HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

18-ամյա Սիմոն Մարտիրոսյանը բավարարվեց 5-րդ տեղով

Այսօր Թբիլիսիում ավարտվեց մինչեւ 105 կգ քաշային կարգի ծանրորդների պայքարը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Մրցմանը մասնակցում էր Հայաստանի ներկայացուցիչ, 18-ամյա Սիմոն Մարտիրոսյանը: Մասնակիցների թվում էր նաեւ Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը:

Պոկում վարժությունում Սիմոնը նախ երկու անգամ ձախողեց առաջին երկու փորձերը` չկարողանալով բարձրացնել 180 կգ-ն: Սակայն երրորդ փորձի համար պատվիրեց 181 կգ ու հաղթահարեց այդ քաշը: Իսկ Սարգիսը միայն 180 կգ կարողացավ պոկել` հետագայում ձախողելով 183 եւ 184 կգ-ները:

Այս արդյունքներով հայ մարզիկները դուրս մնացին պոկում վարժության մրցանակային եռյակից: Սիմոնը 4-րդն էր, ընդ որում` նա միայն քաշով զիջեց վրացի Դավիթ Գոգիային, որը նույնպես պոկեց 181 կգ եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Սարգիսը բավարարվեց 6-րդ տեղով: Պոկում վարժության առաջատարը լեհ Բարտլոմեյ Բոնկն էր, որը պոկեց 185 կգ: Արծաթը նվաճեց ռուս Գենադի Մուրատովը` 183 կգ-ով:

Հրում վարժության ժամանակ Ավստրիան ներկայացնող Մարտիրոսյանը միայն երկրորդ փորձից բարձրացրեց 205 կգ-ն, ապա չկարողացավ հրել 210 կգ-ն: Իսկ Սիմոնը նախ հրեց 210 կգ, ապա 216: Մեր մարզիկը վերջին փորձի ժամանակ չկարողացավ հաղթահարել 221 կգ քաշը: Հրում վարժության լավագույնը լեհ Արկադիուշ Միխալսկին էր, որը հրեց 227 կգ, 223 կգ հրեց Բոնկը, երրորդը մոլդովացի Անդրիան Զբիրնեան էր` 222 կգ-ով:

Երկամարտի 408 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Բարտլոմեյ Բոնկը: Երկրորդը Զբիրնեան էր` 399 կգ-ով: Նույնքան արդյունքով երրորդը Միխալսկին էր, որը մոլդովացուն զիջեց անձնական քաշով: Սիմոն Մարտիրոսյանը 397 կգ-ով հայտնվեց 5-րդ տեղում, իսկ Սարգիս Մարտիրոսյանը 385 կգ-ով ընդամենը 10-րդն էր:

Այսօր մրցումների վերջին օրն է: Հարթակ դուրս կգան գերծանր քաշային կանայք (+75 կգ) եւ տղամարդիկ (+105 կգ): Կանանց պայքարում կտեսնենք 2007 թ. Եվրոպայի չեմպիոն, 2012 թ. օլիմպիական բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter