հայաստան ստեղծել։ Հետո, մէկէն, ամէն տեսակ ընտանեկան նկատումները մէկդի թողնելով, այդ վիլայեթները Վրաստանին բերանը կխոթէ․․․ Որպէս թէ բավական չէր ծածուկ տեղ ողջ Աջարեստանը, Կարաչայը, Հյուսիսային Կովկասը ամայացուց իր բնիկներէ ու Վրաստանին տվավ, հիմա ալ տաճկական վիլայեթները։

Ռուսաստանը աչքի պոչով կդիտէ հարկավ, այս աչառությունը, բայց ձայն չի կրնար հանել, որովհետև․․․ կնիկ է։  Իսկ Արևելքում կինը իրավազուրկ է ընտանիքում։

XXX

Անգլիա, Ամերիկա և Ռուսաստանն, որ առաջվնէ մեծ էին արդէն, Երկրորդ համաշխարհային պատերազմէն վերջը տէր դառնալով ողջ աշխարհին՝ ավելի մեծցան, ըսել է՝ զառամեցան ու սկսեցին խաղալ աշխարհի մնացյալ 54 մանր ազգերու հետ չարաճճի ծերուկներու նման։ Աշխարհի մանր ազգեր Սան Ֆրանցիսկո կանչեցին և աշխարհի սանձը այդ մանրիկ պետության ձեռքը տվին։ Ճիշտ է 50-ը փոքր էին, բայց կային և Անգլիայի, Ամերիկայի ու Ռուսաստանի նման ամեհի ազգեր, որք եթէ խրտչէին, այդ «Միավորված ազգերու» քարտուղարությունը աշխարհի մէկ պատէն մյուսը կուտային։

Այսպիսով, երեք մեծ ազգեր իրենց սանձը «միավորված ազգերու» քարտուղարությանը հանձնելով, պատվիրեցին ղեկավարել իրենց․եթէ սխալ ճամբա բռնէն կամ անիրավություն մը գործէն՝ անմիջապէս սանձը պիտի քաշէին ու մտրակէին։ Այդ առթիվ, եթէ ուժի պէտք ունենա քարտուղարը, կրնա իրենցմէ զորք հանել ու հարձակվել իրենց վրա։ Օրինակ, կրնա Անգլիո մէջ զորահավաք հայտարարել և այդ զորքով հարձակվել Անգլիո վրա, համաձայն կանոնադրության։

Այսպիսի հետաքրքիր խաղ դեռ դիվանագիտությունը չէր տեսեր։ Եթէ կենդանական օրինակով բացատրելու լինենք, պիտի պատկերացունենք այսպէս։ Առյուծը, վագրն ու բորենին իրենց ղեկավարությունը նապաստակներու կհանձնեն։ Երբ առյուծը օրէնքէն շեղի՝ իր մէկ թաթը նապաստակին պիտի հանձնէ, որ անով իրեն ապտակէ։ Ավելի զվարճալի խա՞ղ։

Եվ այն ո՞ր տխմար պզտիկ ազգն է, որ Ամերիկայի խաթրին պիտի դպնա։ Այն Ամերիկային, դէպի որը ուղղված է աշխարհի բոլոր պետություններու աչքը, փախառության ակնկալությամբ։ Չէ՞ որ ողջ աշխարհը այսօր Ամերիկայի սեղանի փշրանքներովը կապրի և այնքան պարտք ունի, որ ամոթէն այդ մեծ պետության երեսը չի նայեր։

Այս րոպէիս ղեկավար Քարտուղարությունը Լոնդոն կնստի ու սկսեր է իր գործառնությունը։ Ամեն օր գանգատներ կընդունէ։ Իրանը կդիմէ ու կգանգատի Ռուսաստանի վրա, որ եկեր իր երկիր հյուր՝ ու հիմա չի ուզեր դուրս ելլել։ Կխնդրէ վռնդել։ Ռուսաստան նամակով մը Քարտուղարին կխնդրէ, որ անգլիական զորքը Հունաստանէն դուրս հանէ, քանի որ պատերազմն ավարտեր է արդէն։ Ուկրաինան, այդ Ռուսաստանի խաթեր համար ստեղծված չակերտավոր անկախ պետությունը, կխնդրէ Քարտուղարին բռնել Անգլիո ձեռները, որ Ինդոնեզիայի վրա չհարձակի ու թույլ տա անոնց անկախ ըլլալ։ Միացյալ ազգերու քարտուղարը կկարդա դիմումները ու կժպտի անմեղ երեխայի ժպիտով։ Հետո այս դիմումները փռռաններ շինելով, զբոսանքին բակը կելլէ ու բաց կթողու քամու ուղղությամբ։

Ի՜նչ զվարճություն։ Բայց ես չեմ բարկանար ու բնական կգտնեմ այս խաղը։ Վեց տարի մարդկությունը ծանր մարտերով անցուց, պէտք չէ՞ր, որ քիչ մըն ալ զվարճանա․․․

                                                                                                                                          1946թ.

Հինգշաբթի 15․- «Համաշխարհային հայկական կոնգրէս» Նյու Յորքում։

Օրը նոր, լուրը նոր։ Այն ժամանակ, երբ Անգլիան ու Ամերիկան աշխարհի այդ զույգ տերերը, անոնց հետ նաև աշխարհի ողջ պետությունները միացած կուզեն Սովետական Միության տերիտորիան կրճատել, ոչ մի ռեպարացիա չվաճառել, ըստ ամէնայնի խեղճացնել ու ջնջել աշխարհի երեսէն։ Այն ժամանակ, երբ Ամերիկա 400 միլիոն վարկ կուտա Տաճկաստանին Սովետական Միության վրա հարձակելու, կզինէ Իրանը, Չինաստանը, Հունաստանը միևնույն նպատակով, ճիշտ նույն ժամանակ մեր «դեմոկրատ» հայեր Ամերիկայում «համաշխարհային» կոնգրէս կգումարեն ու կպահանջեն Տաճկահայաստանը միացնել Սովետական Հայաստանին։

Անգամ այդ այն ժամանակ, երբ սովետական հայերը խելակորույս, մահն աչքն առնելով Տաճկաստան կփախչեն ու դահիճներու գթասրտությանը կապավինեն։

Սա ոչ թէ «համաշխարհային կոնգրէս» է, այլ սա համաշխարհային տխմարություն է, որն կգրգռէ Թուրքիո մոտալուտ պատերազմի ժամանակ մտնել Սովետական Հայաստան՝ եղած-չեղած հայությունը կոտորել ու դարձնել մեր երկիրը «Համաշխարհային հայկական ամայություն»․․․

Սա բոլշևիկյան գիծ է։ Կրիայի վրա նստել՝ ձիու երիշով քայլել։

«Համաշխարհային հայկական կոնգրէ՛ս», այդ դու չէ, որ հավաքվեր ես Նյու Յորք, այլ Ստալինն է քեզ հավաքեր, այդ քո լեզուդ չէ, որով կխօսես, այլ Ստալինի լեզուն, այն Ստալինի, որ վերջերս իր բոլոր հույսերը կորսնցուցած՝ փրփուրներու կապավինէ և հարդի շյուղերու ձեռք կմեկնէ խեղդվելու իր տագնապին մէջ։ «Կոնգրէ՛ս» ո՞ւր կմտնես այն նավը, որն 16 տեղով ծակեր է։ «Դեմոկրատ հայերու համաշխարհային կոնգրէ՛ս», դու գիտե՞ս ինչի ես նման․ դու նման ես այն ողորմելի մրջյունին, որն նստած է ձիու երկար պոչին, և կկարծես, թէ այդ պոչն Աստված ստեղծեր է քեզ համար, որ վրան հանգստանաս։

Ո՛չ, ո՜վ «կոնգրէս», պոչն կենդանուն տրված է իր սեփական կարիքներու համար։ Նայէ՛, երբ ճանճ մը թառի իր գլխուն, ինչպէ՜ս կոլորէ քեզի իր պոչին հետ և իր ճանճը կքշէ, քեզի օդը հանելով։

«Կոնգրէ՛ս», Աստու սիրուն, խեղճ ենք, մեղք ենք։ Երկու հայ է մնացեր, ան ալ դուն մի կոտորել տա․պահպանիր «համաշխարհային» լռություն, նայենք սա սպասվելիք պատերազմին կռվող փիղերը ինչպէս պիտի շարժեն։ Ու պատահմամբ, եթէ ոտը մեր գլխուն  չդնեն ու չճզմեն, փառք տուր Աստուծո ու ապրիր աշխարհի ինչ անկյուն ալ ըլլա։

 1947թ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter