HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շախմատի աշխարհի 10-րդ թիմային առաջնության բացումը՝ Ծաղկաձորում

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել է ապրիլի 18-ից 29-ը անցկացվող Շախմատի աշխարհի թիմային հոբելյանական՝ 10-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր տասը հավաքականների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի, Եգիպտոսի և Հայաստանի ուժեղագույն շախմատիստները: Հավաքականները մասնակցության իրավունքը նվաճել են որպես համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներ և իրենց աշխարհամասերի չեմպիոններ:

Աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մասնակցող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի բարձրագույն տիտղոս, ինչը եզակի է ընդհանրապես շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ:

Հայաստանն այն երկրներից է, որին երկրորդ անգամ է պատիվ վիճակվում կազմակերպելու աշխարհի շախմատի թիմային առաջնություն: Մեր երկիրը նման խոշորագույն իրադարձություն հյուրընկալել է 2001 թվականին Երևանում:

Առաջնության բացման կապակցությամբ Սերժ Սարգսյանը ողջունել է արարողությանը ներկա ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, աշխարհի թիմային առաջնությանը մասնակցող ուժեղագույն հավաքականների շախմատիստներին և մրցաշարին հետևող շախմատասերներին՝ մրցաշարին մաղթելով գեղեցիկ խաղ և հաջողություն:

Սարգսյանը հպարտությամբ է նշել, որ աշխարհում շատերը Հայաստանը համարում են շախմատային մեծ տերություն, չնայած մեր երկիրն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ: Նախագահի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շախմատ սիրում են և խաղում, հպարտանում մեր ազգային թիմով: Ըստ Սերժ Սարգսյանի, պատահական չէ, որ մեր երկրում վաղուց արդեն անցկացվում են խոշոր մրցաշարեր ոչ միայն Երևանում, այլ նաև Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ 2015թ. և՛ Հայաստանի, և՛ ամբողջ հայ ժողովրդի համար առանձնահատուկ տարի է՝ այս տարի մեր ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և այդ նպատակով անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ,  որոնք իրենց մեջ ներառում են չորս հիմնական ուղերձներ՝ հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում և վերածնունդ:

«Ես երախտապարտ եմ մեր շախմատիստներին, որ նրանք ոչ միայն 2015թ., այլ նաև դրանից շատ առաջ իրենց խաղով, գործունեությամբ ապացուցում են այդ ուղերձներից գոնե մեկի՝ վերծաննդի գաղափարը: Եվ եթե փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոն՝ նշանակում է, որ մեզ ոչնչացնողների ծրագրերը բացարձակապես չիրականացան. մենք կանք, վերապրել ենք և զարգանում ենք: Շախմատը արդար խաղի, արդար պայքարի լավագույն օրինակն է կյանքի շատ ոլորտների համար, և ես վստահ եմ, որ ծաղկաձորյան առաջնությունը լինելու է լարված, հետաքրքիր ու մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ և բովանդակալից խաղերի: Թո՛ղ հաղթեն լավագույնները»,-ողջույնի խոսքում ասել է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter