HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իմ հարյուրամյա տատիկը

Նվիրում եմ ցեղասպանությունը վերապրած տատիկիս` Ռոզա Խոնդկարյանի հիշատակին

Արամայիս Միրզոյան 

Լավագույնը, ինչ կարող էի անել տատիկիս համար, նրա մահից հետո այս մասին գրելն էր: 

Ապրել եմ շատ քիչ, որպեսզի կարողանամ գնահատել տատիկիս ապրած կյանքը։ Պատկերացնելու համար տատիկիս ապրած հարյուր տարին, պետք է ես էլ ապրեմ հարյուր տարի։ Հարյուր տարի, որ իր մեջ պարունակում էր և՛ ցավ, և՛ ուրախություն, և՛ ծնունդ, և՛ մահ, և՛ տառապանք, և՛ բերկրանք։ Այդ հարյուր տարին կարծես հարյուր էջանոց գիրք լինի, որ թերթել են շատ քչերը, իսկ կարդացողներ համարյա թե չեն եղել։ Բայց ես տատիկիս հետ էի մանկուց և կարողացել եմ թերթել և նույնիսկ կարդալ այդ գիրքը։ Գուցե ամբողջովին չեմ ընկալել, բայց միշտ մեծ հետաքրքրություն եմ ունեցել այդ գրքի հանդեպ։

Երբ դեռ փոքր էի, ինձ բախտ է վիճակվել շատ պատմություններ լսել տատիկիցս։ Նա հիմնականում պատմում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Այդ պատմությունների միջոցով մենք կարծես նստում էինք ժամանակի մեքենան և գնում դեպի անցյալ։

Տատիկս ամուսնացել էր վաղ հասակում, ուներ երեք երեխա՝ մեկ աղջիկ և երկու տղա։ Նրա ամուսինը ՝ պապիկս, զինվորական բժիշկ էր։ Ես չեմ տեսել պապիկիս, բայց բոլորից լսել եմ, որ նա շատ ազնվական մարդ էր։ Մասնակցել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմին, ստացել էր վնասվածք, բայց չնայած դրան մինչև խոր ծերություն աշխատում էր իր տանը՝ իր իսկ ստեղծած ատամնաբուժարանում։ Դիլիջան քաղաքում բոլոր հիվանդները նրան վերաբերվում էին հարգանքով և շատ էին սիրում։ Տատիկս պատմում էր, որ պապիկս այնքան լավ էր վերաբերվում հիվանդներին, որ նրանք չէին կաշկանդվում և գալիս էին նրա մոտ ցանկացած ժամանակ: Նա առողջական խնդիրներ ուներ իր կյանքի վերջին տարիներին,  բողոքում էր սրտից։ Ընդհանրապես մեր ցեղում մահերի մեծ մասը եղել են սրտային հիվանդություններից։  Տատիկս միշտ ասում էր. «Բալիկս, Միրզոյանները սրտից թույլ են, պինդ պահիր քեզ, զգույշ եղիր»։

Տատիկս շատ էր սիրում պատմել պատմություններ իր կյանքից։ Բայց կար մի շատ տխուր պատմություն իր մանկությունից, որ նա չէր սիրում պատմել։ Այդ պատմությունը նրան պատմել էր նրա մայրը` Լուսաբերը։ Նրան բոլորը ազգականները ասում էին Լուսաբեր զալո։

Տատիկիս մանկության մի քանի տարին անցել էր Թուրքիայի Իգդիր քաղաքում։ Նրա մայրը ամուսնացել էր 16 տարեկանում։ Նրան այդ ժամանակի ավանդույթների համաձայն ծնողները ամուսնացրել էին առանց նրա կամքը հարցնելու։ Տատիկիս հայրը՝ Գեղամը քաղաքի հայտնի առևտրականներից էր։ Նա ամուսնացել էր տատիկիս մոր հետ, երբ 32 տարեկան էր։ Նրան շատերն էին ճանաչում Իգդիրում, որպես քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկին։ Նա շատ հաճախ էր մեկնում արտասահման՝ առևտուր անելու։ Այլ երկրներից նա բերում էր տարբեր ապրանքներ և վաճառում իր խանութում, որը շատ հայտնի էր Իգդիրում։ 

Երբ 1915 թվականին սկսվեցին հայերի դեմ ջարդերը, ոչ ոք դրան լուրջ չէր վերաբերվում։ Նույնիսկ տատիկիս թուրք հարևանները միշտ ասում էին, որ դա թյուրիմացություն է և շուտով կավարտվի։ Նրանք միշտ հուսադրում էին տատիկիս մորը։ Ոչ ոքի մտքով չէր էլ անցնում, թե ինչ է սպասվում հայերին։ 1915 թվականից հետո տատիկիս ընտանիքը դեռ երկու տարի մնաց Իգդիրում։ Նրանք այդ երկու տարին ապրեցին վախի և անհանգստության մեջ՝ անընհատ սպասելով վատագույնին։ 

Բայց 1917 թվականին հրաման եկավ, որ հայերը պետք է լքեն քաղաքը։ Այդ ժամանակ տատիկիս հայրը քաղաքում չէր։ Տատիկիս քեռին՝ Ավետիսը, տատիկիս ընտանիքին ֆուրգոնով հանել է քաղաքից։ Այդ ժամանակ դեռ չէին ծնվել տատիկիս մյուս եղբայրները։ Նրանք երկու քույր էին և մեկ եղբայր։ Ճանապարհին գաղթականներին ուղեկցում էր ռուսական զորքը՝ պաշտանելով նրանց թուրքերից։ Որոշ ժամանակից հետո գաղթականների ուտելիքի պաշարը վերջացավ և նրանց միակ հույսը դարձավ ռուսական բանակի կողմից տրամադրվող շիլան։ Չդիմանալով ճանապարհի դժվարություններին՝ մահացել է տատիկիս քույրը։ Նա մեկ տարեկան էր։ Նրան թաղեցին  մեծ կաղնու ծառի տակ։ Երբ տատիկս հասնում էր պատմության այս մասին, թաց աչքերով ասում էր. «Ա՜խ, եթե ես հիմա քույր ունենայի»։

Հասնելով Երևան՝ տատիկիս ընտանիքը տուն է վարձում մի ունևոր մարդու բակում։ Այդ մարդուն բոլորն ասում էին «Կառտոլ բիձա» մեծ քթի պատճառով։ Միշտ, երբ տատիկիս հետ հիշում էինք Կառտոլ բիձուն, սկսում էինք բարձրաձայն ծիծաղել։ 

Իրենց բակում տատիկս ամենաթեթև երեխան էր, այդ պատճառով էլ միշտ բակի երեխաները ուղարկում էին նրան Կառտոլ բիձի թթի ծառից թութ քաղելու։ Նրանք հավաքվում էին թթի ծառի տակ, որ երբ հանկարծ տեսնեն՝ Կառտոլ բիձեն գալիս է, ասեն տատիկիս, որ շուտ իջնի ծառից։ Նրանց տունը գտնվում էր Ամիրյան պողոտայի վրա։ Տատիկս միշտ հիշում էր, թե ինչպես էին նրանք երեխաներով բարձրանում տան կտուրը՝ շքահանդեսը դիտելու։

Տատիկիս պատմությունները լի էին տխրությամբ, բայց դրա մեջ կար նաև մեկ կաթիլ ուրախություն։ 

Լուսանկարը`Նազիկ Արմենակյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter