HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարը՝ հետագա ծրագրերի մասին

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողներին ներկայացրեց ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացված աշխատանքները:

Անդրադառնալով Հայոց մեծ եղեռնի ականատես-վերապրածների առողջապահական խնդրին` Արմեն Մուրադյանը նշեց, որ այն մշտապես նախարարության ուշադրության ներքո է և  ծրագիրը մեկնարկել է  դեռևս 2014 թվականին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բժշկական օգնություն, դեղեր և բժշկական պարագաներ է տրամադրել 28 ականատես-վերապրածի:  Երևանում և մարզերում մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվել են ականատես-վերապրածների բժշկական անձնագրերը: «Նախարարությունում առանձնացվել է շուրջօրյա հեռախոսահամար, որով կարող են զանգահարել ականատես-վերապրածները կամ իրենց հարազատները և ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»,- նշեց Արմեն Մուրադյանը:

ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը: Անհարժեշտ բժշկական օգնություն է տրամադրվում նաև Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին։

Նախարարը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների  ընթացքում բնակչության և Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց առաջնային, շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ կազմակերպելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող խորհուրդ։ Երևանի բժշկական կենտրոնների տնօրենների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Արմավիրի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարների հետ քննարկվել են միջոցառումների ընթացքում բնակչության և հյուրերի բժշկական օգնությունը բարձր մակարդակով ու արագ կազմակերպելու հարցերը։ 

«Համաճարակաբանական հսկողությունը ուժեղացվել է սկսած սահմաններից, անցումային կետերից: Բոլոր հյուրանոցները կցվել են պոլիկլինիականերին, ուժեղացվել է պոլիկլինիկական ծառայությունը և հիվանդանոցային ցանցը: Բոլոր բժշկական կազմակերպությունները ապահոված են բժշկական պարագաներով և դեղերով»,- տեղեկացրեց նախարարը:

Այդ օրերին առանձին մասնագետների հերթապահություններ կսահմանվեն պոլիկլինիկաներում։ Հստակեցվել են ապրիլի 23-ից 24-ը Երևանում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսվող բազմամարդ միջոցառումների ընթացքում շտապ բժշկական օգնության մեքենաների հերթապահությունները և տեղակայումը: Հերթապահություներ կսահմանվեն նաև նախարարությունում։   Կուժեղացվի «թեժ գծի» ծառայությունը։ Գործող 52-88-72 հեռախոսահամարին կավելանան ևս երկուսը` (+374 10) 56-23-63 և (+374 10) 56-27-83։

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ վերջին մեկ տարում դեղորայքային քաղաքականության ոլորտում ունեցած կարևոր ձեռքբերումը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի լրամշակված և հստակեցված տարբերակի և հարակից մի շարք այլ օրենքների նախագծերի  ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացնելը և ՀՀ Ազգային ժողով ուղարկելն է։ Այս ոլորտում նորույթ է շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ հաբերի ձեռքբերումն անմիջապես արտադրողից։ ՀՀ կառավարության  2015 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության կարիքների համար «Դիաբետոն 60 մգ» դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» թիվ 78-Ն որոշմամբ նախատեսում է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության «Դիաբետոն ՄՌ» 60 մգ դեղի  պատշաճ մակարդակով ապահովում: Անմիջապես արտադրող «Սերվիե» ընկերությունից 2015թ. համար ձեռքբերվող «Դիաբետոն» դեղի  համար կծախսվի  280.7 մլն դրամ (մեկ դեղահաբը` 36.7  դրամ)` տնտեսելով 61.2 մլ դրամ: Շաքարային դիաբետով հիվանդների 77 տոկոսը կապահովվի անհրաժեշտ հաբերով` նախորդ տարիների շուրջ 30 տոկոսի փոխարեն։ Նախարարը տեղեկացրեց, որ հակադիաբետիկ ֆրանսիական հաբերը հիվանդներին կհասնեն տարվա երկրորդ կիսամյակին։

Նշվեց, որ արձագանքելով նախարարության կոչին` «Բայեր Կոնսյումեր» և «Գլաքսո Սմիթ Կլայն» դեղագործական ընկերությունների ներկայացուցչությունները վերանայել են ՀՀ-ում իրենց կողմից գրանցված և ներկվող դեղերի շուկայական գները` համապատասխանեցնելով Ռուսաստանի Դաշնության շուկայական գներին:

Արմեն Մուրադյանը լրագրողներին տեղեկացրեց 2015 թվականին մեկնարկած մի քանի ծրագրերի արդյունքների մասին։ Սրտի անհետաձգելի վիրահության նոր` կյանք փրկող  ծրագրի շրջանակում ապրիլի 16-ի դրությամբ  բուժօգնություն է ստացել 457 քաղաքացի։ Ապրիլի 1-ից սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծրագիրն իրականացվում է 10 բուժհաստատությունում։ Բժշկական օգնության և սպասարկման որակի, ինչպես նաև ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով կշարունակվեն ՀՀ ԱՆ  պետական առողջապահական գործակալության մշտադիտարկումները:

Սոցիալական փաթեթի շահառուների համար մեկնարկած ծրագրի շրջանակում կանխարգելիչ բժշկական զննություն է անցել 6068 շահառու, իսկ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սկրինիգային ծրագրով 2015 թվականի 1-ին եռամսյակում իրականցվել է շուրջ  4 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն և 37 հազար  քաղաքացիների մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը։

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև հիվանդանոցաշինությանը` նշելով, որ շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման և Ճամբարակի առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: Ավարտին են մոտենում Կապանի և Բերդի  բժշկական կենտրոնների արդիականացման, ինչպես նաև Ոսկևանի ամբուլատորիայի կառուցման աշխատանքները: Իսկ 2016թ.   ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքում կունենանք տարածաշրջանում եզակի` ցողունային բջիջների լաբորատորիա և բարձրդեղաչափային քիմիոթերապիայի և ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունք` վերակենդանացման ծառայությամբ:

2014 թվականի տնտեսված միջոցների հաշվին այս տարի կկառուցվի ևս 5 համայնքային ամբուլատորիա:  

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքում տեղակայված Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում տեղադրվել է ցիկլոտրոնային արագացուցիչը։ ՈւԳՀԿ-ի ստեղծման երկարաժամկետ ծրագրի առաջին փուլում կշահագործվի ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter