HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբլու ամրապնդումը ՌԴ-ից եկող փողի ավելացման հույս է տալիս

Սեդա  Հերգնյան

Այս տարվա փետրվարին Հայաստան ուղարկված տրանսֆերտների ծավալը ամենափոքրն է վերջին 5 տարվա փետրվարների համեմատ: ՀՀ կենտրոնական բանկի տրամադրած տվյալների համաձայն՝ 2015-ի փետրվարին բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակով ֆիզիկական անձինք Հայաստան են ուղարկել 68,1 մլն դոլար, ինչը գրեթե 12 միլիոնով ավելի է հունվարի համեմատ։ Սակայն, եթե ցուցանիշը դիտարկում ենք տարեկան կտրվածքով, ապա 2014-ի փետրվարի համեմատ այն նվազել է 37,7 մլն դոլարով։ Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան ուղարկված ոչ առևտրային փոխանցումների ներհոսքը կազմել է 122,4 մլն դոլար, ինչը գրեթե 83 միլիոնով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստան եկող տրանսֆերտների հիմնական աղբյուրը: Այս տարվա փետրվարին Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները կազմել են 47,7 մլն դոլար, այնինչ մեկ տարի առաջվա ցուցանիշը 83,5 մլն դոլար է: Տրանսֆերտների ծավալով երկրորդը ԱՄՆ-ն է՝ մոտ 8,6 մլն դոլար (2014-ի փետրվարի համեմատ ավելացել է 1,3 մլն դոլարով), հետո՝ Գերմանիան  (մոտ 1,3 մլն դոլար, պակասել է 85 հազ. դոլարով), Ֆրանսիան՝ 1 մլն դոլար (պակասել է 225 հազ. դոլարով), Ղազախստանը՝ 828 հազ. դոլար (պակասել է 433 հազ. դոլարով) Ուկրաինան՝ 566 հազ. դոլար (պակասել է 636 հազ. դոլարով): Փոխանցումներ եղել են նաև Իսպանիայից, ԱՄԷ-ից, Չինաստանից, Թուրքիայից և այլ երկրներից, սակայն դրանք չեն գերազանցել 500 հազ. դոլարը:

Դրան զուգահեռ ակտիվացել է նաև արտահոսքը։ Հունվար-փետրվարին Հայաստանից դուրս է փոխանցվել ավելի քան 44,2 մլն դոլար, որից 30 միլիոնը՝ դեպի Ռուսաստան։

Արտերկրից ուղարկվող տրանսֆերտների նվազումը զգալի բացասական ազդեցություն է թողնում Հայաստանում ապրող այն ընտանիքների կենսամակարդակի վրա, որոնց ապրուստի հիմնական միջոցը արտերկրում, հիմնականում՝ Ռուսաստանում աշխատող ընտանիքի անդամների ուղարկած գումարն է: Հենց նրանք են, որ պաշտոնական տվյալների հրապարակումներից առաջ արդեն արաձանագրած և իրենց կենցաղում զգացած են լինում տրանսֆերտների ծավալների փոփոխությունները: Երբ այդ գումարները պակասում են, բազմաթիվ ընտանիքներ խնդիրների առաջ են կանգնում, որոնք հիմքում նրանց գնողունակության անկումն է:

ՀՀ ԿԲ-ի վերջին 10 տարիների վիճակագրությունը փաստում է, որ Ռուսաստանից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների ծավալները անընդհատ աճել են: Բացառություն է եղել միայն 2009 թվականը: 2008 թվականի 1,4 մլրդ դոլարից 2009-ին նվազեց մինչև մոտ 930 միլիոն դոլարի, ինչը պայմանավորված էր համաշխարհային տնտեսական ճգնաժամով:

Նույն վիճակագրությունը փաստում է, որ Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները սկսել են նվազել 2014-ի հունիսից: Խոսքը տարեկան համեմատությամբ ստացված նվազման մասին է: Գլխավոր պատճառը ռուբլու արժեզրկումն է դոլարի նկատմամբ: Ու քանի որ Ռուսաստանից Հայաստան եկող փողը ռուբլիով է, հետևաբար՝ մեծամասամբ այս արժույթի տատանումներից է կախված այդ տրանսֆերտների ծավալը: Այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ, ըստ ՌԴ կենտրոնական բանկի, 1 դոլարն արժեցել է 68,9 ռուբլի, իսկ ամսվա վերջի դրությամբ՝ 61,27 ռուբլի: Մինչդեռ 2014-ի փետրվարի վերջին, օրինակ, 36 ռուբլի է եղել:

Ըստ վերջին տվյալների ու վերլուծաբանների կանխատեսումների՝ ռուսական ռուբլին աստիճանաբար կայունանում է: Այսպես, մարտի վերջի դրությամբ դոլարը արժեցել է 58,46  ռուբլի, ապրիլի 15-ին` 51,97 ռուբլի, ապրիլի 20-ին` 50,2 ռուբլի: Ըստ վերլուծաբանների՝ ռուբլու կայունացմանը նպաստում են Արևմուտքի պատժամիջոցների նվազումը, նավթի միջազգային գների կայունացումը, Ուկրաինայում լարվածության թուլացումը: Ըստ տարբեր կանխատեսումների՝ ռուբլին դեռ 7-10%-ով ամրապնդվելու է: Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար: Առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտների ծավալների աճ: Եթե անգամ աճ չգրանցվի, ակնկալվում է, որ գոնե նվազումը չի լինի այն տեմպով, ինչպես եղավ փետրվարին:
Նշենք, որ մարտ ամսվա տվյալները դեռևս հայտնի չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter