HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես 104 տարի ապրել եմ, ուզում եմ, որ հիմի էլ դուք ապրեք»,- ասում է Եղեռնը վերապրած Լուսիկ տատը

Գայանե Սարգսյան 

Վանաձորում բնակվող Լուսիկ Անդրեասյանը 104 տարեկան է: Ծնունդով Կարսից է: 1915թ. ջարդերի ու տեղահանությունների ժամանակ երեք տարեկան է եղել: Ծնողների պատմածները, սակայն, մինչ օրս էլ թարմ են նրա հիշողության մեջ:

«Ուրեմն, հալալ էս վախտ էր, բալա ջան, փախեփախն ընկավ ժողովրդի մեջ: Ձեն-ձուն, լաց-կոծ, փախանք: Ով չէր տեսել, մենք տեսանք… Որը կրցավ՝ ձիով փախավ, որը չէ՝ ընենց փախան: Ապրանք, յուղ, պանիր, ուտելիք, շոր, սաղ լցրինք մի տեղ ու փախանք: Ըսինք՝ հետ կգանք: Ես երեք տարեկան երեխա եմ եղել, խեղճ հերս ու մերս ընձի գրկել, փախել են: Խեղճ, զուրկ, ոչ կերել ենք, ոչ խմել, անոթի, ծարավ, դողացնելով, քարերի միջով, արտերի միջով, ձորերի միջով փախանք, պրծանք, հոգիներս փրկինք»,- հիշում է տատը:

Ճանապարհին ընտանիքը շատ զրկանքներ է տեսել: Սովին, ծարավին ու ցրտին չդիմանալով՝ ճանապարհին մահացել է Լուսիկ տատի քույրը:

«Քույրս 5 տարեկան էր, որ մահացավ: Անկեր, անխում, վախլութենեն մահացան երեխեքը: Տուն չկար, դուռ չկար, կռիշ չկար, չէին մեռնի՞»,- ասում է տատը:

Փախեփախի ճանապարհից մի փոքրիկ դիպված քարացել, մնացել է տատի հիշողության մեջ:

«Խեղճ հերս ինձ գրկած, կամրջի տակ թաքնվել է, մինչև թուրքը կամուրջն անցնի, գնա: Թուրքի շունն եկել, կամրջի գլխից վրեն միզել, գնացել ա: Խեղճ հերս անխոս, էնքան ա կանգնել, մինչև թուրքերը հեռանան, որ մեզ փախցնի, փրկի»:

Այլ երկիր գնալու մասին չեն էլ մտածել: Նախընտրել են գալ Արևելյան Հայաստան: Ասում է. «Զոռով եկանք, հասանք մեր Հայաստանը: Ընչի՞ պիտի ուրիշ երկիր գնայինք: Մենք հայաստանցի ենք, Հայաստան բդի գայինք»:

Մինչ Վանաձորում հաստատվելը Անդրեասյանների ընտանիքը շատ բնակավայրերում է ժամանակավորապես բնակվել: Դրանք, սակայն, ընտանիքի սրտով չեն եղել: Թե երբ են մշտական բնակություն հաստատել Վանաձորում չի հիշում, փոխարենը հիշում է այն բոլոր բնակավայրերի անունները, որտեղ ապրել են:

Կարսում ամեն ինչ թողած ընտանիքը ստիպված է եղել Կիրովականում ամեն ինչ նորից սկսել: «Կարսում ո՞նց էիք ապրում» հարցին տատը պատասխանում է բթամատը վեր բարձրացնելով. «Ըսպես, շատ ընտիր: Ղարսում մեեեեծ տներ ա էղել, շատ ունևոր ենք եղել: Հերս ու մերս պատմում էին, թե ինչքան հարստություն են թողել: Հենց գիտեին նորից պիտի հետ դառնան, ինչ ունեն-չունեն, վերցնեն բերեն»:

Կիրովականում Լուսիկ տատն ամուսնացել է: Թե որ թվականին՝ դա էլ չի հիշում: Սիրո պատմությունը տատն ամփոփում է մեկ նախադասությամբ. «Մարդս փոստատար էր, ես էլ հետը կաշխատեի: Աչք էինք գցել իրար վրա, նշանվանք»:

Երիտասարդ ընտանիքին Կիրովականում հողատարածք են հատկացրել, որտեղ էլ ընտանիքը կառուցել է իր փոքրիկ, համեստ, սեփական տունը, ուր մինչ այժմ էլ ապրում է Լուսիկ տատը: Մի քանի տասնամյակ առաջ հատկացված հողատարածքի համար տատը մինչ օրս շնորհակալ է:

«Ապրի մեր մենձը, մեր գլխավորը, որ մեզի տեղավորեց, աշխատցրավ: Եկանք, լավ մարդի դեմ էղանք, աշխատինք, ապրինք,- ասում է տատն ու հիշում իր ղոչաղությունը,- ղոչաղ աղջիկ էի, ամեն բան արել եմ, ամեն գործ արել եմ, քաղհան էլ եմ արել, փոցխ էլ, ցորեն էլ եմ շալակել… Որ փախեփախ ենք էղել, նամուս ենք արել, աշխատել, ապրել ենք»:

Այսօրվա  անցուդարձից տատը լավատեղյակ է: Ասում է՝ գիտի, որ Թուրքիան չի ընդունում, որ ցեղասպանություն է արել: «Չի ընդունում,  ասում ա՝ չէ, ես տեղեկություն չունիմ: Սավսեմ ղրաղ ա փախչում: Համ արել ա, համ ասում ա չէ՝ ես էդ մարդը չեմ», -ասում է տատն ու զարմանում, թե ո՞նց կարող է չընդունել:

 Հարցնում եմ՝ այ տատ, ի՞նչ ես կարծում, վերջը ո՞նց է լինելու: «Բալի ճանաչի, բալի փոշմնի ճանաչի,- պատասխանում է տատն ու դիմում ինձ,-կարո՞ղ ա ճանաչի: Կճանաչի՞, այ ըդուր սրտի մեջը մեռնի»:

15 թոռ ու մեկ ծոռ ունեցող տատն իր ապրած կյանքից գոհ է: «Հիմի կարևորն էն է, որ երեխեքը, ջահելները, դուք լավ էղնիք: Խաղաղ տարի էղնի, որ ապրեն ջահելները, մեղք են: Գրանիցի բերանը, թուրքի դեմը կանգնած են, գազաններ են դրանք, բալա ջան: Տատը մեռնի ձեզ: Ես 104 տարի ապրել եմ, ուզում եմ, որ հիմի էլ դուք ապրեք»,- ասում է տատն ու օրհնում, օրհնում, օրհնում: Ու այդպես մինչև բակ:

Մեկնաբանություններ (1)

Hayk
Կարսեցիք գաղթել են 1918-20 թվերին: Այս պատմություններին պետք է մոտենալ որպես պատմական փաստաթողթերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter