HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցանկություն

Մանուկ Սահակյան, ցմահ բանտարկյալ

Թե ինչու հոդվածի համար ընտրեցի ցանկություն վերնագիրը, եթե ցանկանամ կարող եմ նշել, սակայն կասեմ ուղղակի այդպես ցանկացա: Այդպես էլ մեր կյանքի  ընթացքում, մենք ցանկություններից տարբեր ընտրություններ կատարելով, ստեղծելով մեր ներկան, կառուցում ենք ապագան: Կարող եք չհամաձայնել և պնդել, որ հաճախ մարդկանց կյանքում վճռորոշ դեր են խաղում պատահականությունները, իսկ հաճախ էլ մարդիկ ստիպված են լինում իրենց ցանկություններին հակառակ ընտրություններ կատարել: Առաջինի դեպքում գուցե համաձայնեմ, բայց դրանք էլ իրականում որոշակի ընտրության հետևանքներ են, իսկ երկրորդի դեպքում վստահ կարող եմ ասել, որ ոչ թե ստիպված ենք ընդունում մեր ցանկությանը հակառակ որոշումներ,  կամ տվյալ ցանկությունն այնքան չենք կարևորում կամ բավարար քաջություն չունենալուց սկսում ենք տարբեր պատճառներ և արդարացումներ գտնել, ինչով կարող ենք հիմնավորել այդ ցանկության իրագործման անհնարությունը և որով կարող ենք պաշտպանվել ինքներս մեր խղճի ազնվության դեմ: Ճիշտ այդպես ինքս հայտնվեցի ցմահ ազատազրկման մեջ:

Բոլորի համար անհասկանալի պատճառներից ելնելով` ես չցանկացա բացահայտել իրականությունը և տվեցի ինքնազրպարտող ցուցմունքներ, իսկ իրավապահները ի զարմանս ինձ չցանկացան կասկածի տակ դնել բավական կասկածելի ցուցմունքներս, նույնը և դատարանը (չնայած, որ այդ ցուցմունքները կարող էին տալ դեպքին ականատես ցանկացած քննիչ, դատավոր կամ մեկ այլ քաղաքացի): Ահա այսպես իրար փոխլրացնող ցանկությունների բացակայության հետևանքով արդեն 6 տարի է գտնվում եմ Նուբարաշեն ՔԿՀ-ում: Այդ տարիների ընթացքում իրականության մասին չբարձրաձայնելուց շատ անգամներ մոտ եմ եղել խելագարվելուն, բայց չեմ խելագարվել և դրանում մեծ դերակատարում է ունեցել ինքնակրթությամբ զբաղվելը, որը վերաճեց ուսումս բուհում շարունակելու ցանկության: Դա իրականացնելու համար ահագին փորձերից, չնայած որ գտնվում էի Նուբարաշեն ՔԿՀ-ի ամենավերին հարկում տպավորություն էր ստեղծվել, որ գտնվում եմ խորը անդունդում, որտեղից ձայնս դիմումի տեսքով լույս աշխարհում սխալ է հասկացվում, քանի որ դիմումներիս պատասխանները լինում էին ոչ թե իրավաբանորեն հիմնավորված, այլ դիվանագիտորեն խնդրանքիս հետ կապ չունեցող մերժումների տեսքով: Ավանդույթը խախտվեց Նուբարաշեն ՔԿՀ-ի աշխատակից, Արդարադատության փոխգնդապետ պարոն Աբաջյանի ինձ օգնելու ցանկությամբ, ում շնորհակալ եմ միջնորդության և ինձ ճիշտ ուղղորդելու համար: Բոլորի անունները չեմ կարող նշել, ովքեր ուղղակի  կամ անուղղակի կերպով իրենց ավանդն են ունեցել ուսումս վերականգնելու բավական երկար պրոցեսում, բայց չեմ կարող շնորհակալությունս չհայտնել Լարիսա Ալավերդյանին անմիջապես արձագանքելու և ինձ ընդառաջելու համար, մեր՝  ցմահականներիս հետ աշխատող սոցիալ հոգեբան տիկին Չարչյանին, աշխատանքը պատշաճ կերպով կատարելուց զատ իր ցուցաբերած բարձր մարդկային վերաբերմունքի, նվիրումի համար, և Գոհարին, ում նվիրած համակարգչի շնորհիվ շատ ավելի հեշտացել է աշխատանքներիս կատարումը:

Անցնելով անհրաժեշտ ընթացակարգերը՝ վերջապես վերականգնվեցի և հնարավորություն ստացա շարունակելու 6 տարի առաջ ընդհատված ուսումս, իսկ իմ առջև հույսի դռները ինչպես 10 տարի առաջ, այնպես էլ հիմա բացեց հարազատ բուհս՝ ՀՊՃՀ-ն (Պոլիտեխնիկը), որի կարևորությունն իմ կյանքում հասկացա ավելի ուշ, երբ հայտնվեցի այստեղ, քանի որ Պոլիտեխնիկում միայն չեն մասնագիտանում այստեղ սովորելը բնավորություն է և իմ համառության և պայքարելու բնավորությամբ պարտական եմ հենց Պոլիտեխնիկին: Դիպլոմիս պաշտպանության օրը սարերի հետևում չէ և վստահ եմ, որ շնորհակալությունս կկարողանամ առերես հայտնել բուհի ղեկավարությանն ինձ ընդունելու և ուսումս ավարտելու հնարավորություն տալու համար: Մինչ դա պետք է շնորհակալությունս հայտնեմ նույն բուհի դասախոս, հիմա արդեն դիպլոմայինիս ղեկավար ընկեր Փարիկյանին, ում մեջ այնքան մեծ նվիրվածություն կա գիտելիքները փոխանցելու անգնահատելի լուսավոր գործում, որ նրան անվանեցի Լուսաբեր մարդ: Նրա հետ առաջին հանդիպումից հետո այնքան մեծ էին տպավորություններս, որ խուց վերադառնալու ճանապարհին իրար հաջորդող խցերը աչքիս լսարաններ էին թվում և թվում էր, թե աչքերիս լույսը լսարաններից դուրս եկող և ինձ ձեռքով անող համակուրսեցի տղաներին է պատկերելու: Այդ օրվանից հետո ամբողջ բանտն եմ դիտարկում, որպես համալսարան: Ամեն աշխատանքնային օր աչքերիս լույսն ինձ ուղեկցում է հին համալսարանի յուրօրինակ նոր մասնաշենքի արդեն հարազատ լսարանը. ինչպե՞ս եղավ, որ բանտը վերածվեց համալսարանի:

Այո, ճիշտ է ցանկություն. չէր լինի ոչինչ, եթե չլիներ իմ սովորելու ցանկությունը և այդ հարցում ինձ օգնելու պատրաստակամություն հայտնած մարկանց ցանկությունը:  Պատահական չէ հոդվածն անվանած «Ցանկություն» և պատահական չէ այն ցանկություն և շնորհակալություն բառերով ողողված, պարզապես հույս ունեմ, որ պատահականորեն հոդվածը ընթերցող բոլորիս հայտնի մարդկանց մոտ այս բառերի հաճախ ընթերցելուց, ցանկություն կառաջանա վերանայել ցմահականներին առնչվող խնդիրների լուծման մինչ այժմ հայտնի օգտագործվող մեխանիզմները, եթե իհարկե դրանք կան և հայտնի են հենց այդ մարդկանց համար: Այդ մեխանիզմների բացակայության կամ չօգտագործելու համար որպես պատճառ տարբեր հարցազրույցների ժամանակ վերը նշված արդարացման նման պատճառ է բերվում Խորհրդային Միությունից ժառանգություն ստացած անկատար իրավական, դատական և պատժի իրականացման ինստիտուտները և բացատրվում է, որ դրանք  բարեփոխելու  համար ժամանակ է հարկավոր: Արդյո՞ք մեկ մարդկային կյանքը կբավականացնի այդ ժառանգությունից ազատվելու համար, եթե չկա դրանից ազատվելու ցանկություն: Ոչ մի ժառանգություն ստիպողաբար չի լինում, պարզապես պետք է քաջություն ունենալ և արդարացումների փոխարեն գործելու ցանկություն: Որպես առաջին քայլ կլինի առանց ինքներս մեզ խաբելու բացահայտենք նախկինում թույլ տրված սխալները, որոնց հետևանքով ճակատագրեր են խեղվել, այլ ոչ թաքցնելով դրանք մեծացնենք անարդարության հին կծիկը, դրանով իսկ առիթ ստեղծելով նոր անարդարությունների սկզբին:

Շնորհակալ կլինեմ, եթե այդ ցանկությունն ավելի շուտ առաջանա քան 104 ցմահականներից ողջ կմնան 4-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter