HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Miss You». «The Rolling Stones» -ի թաքնված դիսկո նախասիրությունը

Նաիրա Հայրապետյան

1980թ. լեգենդար Ջոն Լենոնը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ իր կարծիքով Միք Ջագերը վերցրել էր Յոքո Օնոյին նվիրված իր «Bless You» երգը և դարձրել «Miss You»:

1978թ. թողարկված «Some Girls» ալբոմում էր ընդգրկված այս երգը, որի սինգլը կարճ ժամանակահատվածում անմիջապես գրավեց «Billboard Hot 100»-ի առաջին հորիզոնականը: Այս երգը կտրուկ փոփոխություն էր արձանագրում բրիտանական «The Rolling Stones» խմբի հայտնի ոճում, ուստի երկրպագուների նոր բանակի համալրմանը զուգահեռ՝ նկատվեցին հիասթափված «հետդարձի» մեծ փորձեր: Երաժշտական քննադատների մեծ մասը «Miss You»-ն գնահատեցին որպես քայլ դեպի դիսկո: Կարծես ռոքնռոլի դաշտում հիմնավորապես հաստատված խումբը հայտված լիներ երկընտրանքի շեմին՝ հավատարիմ մնալ ի սկզբանե ընտրված, տեղ-տեղ այդ ընտրությամբ պարտադրված կերպարին, թե՞ կոտրել ընթացքն ու գնալ դեպի նոր ոճ, նոր ուղղություն, ուրեմն նաև՝ նոր լսարան:

Երգը դարձավ խմբի 8-րդ և վերջին «թիվ մեկ» հիթը ԱՄՆ-ում, իսկ բրիտանական հորիզոնականներում գրավեց երրորդ տեղը:  Մոտավորապես 9 րոպե տևողությամբ «Miss You»-ն ալբոմի կազմում կրճատվեց՝ դառնալով 5, իսկ ռադիոեթերի չափանիշներին ենթարկվելուց հետո՝ հնչեց երեք ու կես րոպեանոց տարբերակով: Այս բազմաթիվ փորձություններով հանդերձ, այնուամենայնիվ, երգը սկսեց պտտվել աշխարհով մեկ և տարիներ անց էլ ընդգրկվել տարբեր նախագծերում՝ այդ թվում բարեգործական, հնչել ֆիլմերում և հեռուստասերիալներում: «Miss You»-ն նաև հասցրել է գնահատվել որպես բոլոր ժամանակների 500 լավագույն երգերից մեկը:

Հեղինակն է Միք Ջագերը, թեև պաշտոնապես նշվում է նաև խմբի կիթառահար Կիտ Ռիչարդսի անունը: Բանն այն էր, որ Ջագերը և Ռիչարդսը պայմանավորվածություն ունեին իրենց բոլոր երգերի համար որպես համահեղինակներ ստորագրվելու: Սակայն իրականում «Miss You»-ն ստեղծվել է ակումբային jamming-ի ժամանակ, հանպատրաստից, երբ Միքը վիրտուոզ ստեղնաշարային Բիլի Փրեսթոնի հետ 1977թ. եվրոպական շրջագայության մեջ էին, և երաժշտական իմպրովիզացիաների ընթացքում Միքը սկսեց երգել: Այս համերգի ձայնագրությունը նույն թվականին թողարկվեց  «Love You Live » ալբոմի կազմում: Սինգլի թողարկումից հետո մինչ «The Rolling Stones» խմբի անդամներից Ռոնի Վուդը և Ջագերը համառորեն համոզում էին (և առաջին հերթին թերևս իրենք իրենց), որը երգը դիսկո ոճում չէ, մինչդեռ Կիտ Ռիչարդսը հաստատում էր հակառակը՝ «շատ լավ դիսկո երաժշտություն է»:

Խմբի թմբկահար Չարլի Ուոթսն ավելի ուշ պատմել է, որ ինքն ու Ջագերը հաճախ էին լինում դիսկոտեկներում, որի ազդեցությամբ էլ ծնվել են մի քանի երգեր, այդ թվում՝  «Miss You»-ն: «Ես հիշում եմ՝ մենք Մյունխենում էինք և երբ վերադառնում էինք ակումբից, Միքը սկսեց երգել «The Village People»-ի երգերից մեկը՝ կարծես թե «Y.M.C.A»-ն էր: Կիտը դրանից ուղղակի գժվում էր, բայց պարահրապարակում երգը ցնցող էր»:  Հետագայում Կիտ Ռիչարդսը նաև ասել է, որ նախապես մտադրվել էին հենց այդ ոճում մի երգ գրել. այս խոստովանությունը, սակայն, Ջագերը չի կիսում:

«Miss You»-ն առանձին՝ որպես սինգլ թողարկվեց «Some Girls» ալբոմից մեկ ամիս անց: Հաջողված լինելուց բացի՝ այն միակ երգն էր ալբոմում, որի ձայնագրությանը մասնակցեցին մի քանի այլ երաժիշտներ: Բացի այդ, թողարկվեց մեկ այլ՝ առավել ընդգծված դիսկո տարբերակ, որը դարձավ առաջին պարային ռեմիքսը խմբի՝ մինչ այդ ամբողջությամբ ռոքնռոլով ապրած կյանքում: 2001թ. Միք Ջագերն ու Կիտ Ռիչարդսը երգը կատարեցին նյույորքյան մի բարեգործական համերգի ժամանակ. այն նվիրված էր հայտնի ահաբեկչական պայթյունից տուժած քաղաքացիներին:

Մեկնաբանություններ (1)

Грайр
Это новость из жизни легендов рок музыки. Странно что только через 2 два года записи Леннон вспомнил об авторстве этой песни. А Йоко была вдохновителем. Но не сочинителем.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter