HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյանի գործով դատախազն ու տուժողները խնդրում են ավելի խիստ պատիժ

Այսօր Վերքննիչ դատարանում լսվեցին Վարդան Պետրոսյանի գործով երկու բողոքները, որոնք ներկայացրեցին դատախազ Արթուր Սարգսյանն ու տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը: Բողոքների դեմ առարկեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Սակայն Վարդան Պետրոսյանը հնարավորություն չունեցավ իր կարծիքը հայտնել բողոքների վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը Ռուբեն Բալոյանի միջնորդությունը բավարարելով՝ հետաձգեց նիստը մինչև մայիսի 5-ը:

Հիշեցնենք, որ դատախազն ու տուժողները համաձայն չեն հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի կայացրած դատավճռին, որով Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր  5 տարվա ազատազրկման: Նրանք գտնում են, որ պատիժը պետք է ավելի խիստ լինի:

Դատախազը, բողոք բերելով Վերաքննիչ դատարան, միջնորդել է պատժաչափի մասով բեկանել դատավճիռը՝ սահմանելով քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված խիստ պատիժ՝ չհստակեցնելով պատժաժամկետը: Հիշյալ հոդվածի դրույթը նախատեսում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով:Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդել է բեկանել դատավճիռը՝ պատժի մասով և Պետրոսյանին դատապարտել նվազագույնը 6 տարի ժամկետով: Բացի այդ, Պետրոսյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, ոչ թե 2, ինչպես սահմանել է առաջին ատյանի դատարանը և բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:

«Գտնում ենք, որ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի չափն արդարացի չէ, քանի որ չի բխում պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներից, չի ապահովում պատժի նպատակները, ուստի դատավճիռը պատժի մասով պետք է բեկանվի և ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակվի իր արարքին համարժեք, ավելի խիստ պատիժ: Գտնում ենք, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատիժը ևս համահունչ չէ վերջինիս կատարած արարքին և առաջ եկած հետևանքներին, այն է՝ 2 մահ, 4 տուժող, ուստի և լրացուցիչ պատժի մասով ևս դատավճիռը ենթակա է փոփոխման»,- նշված է Ռուբեն Բալոյանի ներկայացրած բողոքում:

Թե՛ մեղադրող դատախազը, թե՛ տուժողների ներկայացուցիչը իրենց բողոքներում մեջբերել են այլ դատական ակտեր, երբ դատարանները նշանակել են ավելի խիստ պատիժներ:

Իսկ երբ խոսքը գնաց քաղաքացիական հայցը առանց քննության թողնելու՝ առաջին ատյանի դիրքորոշման ու Վարդան Պետրոսյանի հարազատների կողմից տուժողներին 20.000 ԱՄՆ դոլար տրմադրելու մասին, Արթուր Հակոբյանը վրդովվեց. «Էս համբալներն ասում են՝ օգնություն են տվել... ես պատրաստ եմ իրանք իրանց երեխեքին սպանեն, 50 հազար դոլար տամ»,- ասաց Արթուր Հակոբյանը:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը իր պատասխանում առարկեց բողոքների դեմ՝ նշելով, որ դրանք ենթակա են մերժման: Բացի այդ, փաստաբանը նկատեց, որ դատախազի մեջբերած դատական ակտերը որևէ աղերս չունեն լսվող գործի հետ: Մեջբերված գործերից մեկը վերաբերում է քաղաքացի Էդմոն Ասատրյանին, ով դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիներով: Սակայն Վարդան Պետրոսյանը դատապարտվել է 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Բացի այդ, թե՛ դատախազի, թե՛ Ռուբեն Բալոյանի կողմից մեջբերվել է Գարուշ Մադաթյանի վերաբերյալ դատական ակտը, որը, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի վկայակոչմամբ, ոչ թե վթարի, այլ իշխանության ներկայացուցչին նկատմամբ կատարված հանցագործության հատկանիշներով քննված գործ է: «Այս գործերը որևէ կապ չունեն և չեն կարող ունենալ Վարդան Պետրոսյանի գործի հետ»,-պատասխանում նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը նաև նշեց, որ Վարդան Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում,  քանի որ մեղադրանքը հիմնված է հորինված փաստերի վրա:

Իսկ երբ Նիկոլայ Բաղդասարյանն անդրադարձավ տուժողներին Վարդան Պետրոսյանի հարազատների կողմից տրված 20.000 ԱՄՆ դոլարին՝ պնդելով, որ Բալոյանի ներկայացրած բողոքը այդ մասով ևս ենթակա է մերժման, տուժողներ Արթուր Հակոբյանն ու Նաիրա Հայրապետյանը դարձյալ ընդվզեցին: Նաիրա Հայրապետյանը դատարանին ներկայացրեց ձայնասկավառակ՝ նշելով, որ իրենց ու Վարդան Պետրոսյանի հարազատների հանդիպման ձայնագրությունն է, երբ վերջինները տուժողներին են տարել 20.000 դոլարը:

Փաստաբանը նշեց, որ ԱՊՊԱ-ի միջոցով տուժողները կարող են ստանալ իրենց հասանելիք գումարները, որը յուրաքանչյուր տուժողի համար նախատեսում է ոչ ավելի, քան 3 մլն 300.000 դրամ: Պաշտպանական կողմը գտնում է, որ տուժող կողմը չունի ապացույց, թե որքան գումար է կազմելու տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման գումարը:

«Երկու էրեխու գլուխը կերավ, չէին էլ ուզում գերեզման սարքեին: Մի քիչ քեզ մարդավարի պահի»,- դիմելով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին ասաց տուժող Արթուր Հակոբյանը:

«Խնդրում եմ սանկցիա կիրառեք, վիրավորում են տուժողները»,- միջնորդեց Նիկոլայ Բաղդասարյանը:

«Հարգելի տուժողներ, հաշվի առնելով Ձեր կարգավիճակը՝ առայժմ սանկցիա չի կիրառվում, հորդորում եմ չխանգարել դատական նիստը»,- ասաց նախագահող դատավորը:

Ռուբեն Բալոյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ այլ նիստի պետք է մասնակցի մարզում: Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ այն հետաձգելով մինչև մայիսի 5-ը:

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter