HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Թե ինչու Բակո Սահակյանը ապրիլի 24-ին Երևանում չի լինի

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց Ցեղասպանության 10-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնց, ինչպես հայտնի է, մասնակցելու են բազմաթիվ երկրների պաշտոնական պատվիրակություններ, Ռուսաստանի և Ֆրանսիայի և Կիպրոսի դեպքում՝ նախագահների մակարդակով: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ այդ օրը ոգեկոչման միջոցառումներ են կազմակերպվելու նաև Արցախում, և ԼՂՀ նախագահը որոշել է մասնակցել դրանց՝ նախընտրելով լինել իր ժողովրդի կողքին:

Իհարկե, տարօրինակ է հնչում Արցախյան ժողովրդի կողքին լինելու գաղափարն այն դեպքում, երբ ողջ հայ ժողովուրդը ֆիզիկապես կամ հոգեպես այդ օրը գտնվելու է Երևանում՝ որպես մեկ ամբողջություն: Իսկ արցախցիները հաստատապես այդ ժողովրդի և այդ ամբողջության մի մասնիկն են, և միանգամայն բնական պետք է լիներ այդ օրը Բակո Սահակյանի՝ Երևանում, ՀՀ նախագահի կողքին լինելը:

Այս իմաստով հատկանշական է, օրինակ, որ ապրիլի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լինելու է Թուրքիայում, նախագահ Ռեջեփ  Էրդողանի կողքին՝ մասնակցելու Չանաքքալեի ճակատամարտի կապակցությամբ կազմակերպվող «խրախճանքին»: Իհարկե, ծիծաղելի է թվում 1915թ. գոյություն չունեցած Ադրբեջանի նախագահի մասնակցությունը մի իրադարձության 100-ամյակի նշմանը, որը, բացի այն, որ այդ օրվա հետ որևէ կապ չունի, նաև կապ չունի բուն ադրբեջանցի հասկացության հետ: Բայց Ալիևի՝ Թուրքիա մեկնելը և թուրք ժողովրդի կողքին լինելն իրենց տեսանկյունից արդարացվում է Անկարայի և Բաքվի կողմից ներկայումս ակտիվորեն տիրաժավորվող «մեկ ժողովուրդ, երկու պետություն» գաղափարախոսության համատեքստում:

Գուցե Ադրբեջանում ևս այդ օրը նշելու հետ կապված միջոցառումներ են կազմակերպվելու: Բայց, չգիտես ինչու, Ալիևի մտքով չի անցել այդ օրը սեփական երկրի ժողովրդի կողքին լինելու համար հրաժարվել Թուրքիա այցելությունից: Որքան էլ սիմվոլիկ է Ալիևի՝ Անկարա մեկնելը, այն իր մեջ պարունակում է նաև քաղաքական որոշակի երանգներ, քանի որ դրանով ողջ աշխարհին ներկայացվում է ոչ միայն թուրք-ազեր ժողովուրդների, այլ նաև Թուրքիա և Ադրբեջան պետությունների միասnականությունը: Եվ Բակո Սահակյանի՝ Երևանում գտնվելու հանգամանքը ևս իր մեջ այդ խորհուրդն էր պարունակելու:

Բայց խնդիրը միայն սիմվոլիկան չէ, ոչ էլ հեռուստախցիկների առջև տարատեսակ դիրքերով Բակո Սահակյանին գովազդելու ինքնանպատակ հանգամանքը: Սահակյանի՝ Երևանում գտնվելը լուծելու էր շատ կարևոր քաղաքական-դիվանագիտական մեկ խնդիր: Այդ օրը Երևանում են լինելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրներից երկուսի նախագահները, այլ երկրների պատվիրակություններ: Այդ ձևաչափում Բակո Սահակյանի ներկյությունը նրանց կողքին ոչ այնքան Հայաստանի և Արցախի միասնականության խորհուրդն էր ունենալու, որքան, իբրև ինքնիշխան երկիր, ԼՂՀ-ի ղեկավարի հավասար ներայության:

Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը գուցե առանձին արարողակարգի շրջանակներում չսեղմեին Բակո Սահակյանի ձեռքը, սակայն նրանց համար վերջինիս մասնակցությամբ Հայաստանից արվող ժեստի կամ ակնարկի իմաստը լինելու էր առավել քան հասկանալի. Հայաստանը ԼՂՀ-ին վերաբերում է որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման լիարժեք կողմ և ցանկանում է, որ միջազգային հանրությունը դա ամրագրի մեկընդմիշտ: Այլ կերպ ասած՝ Սահակյանի մասնակցությունը որոշակի դիվանագիտական ժեստ էր լինելու՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նրա, որպես հակամարտության լիարժեք կողմի, կարգավիճակի վերականգնման Հայաստանի կամքի կամ նույնիսկ նախապայմանի ցուցադրությանը: Մինչդեռ ուզենք թե ոչ, Բակո Սահակյանի չմասնակցելը, նույն ԼՂ հակամարտության համատեքստում, ընկալվելու է որպես ԼՂՀ-ն իբրև Հայաստանի մաս ներկայացնելու դրսևորում:

Իմաստային առումով հենց այդպես էլ կա: Սակայն դա ոչ միայն չի բխում ԼՂ կարգավորման ներկայիս գործընթացի, այլև առհասարակ ԼՂ հարցում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության տրամաբանությունից: Երբ հայաստանյան իշխանությունը փորձում էր արդարացնել առանց ԼՂՀ-ի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, վկայակոչվում էր այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն քաղաքական կարգավիճակով անկախ պետություն է և  հենց այդ հանգամանքն է ընկած ԼՂ կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշման առանցքում: Չնայած այս պնդումներին՝ առ այսօր, սկսած 1997թ. վերջերից, Հայաստանը հետևողականորեն վարել է ԼՂՀ-ի սուվերենությունը լղոզելու, աստիճանաբար դրա քաղաքական և իրավական նշանակությունը նսեմացնելու ուղեգիծ:

Նախ՝ ԼՂՀ-ն դուրս մղվեց հակամարտության կարգավորման գործընթացից, ինչից օգտվելով Ադրբեջանը հիմա փորձում է մի կողմից ԼՂՀ-ն ներկայացնել որպես իր տարածք, իսկ Հայաստանին՝ որպես ագրեսոր: Եվ այդ մոտեցումն ավելի ու ավելի շատ է ընկնում տարատեսակ բանաձևերի, միջազգային կազմակերպությունների դիրքորոշումների հիմքում: Հետո՝ Հայաստանը համաձայնեց առանց ԼՂՀ-ի ԵԱՏՄ-ին անդամակցությանը՝ փաստացի կատարելով Ղազախստանի միջնորդավորմամբ Ադրբեջանի դրած պայմանը: Եվ ահա հիմա էլ ԼՂՀ անկախ հայկական պետության ղեկավարը չի մասնակցում Երևանում կազմակերպվող համազգային նշանակության միջոցառման, մինչդեռ հակառակը դրսևորումը կարող էր իրենով ամփոփել այդ հարմարվողական քաղաքականությունը վերանայելու Հայաստանի տրամադրվածությունը:

Հարց է առաջանում. այնուամեայնիվ, այս ամենի ակնհայտ լինելու պարագայում, ինչո՞ւ է որոշվել, որ Սահակյանն այդ օրը Երևանում չլինի: Հնարավոր է՝ երկու հիմնական պատճառով: Առաջինը, հնարավոր է, պայմանավորված է անվտանգության նկատառումներով: Որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը, Հայաստանի համար նշանակալի օրերը «հարամելու» իր անդավական սովորույթից ելնելով, չէր փորձելու սահմանին ռազմական պրովոկացիաներ ձեռնարկել: Մանավան որ դա ողջ միջազգային հանրության ուշադրությունը ԼՂ հակամարտության և Ադրբեջանի չբավարարված պահանջների վրա հրավիրելու «լավագույն» առիթն է: Այս մտավախությունն առկա է նաև պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի մոտ:

Թերևս դրանով էր պայմանավորված ապրիլի 16-ին, այսինքն ապրիլի 24-ի գրեթե նախօրեին, ԼՂՀ-ի «Տիգրանակերտ» զորավարժարանում գնդային մարտավարական մասշտաբային զորավարժության անցկացումը, որին մասնակցել է շուրջ 47 հազար զինվորական և որը, փաստորեն, ԼՂՀ-ում  ռազմական լրացուցիչ կոնտիգենտ մոբիլիզացնելու հնարավորություն էր: Ենթադրելի է, որ Բակո Սահակյանի՝ Ստեփանակերտում լինելը ոչ միայն զուտ հոգեբանական, այլև ընդհանուր իրավիճակի կառավարման և վերահսկելիության ապահովման խնդիր է լուծում:

Այլ բան, որ նախ՝ ինքնին այդ հանգամանքը չի կարող Ադրբեջանին զսպող դեր կատարել, եթե վերջինս ունի ռազմական արկածախնդրության դիմելու նպատակ և երկրորդ՝ հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերը նվազեցնում են այս փուլում Ադրբեջանի կողմից նման քայլի դիմելու հնարավորությունը: Ի վերջո Բաքվում չեն կարող չհասկանալ, որ այդ խաղերին ընդառաջ Հայաստանը կարող է շատ ավելի ցավոտ պատասխան տալ՝ ընդ որում ոչ թե մեկ-երկու օրերի, այլ շաբաթների կտրվածքով:

Հենց այս հանգամանքն է ստիպում ենթադրելու, որ, այնուամենայնիվ, Բակո Սահակյանի՝ Ստեփանակերտում մնալու որոշման համար ամենակարևոր պատճառը սա չէ: Կա շատ ավելի ծանրաքկշիռ թվացող մեկ այլ դրդապատճառ, որը ոչ Երևանը և ոչ էլ Ստեփանակերտը երբևէ չեն խոստովանի: Իսկ այդ հնարավոր պատճառը չափից դուրս պարզ է. Բակո Սահակյանի՝ Երևանում չլինելը, հնարավոր է՝ համարվել է չարյաց փոքրագույնը՝ այլ երկրների պատվիրակությունների մասնակցութան առջև «խոչընդոտներ» չստեղծելու առումով: Այսինքն ենթադրելի է, որ կարող էին լինել երկրներ, որոնք չէին ցանկանա Սերժ Սարգսյանի կողքին տեսնել Սահակյանին, որը կարող էր ընկալվել ԼՂՀ-ն թեկուզ սիմվոլիկ կերպով ճանաչելու, նրա ղեկավարին որպես հավասարի ընկալելու, դրանով իսկ, գուցե, Ադրբեջանին նեղացնելու միջոց:

Չի կարելի նույնիսկ բացառել, որ ԼՂՀ նախագահին չհանդիպելու հարցը Երևանի առջև որոշ երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից, դրվել է որպես ապրիլքսանչորսյան միջոցառումներին մասնակցության նախապայման: Երբ այս լույսի ներքո ենք դիտարկում Մոսկվայի կողմից մինչև երեկ պահպանվող անորոշությունը, թե ինչու հստակ չէր հայտարարվում ապրիլի 24-ին ՌԴ նախագահի Հայաստան այցելության մասին, հասկանալի է դառնում, որ դա կարող էր պայմանավորված լինել հենց այդ հարցում Հայաստանից երաշխքներ ստանալու ակնկալիքով: Համենայնդեպս խոսուն է այն փաստը, որ Սահակյանի՝ Երևանում այդ օրը չլինելու և Պուտինի՝ Երևան այցելելու մասին պաշտոնական հաստատումները կատարվեցին գրեթե միաժամանակ: Եթե իսկապես այդպես է, ապա սա ինքնին ցույց է տալիս, թե ԼՂՀ ղեկավարի Հայաստանում լինել-չլինելուն, անկախ մեր կամքից, ինչպիսի քաղաքական բովանդակություն և նշանակություն է տրվում:

Ակնհայտ է, որ գործ ունենք հայկական շահերը հերթական անգամ զոհաբերելու իրողության հետ: Բայց այս դեպքում զոհաբերումն արվում է հանուն մեկ այլ նպատակի՝ ապրիլի 24-ին երևանյան միջոցառումներն ավելի ներկայացուցչական և մասշտաբային դարձնելու՝ ի հեճուկս Թուրքիայի, որը Չանաքքալեի ճակատամարտի հիշատակման համար ապրիլի 24-ի օրն անամոթաբար ընտրելով, փորձում է ստվերել այդ օրվա իրական խորհուրդը ոչ միայն ազգային, այլև համամարդակային իր ընդգրկմամբ: Եվ «ճաշակի», աշխարհայացքի և վերլուծելու հարց է, թե այս երկու առաջնահերթ նպատակներից ո՞րն է ավելի առաջնահերթ...

Մեկնաբանություններ (2)

ominac
Մենք երբեք մեր մեր ըրածները թուրքին հետ պէտք չէ համեմատենք։ Մեր ուշադրութիւնը միշտ մրցունակ համակարգ կառուցելու վրայ պէտք է ըլլայ։
ընթերցող
Կարելի էր ավելի լուրջ բան գրել, հոդվածն սկսվում է ենթադրություններով ու հարցերով եւ ավարտվում է ..... հարցերով ու ենթադրություններով! Իմա-ա-ստը?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter