HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Դերենիկ Դեմիրճյանի ջութակը

Աննա Բաբաջանյան

Ջութակը Դերենիկ Դեմիրճյանի թուլությունն էր: Գրողի տուն-թանգարանում` իր անձնական իրերի շարքում, կարելի է տեսնել նաև նրա ջութակը, որը ստրադիվարուսյան դպրոցի եզակի նմուշ է: Նույն թանգարանում պահվում է նաև Դեմիրճյանի ֆրակը, որը նա հագնում էր  գործիքը նվագելիս. Դեմիրճյանն այն կարծիքին էր, որ ջութակի հետ «հարաբերվելիս» անհրաժեշտ էր համապատասխան հագուկապ ունենալ: Իսկ ջութակի նկատմամբ սերը Դեմիրճյանի մոտ ծնվել էր դեռևս մանկության տարիներին:

Նրա ինքնակենսագրականում կարդում ենք. «Իմ ազատ և անձնական պարապմունքներին միացավ նաև մի նոր ձգտում, որ մանկությունից ունեցել եմ. դա երաժշտությունն էր: Ռուսական զորքերի շարունակական հարևանությունս, թե Ախալքալաք և թե Արդահան նրանց զինվորական օրկեստրների շարունակական հնչյունները ականջումս, հորեղբորս տան տնային աշուղների և տնեցիների ամենօրյա նվագներն ու երգերը, ռուսական օպերաների, համերգների մոլի այցելություններս և, վերջապես, Վրթ. Փափազյանի ջութակը, որ ազդել էր այն աստիճան, որ ինձ բերեց մի վճռի. ջութակ սովորել և թողնել թառը: Ասելս ու անելս մեկ եղավ. սկսեցի դասեր առնել և կարճ կապեցի. գնացի Մոսկվա և նվիրվեցի երաժշտության: Չափազանց պարապմունքներից նյարդային հիվանդություն ստանալով`վերադարձա Թիֆլիս»:

Հայտնի է, որ 1900-ականների սկզբին երաժշտություն ուսումնասիրելու նպատակով նա մեկնում է Մոսկվա:  Այնտեղից Հովհաննես Թումանյանին ուղղված մի նամակում Դեմիրճյանը գրում է. «Այս մի քանի օրերս մտնելու եմ երաժտական դպրոց, որպեսզի այս կիսամյակը չկորցնեմ: Ջութակի կողմից բանս լավ է գնում` շնորհիվ ուսուցչիս»:

Սակայն Դեմիրճյանն իր սիրելի ջութակի հետ դեռ էլի ուղի ուներ անցնելու: Երբ նա  մեկնում է Շվեյցարիա, այստեղ եւս չդիմանալով ազնվական գործիքի գայթակղությանը, ընդունվում է կոնսերվատորիա, բայց, քանի որ կրթությունը մեծ ծախսեր էր պահանջում, իսկ ինքն այդ հնարավորությունը չուներ, ստիպված է լինում թողնել ուսումը: Ամենայն հավանականությամբ, թանգարանում ցուցադրվող ջութակը Դեմիրճյանը գնել էր հենց Ժնևից, քանի որ տարիներ անց մի օրագրային գրառման մեջ նա նշում էր, թե Ժնևում ջութակները բավականին թանկ արժեին` մոտ 1000 ռուբլուն համարժեք գումար:

Ու թեեւ Դեմիրճյանը ստիպված էր  եղել թողնել ուսումը, այնուամենայնիվ, ջութակից ու երաժշտությունից հրաժարվել չէր կարող: Ջութակը դառնում է  նրա ընկերը, ապավենը, անգամ` կերակրողը: Հայտնի է, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպեսզի կարողանար պահել իր ընտանիքի անդամներին, Դեմիրճյանը  կրկին ձեռքն է  վերցնում  ջութակն ու երաժշտության մասնավոր դասեր տալիս` որոշակի գումար վաստակելու համար:

Հնարավոր է` եթե Դեմիրճյանը չդառնար գրող, մենք ճանաչեինք ջութակահար, երաժիշտ Դեմիրճյանին: Ամեն դեպքում, նա կարողացել է հիացնել եւ հուզել նաեւ ջութակի միջոցով: Ահա թե ինչ ենք կարդում Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Գայանե Ավետիսյանի հուշերում Դեմիրճյանի եւ նրա նվագի մասին. «…Նա վերցրեց ջութակը և ասաց.  «Դուք գնացեք ճաշասենյակ և այնտեղից ավելի լավ կլսեք իմ նվագը»: Ես գնացի, և նա սկսեց նվագել «Ալմաստ. օպերայից Աշուղի արիան: Ես այդ պահին կարծես վերացել էի աշխարհից, ուղղակի հրաշք էր, և ես ցանկացա դռան ճեղքից նայել ու համոզվել` իրո՞ք նա էր նվագում, եթե այո, ինչու՞ ինձ ասաց` գնացեք ճաշասենյակ: Եվ ես համոզվեցի, որ իսկապես ինքն էր նվագում, բայց ինչպիսի՜ դեմքի միմիկա ուներ, հնարավոր չէ նկարագրել: Ես անմիջապես հեռացա դռնից, որպեսզի այդ տպավորությունը միշտ մնա ինձ համար` որպես մի գեղեցիկ հուշ»:

Եվ պատահական չէ, որ որոշ գրականագետներ մինչև օրս էլ համոզված պնդում են, թե հենց ջութակի հանդեպ ունեցած մեծ սերն ու ջերմ  զգացողությունն են Դեմիրճյանին մղել ստեղծելու իր հայտնի գործերից մեկը՝ «Ջութակը և սրինգը» պատմվածքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter